ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով փաստաբանական գործունեությունը հանվում է շրջանառության հարկով հարկման ռեժիմի դաշտից և մտնում շահութահարկով (այդ թվում՝ ԱԱՀ) հարկման ռեժիմի դաշտ։
Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո փաստաբանները ստիպված կլինեն 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարել 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ԱԱՀ։
Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը համանման առաջարկ-նախագծով հանդես էր եկել մոտ 5 տարի առաջ, որը սակայն չէր ընդունվել։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ֆիդելիս» փաստաբանական և իրավախորհրդատվական կազմակերպության հիմնադիր, փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, վերջինս մանրամասն ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են առաջանալու նշված նախագծի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
«Այսօր փաստաբանները հիմնականում աշխատում են շրջանառության հարկի ռեժիմով, այն փաստաբանները և գրասենյակները, որոնք չեն գերազանցում շրջանառության հարկի հարկման շեմը՝ 118 միիոն դրամը։
Այս նախագծով առաջարկվում է անկախ շրջանառության ծավալներից փաստաբանները հարկվեն շահութահարկի ռեժիմով, այսինքն՝ 18 տոկոս շահույթից վճարեն, ինչպես նաև իրենց մատուցած ծառայությունների 20 տոկոս ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ։ Այսինքն՝ 5 տոկոս հարկի փոխարեն փաստաբանները ստիպված են լինելու վճարել ընդհանուր 38 տոկոս՝ շահութահարկ և ԱԱՀ միասին»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բերելու է նրան, որ քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունները թանկանալու են․
«Որքան էլ փաստաբանների աշխատանքն ունենա իրավապաշտպան բնույթ, այնուամենայնիվ փաստաբաններն էլ են մարդ և պետք է ապրեն։ Ըստ այդմ՝ իրենց գրասենյակի և այլ ծախսերը հաշվի առնելով ստիպված թանկացնելու են ծառայությունների արժեքը, որն ազդելու է քաղաքացիների վրա»։
Հարությունյանը մանրամասնում է, թե ինչու են փաստաբանական գործունեության համար նման հարկային բեռի ավելացնելը սխալ համարում․
«Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ամրագրված է Սահմանադրության 64-րդ հոդվածում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու իրավաբանական օգնություն։ Ըստ այդմ իրավաբանական օգնությունը իր բնույթով և բովանդակությամբ հավասարեցված է այնպիսի ծառայությունների, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, որոնք ի դեպ ազատված են ԱԱՀ-ի վճարումից։
Մենք գտնում ենք, որ ունենալով սահմանադրաիրավական բովանդակություն, փաստաբանական գործունեությունը նույնպես պետք է ազատված լինի ԱԱՀ-ից։ Սակայն պետությունն այդ ընկալումը չունի, պետությունը պատրաստվում է գնալ այս բեռի ավելացմանը, որն ի վերջո հանգեցնելու է քաղաքացիների վրա բեռի ավելացմանը»։
Վարազդատ Հարությունյանն ընդգծեց՝ մինչ այս փաստաբաններն աշխատելով շրջանառության հարկի ռեժիմով, հնարավորություն ունեին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել քաղաքացիներին, օրենքի ընդունումից հետո այն ևս կվերանա։
«Շատ հաճախ մենք անվճար ենք տրամադրում իրավաբանական օգնություն։ Օրինակ՝ նախորդ տարի գույքագրել էինք մեր աշխատանքները և պարզել, որ գործերի մոտ 30 տոկոսը անվճար ենք կատարել սոցիալապես խոցելի խմբերի համար, քաղաքական հալածյալների, քաղաքական պատճառներով հետապնդվողների և այլն։
Այս նոր կարգավորումներով դրա հնարավորությունը չենք ունենալու, որովհետև ԱԱՀ-ն ենթակա է վճարման։ Նույնիսկ, եթե որևէ մեկին անվճար իրավաբանական օգնություն տրամադրես, ապա պետք է քո գրպանից ԱԱՀ վճարես։
Արդյունքը լինելու է, որ ծանրաբեռնվելու է նաև Հանրային պաշտպանի գրասենյակը, որը ծառայություն է մատուցում անվճար հիմունքներով սոցիալապես խոցելի խմբերին, իսկ Հանրային պաշտպանի ֆինանսավորումը պետական բյուջեի հաշվին է։ Այսինքն՝ մեկ է պետական բյուջեի վրա դա ծանրանալու է, որովհետև Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների թվակազմը պետք է ավելացնեն, աշխատավարձերը պետք է բարձրացնեն և այլն»,- նշեց փաստաբանը։
Հարությունյանը շեշտում է՝ օրենքի նախագծում որևէ հիմնավորում չկա, թե ինչով պայմանավորված են փաստաբաններին մտցնում շահութահարկով հարկման ռեժիմի դաշտ․
«Երբ կարդում ենք օրենքի նախագծի հիմնավորումները, որևէ հիմնավորում գոյություն չունի, բացարձակ հիմնավորում չկա։ Ուստի սա մեկ նպատակ է հետապնդում՝ փող»։