Փետրվարի 11-ին՝ քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի ծննդյան օրը, Երևանի Դ. Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցի գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ հերոսի հիշատակը հավերժացնող սենյակի բացման արարողությունը:
Oragir.News-ի հետ զրույցում Ալեն Մարգարյանի մայրը՝ «Ալեն Մարգարյան» ՀԿ-ի նախագահ Նազելի Տերտերյանը, ասաց, որ շատ հուզառատ և լեցուն օր են ունեցել.
«Օրն այնքան լեցուն էր, այնքան հուզառատ, այնքան բովանդակալից, այնքան լիքը ալենյան շնչով»:

Անդրադառնալով որդու հիշատակը հավերժացնող դասասենյակի վերաբերյալ իր զգացողություններին՝ տիկին Նազելին նշեց.
«Շատ-շատ սիրուն դասասենյակ է: Աշխարհի չափ հյուրեր. տեղ ու դադար չկար: Ես հասկացա, թե ալենասերների ինչ հոծ բազմություն կա թիկունքիս, որոնց բոլորին ուղեկցում է Ալենի լույսն ու գաղափարախոսությունը»:

Որդեկորույս մոր խոսքով՝ պետք է ապրեցնել հերոսին.
«Մենք պիտի ապրեցնենք հերոսին. մենք՝ ընտանիքը, ընկերները, ուսանողները, ուսուցիչները, դասախոսները և ալենասերները: Նա կապրի, քանի բոլորս համատեղ ուժերով մեր հնարավորության սահմաններում կգովերգենք ու կփառաբանենք այս լուսապսակ տղային, որն այդքան անձնուրաց էր, այդքան իր անձը հազարերորդական տեղում դասող էր, այնքան ինքնամոռաց էր, երբ գիտակցում էր, որ պետք էր դիմացինին, կողքինին, որն էլ դարձավ իմ դժբախտության պատճառը»:

Հավելենք, որ 2005-2013 թվականներին Ալեն Մարգարյանը սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 հիմնական դպրոցում, որն էլ ավարտել է գերազանցությամբ: Հասցրել է գրել մանկական պատմվածքներ, հեքիաթներ, որոնք ներկայացված են բեմադրման Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում: 2020 թվականին՝ ավարտելով բակալավրիատը Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը՝ ընդունվել է Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով, սակայն չօգտագործելով տարկետման հնարավորությունը՝ զորակոչվել է բանակ ամռան զորակոչով: Մատաղիսում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, ԱԹՍ-ի հարվածքից զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս: 2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։




