Ներքին 2 տարի առաջ - 15:10 09-02-2024

Արցախցիները Գյումրիում չեն կարողանում աշխատանք գտնել

Շիրակի մարզում ապաստանած արցախցիների մեծ մասը դեռ չի կարողանում աշխատանք գտնել։ Գյումրիում բնակվող արցախցիներն ասում են, որ աշխատավարձը ցածր է, իսկ առաջարկվող տարբերակներն էլ շատ չեն։

«Մենք որ Գյումրի էինք գալիս, ասացին, որ այստեղ աշխատանք գտնելը դժվար է, աշխատավարձը ցածր է։ Մի քանի տեղ դիմել եմ... բանվորի աշխատանք են առաջարկել՝ օրը 3.000 դրամ, բայց ես ամիսը 180.000 դրամ պիտի տան վարձ տամ: Չորս երեխա ունեմ, ո՞նց 90.000-ով ապրես, վարձ տաս։ Ղարաբաղում, գիտեք, տղամարդկանց մեծ մասը չաստում է աշխատել, ասեմ՝ բավականին բարձր աշխատավարձ եմ ստացել, էստեղ 120.000-ի կարգի գումար են տալիս։

Ես չեմ ասում՝ նստեմ, պետությունը իմ ընտանիքը պահի։ Արդեն 4-5 ամիս է՝ էստեղ ենք, դիմում եմ ամեն տեղ... ասում են`անպայման հարմար տարբերակ լինի, կզանգենք, բայց էդպես էլ չեն զանգում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Կամո Մարտիրոսյանը։

Արցախից մեկ այլ բռնի տեղահանված Արմինե Բարսեղյանն ասում է, որ հացի փռում են աշխատանք առաջարկել, աշխատավարձը քանի որ ցածր է եղել, այս պահին դեռևս փնտրտուքների մեջ է։Արցախում սպասարկման ոլորտում է աշխատել։

«Ես գործից չեմ փախնում, դժվարությունից չեմ վախենում, մենակ թե աշխատավարձով կարողանամ երեխեքիս պահել։ Տան վարձը բարձր է, էստեղ դուք էլ գիտեք, որ ցուրտ ա, ես պտի վարձս տամ, կոմունալները վճարեմ։

Դպրոցական երեխեք ունեմ, ամեն ինչը ծախս ա, ամեն ինչը խնդիր ա, բայց էլի չենք դժգոհում, ով ինչպես կարողանում է, օգնում է, ձեռք է մեկնում»։

Գյումրիի դպրոցներում Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներ կան, Շիրակի մարզի գյուղերում աշխատող ուսուցիչներ ևս կան։

Արցախցի 41-ամյա Իննա Եսայանի ընտանիքը սեպտեմբերի 26-ին է հարկադրված հեռացել Արցախից, հիմա Գյումրիում են ապրում։ Ասում է` կարճաժամկետ հեռանկարում դեռ կմնան Գյումրիում, հատկապես որ այստեղ հիմա աշխատանք ունի։ Գյումրիի ակադեմիական վարժարանում ուսուցիչ է աշխատում։

Արցախցի Նոյեմի Գաբրիելյանն էլ Ոսկեհասկի դպրոցում է աշխատում, դասավանդելուն զուգահեռ արցախցի կինը տանը արցախյան բաղադրատոմսով թթուներ է պատրաստում, նոր է սկսել, բայց արդեն պատվերների պակաս չունի։ Ասում է՝ այսպես ավելի մոտ կլինի Արցախին։

Արցախցիներին առաջարկվող հաստիքները բազմազան են` բանվոր, հացթուխ, վաճառող, բայց միշտ չէ, որ գործատուն և աշխատողը կարողանում են ընդհանուր հայտարարի գալ։

Oragir.News-ին դիմում են նաև արցախցիներ, ովքեր արժանացել են որոշ գործատուների խտրական վերաբերմունքին։

Արցախից բռնի տեղահանված Անյուտա Գրիգորյանը երկար ժամանակ է աշխատանք փնտրում։ Ասում է` հայտարարությամբ գնում ես, հենց իմանում են, որ Արցախից ես, ասում են, որ արդեն ընդունել են։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի