Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:12 12-02-2024

Մեզ Հայաստանում որպես բեռ են ընդունում․ ԼՂ-ից բռնի տեղահանված

Oragir.News-ին է դիմել արցախցի բռնի տեղահանվածներից մեկը՝ հայտնելով, որ թոշակառու է, համաձայն ՀՀ իշխանությունների ընդունած կարգի՝ պետք է հայաստանյան հաշվառման հասցե ունենա։ Դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել, գրանցվել։ Ոստիկանությունում իրեն տեղեկացրել են, որ որոշ ճշտումներ են կատարելու՝ հավաստիանալու ներկայիս ժամանակավոր կեցության հասցեի մասին։

«Ասացին, որ որևէ բարդություն կամ խնդիր չի առաջանա, ճշտումները ձևական բնույթ են կրելու՝ զուտ որպես օրենսդրությամբ նախատեսված պահանջի կատարում, ես էլ, ելնելով այդ հավաստիացումից, տան վարձատուին չեմ զգուշացրել։ Անձնագրային բաժին գնալուց մի քանի օր անց երեկոյան 2 ոստիկան եկան մեր վարձակալած տուն, ու գրեթե պահանջի տոնով ասացին, որ կապ հաստատեմ տանտիրոջ հետ։ Ես վիրավորվել ու անակնկալի էի եկել, քանի որ ոչ միայն չէի սպասում, որ պետք է տանտիրոջ հետ խոսեն, այլ նաև ինձ զգում էի ուրիշի տունը զավթածի դերում։ Ինչևէ, զանգահարեցի և հեռախոսը փոխանցեցի ոստիկաններին, որոնք շատ կոպիտ տոնով հարց ուղղեցին տանտիրոջը՝ «Դուք համաձա՞յն եք, որ Ձեր տանը հաշվառվի տվյալ մարդը»։

Բարեբախտաբար, նրանց զրուցակիցն առարկոող պատասխան չտվեց։ Դրանից հետո ոստիկանները համարեցին, որ իրենց առաքելությունը կատարել են և լքեցին տունը։ Այսինքն՝ ճշտումներն իսկապես ձևական էին, սակայն «ճշտողների» անքաղաքավարի և երկիմաստ պահվածքի պատճառով ես նրանց գնալուց հետո ստիպված խոսեցի տանտիրոջ հետ՝ բացատրելով նրան, որ տվյալ դեպքում իմ կողմից որևէ գույքային իրավունք այդ տան նկատմամբ չի կարող լինել»,-վրդովված պատմում է արցախցին։

«Տան վարձերը բոլորովին էլ մատչելի չեն, շուտով նաև կավարտվի կառավարության աջակցության ժամկետը․ ես Արցախում ստանում էի թոշակ, որը մեծ չէր, սակայն Հայաստանում վերահաշվարկ են կատարել ու այդ քչից էլ կրճատել։ Ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում ապրել, երբ որևէ դրական քայլ չի կատարվում։ Մարդկանց նախորդ տարվա սեպտեմբերի աշխատավարձի 70%-ն են միայն վճարել․ ո՛չ վերջնահաշվարկ են տվել, ո՛չ արձակման նպաստ, ո՛չ կուտակայինի փողերը կան, ո՛չ տներով ապահովելու ծրագիր են ընդունում․․․ Խոսում են, որ դա Արցախի կառավարության պարտավորությունն է, ու միաժամանակ ասում՝ Արցախի պետությունը լուծարված է։ Մարդ չկա, որ ինչ-որ իրավասություն ունենա, ում դիմում ես՝ ոչ ոք հարցերիդ չի պատասխանում։ Նման վիճակ են ստեղծել, որ Հայաստանում էլ չմնանք, որովհետև մեզ որպես բեռ են ընդունում, ուզում են մեզնից ազատվել»,-եզրափակում է տեղահանվածը։

Տիգրան Աթանեսյան