Ներքին 2 տարի առաջ - 14:40 13-02-2024

Ադրբեջանական թիրախում առայժմ Տավուշի և Սյունիքի ուղղություններն են

Փետրվարի 12-ին սահմանապահի վիրավորման առիթով ադրբեջանական իշխանությունները ծրագրել են «Հատուցում» ռազմական օպերացիան, որի հետևանքով հայկական կողմը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ունի զոհեր և վիրավորներ։

Դիտարկենք վերջին շաբաթվա իրադարձությունները։ Ակնհայտ է, որ «արտահերթ ընտրությունների» միջոցով վերարտադրելով իր իշխանությունը և անմիջապես քվեարկությունից հետո շնորհավորանքներ ստանալով մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներից՝ Ալիևը նոր «վստահություն» զգաց վարած ահաբեկչական քաղաքականության նկատմամբ և անցավ գործի։

Փետրվարի 8-10-ին ադրբեջանական մամուլը հեղեղվեց «կոմանդոսների» լեռնային հատվածներում գրոհային վարժանքների մասին նյութերով։ Այնուհետև Ադրբեջանում ռուսական դեսպանը մեղադրեց Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցքը տալու մասին պայմանավորվածությունները չկատարելու մեջ»։ Հանուն ճշմարտության ասենք, որ Միխայիլ Եվդոկիմովը չարտաբերեց «Զանգեզուր» տեղանունը, սակայն «միջանցք» բառը քանիցս կրկնելով՝ հայտնեց իր երկրի համաձայնությունը Ալիևյան խոսույթին։ Այնուհետև, ադրբեջանցիները կշտամբեցին ԵՄ դեսպանին՝ «ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին հակասող գործունեության» համար։

Իրադարձությունները զարգացան բազմիցս փորձարկված հունով․ տեղեկատվական գրոհները հաջորդեցին մեկը մյուսին։ Փետրվարի 12-ին հաղորդվեց, որ «Զանգելանի հատվածում հայ դիպուկահարի կրակոցից վիրավորում է ստացել ադրբեջանական սահմանապահ Փյարվիզ Խալիլզադեն»։ Միաժամանակ հրապարակվեց նաև անհասկանալի տեսանյութ, որը, սակայն, ակնառու ցույց տվեց, որ ադրբեջանցիները կարող են հետախուզական միջոցներ (տվյալ դեպքում ԱԹՍ) կիրառել ՀՀ ԶՈւ թիկունքում։

Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ հաղորդեց, որ ադրբեջանական ուժերի ինտենսիվ հրաձգության հետևանքով հայկական ԶՈւ ունի վիրավորներ։ Քիչ անց ճշգրտվեց՝ «նախնական տեղեկություններով՝ կա 2 զոհ և վիրավորներ»։ Է՛լ ավելի ուշ հայտնվեց, որ զոհերը «Երկրապահ» շարժման անդամներ են։ Սա առիթ դարձավ, որ ադրբեջանական մամուլը հայտարարի՝ «Հայաստանը սահմանին տեղակայում է ահաբեկիչներ «Երկրապահ»-ից։ Դրա հետ մեկտեղ՝ մամուլում սկսեցին տեղեկություններ տարածվել, որ հայկական զինուժի զոհերի թիվը հասնում է 3-ի, վիրավորները երկուսն են։

Նշենք, որ հունվարի 10-ին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ չեն պատրաստվում հեռանալ արդեն իսկ զբաղեցրած դիրքերից։ Ըստ այդմ, ինչպես ֆեյսբուքյան գրառմամբ նշում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։
Փետրվարի 13-ի առավոտյան ադրբեջանական ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որ նախօրեին հայկական զինուժը կրակ է բացել Թովուզի շրջանի հենակետերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքեց այդ հաղորդագրությունը, սակայն «ձևավորված ավանդույթի» համաձայն՝ այդ հերքումները մերկապարանոց են և «հանուն հերքման» բնույթի։

Փաստենք, որ ադրբեջանական տեղեկատվական համակարգը նպատակային «թեժացնում» է հայ-ադրբեջանական սահմանի առնվազն երկու հատվածի՝ Տավուշի և Սյունիքի վրա գրոհները՝ հող նախապատրաստելով ռազմական սադրանքների համար։
Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի