ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է՝ վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար։ Կոնգրեսականը նշել է, որ նախորդ տարի Արցախի վրա հարձակվելու հրաման տալով՝ Ալիևը խախտել է միջազգային իրավունքը, և նա մինչ օրս լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120.000 հայերի վտարմանը իրենց պատմական հայրենիքից։
Կոնգրեսականը միևնույն ժամանակ ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Այն կդադարեցնի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետագա ողջ օգնությունն Ադրբեջանին և ապացույցներ կպահանջի, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում:
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այդ ուղղությամբ երկար, տևական ու քրտնաջան աշխատանք է իրականացնում՝ համագործակցելով տարբեր սենատորների, այդ թվում Ֆրենկ Փալոնի հետ։ Նա ընդգծեց՝ խնդիրն այստեղ շահերի բախումն է և չի կարող ակնկալել, որ որևէ այլ պետության ներկայացուցիչ ավելի շահագրգռված կլինի Ալիևին ու նրա վարչախմբի անդամներին պատժելու գործում, քան Հայաստանի Հանրապետությունը։
«Քանի Հայաստանի Հանրապետության պաշոնական դիրքորոշումը ոչ թե Ալիևին պատժելու համար ցանկացած գործիքակազմ օգտագործելն է, այլ զիջումների գնալը, դա ամեն անգամ դրվելու է մեր միջազգային գործընկերների առաջ։ Ուստի չեմ կարծում եմ, որ նման պայմաններում մենք գործուն քայլեր կտեսնենք, իսկ եթե տեսնենք էլ, դա լինելու է իրենց շահերի համատեքստում»,- կարծում է նա։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, թե վերջին շրջանում Ադրբեջանին նախազգուշացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունն ինչպիսի արձագանք ունեցավ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրան արձագանքեց շատ կտրուկ, սպառնալիքների լեզվով, իսկ հետո ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ադրբեջանում այդ էջը թերթեցին։
«Հետևապես կարծում եմ՝ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեզնից ավելի շատ մեր շահերը պաշտպանելու հարցում որևէ մեկը չի կարող շահագրգռված լինել։ Այս ուղղությամբ, իհարկե՛ պետք է շարունակել գործել, հնարավոր բոլոր մեխանիզմները գործադրել, բայց Հայաստանի պետությունն է այն միակ համակարգն է, որն ունի ամենամեծ ռեսուրսները՝ հայկական շահերի համատեքտսում գործելու համար։ Իսկ հիմա մենք զրկված ենք այդ ամենամեծ ռեսուրսից, դրա համար էլ մնացել են միայն անհատական ջանքերը, որոնք, չեմ կարծում, որ կարող են մեծ արդյունքներ տալ»,- ասաց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է քայլերը շարունակել։
Հարցին, թե «Հայաստանի պաշտպանության ակտ» նախագիծը ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ մեր զրուցակիցը նշեց, որ կարևորում է Ադրբեջանին զսպելուն, որևէ կերպ չաջակցելուն ուղղված բոլոր ջանքերը՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և ամենուր։ Նրա խոսքով՝ նման քայլեր պարբերաբար տեսնում ենք՝ հիմնականում Հայ Դատի գրասենյակների միջոցով.
«Խնդիրն այն է, որ դրանք կարևոր են, եթե հասնեն վերջնակետին, այսինքն՝ և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններն ընդունեն այդ որոշումները, ապա իսկապես կարող են զսպող հանգամանք դառնալ, ինչպես Կանադայում եղավ, որտեղ արգելք սահմանվեց Թուրքիային որոշ պահեստամասեր վաճառելու հարցում։ Այս գործընթացները տարբեր փուլերից են բաղկացած, և փորձը ցույց է տալիս, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում դրանք որևէ փուլում կանգ են առնում՝ Ադրբեջանի հակազդեցության հետևանքով»։
Քրիստին Վարդանյանը հավելեց՝ այս նախագծերը շատ կարևոր են, Ադրբեջանին պետք է զրկել որևէ տեսակի միջազգային աջակցությունից, որովհետև վերջինս Արցախում էթնիկ զտում իրականացրած պետություն է։ «Խնդիրը հետևյալն է՝ որքանո՞վ են մեր ուժերն այստեղ բավարար՝ առանց հայկական պետության այժմյան ներկայացուցիչների ուղիղ աջակցության և վարվող պետական քաղաքականության դա իրակացնել, այստեղ է հարցը։ Այլապես նախագծերը բոլորն էլ կարևոր են, և կարող են էականորեն զսպող դեր ունենալ Ադրբեջանին զսպելու համատեքստում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան