Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 21:00 25-01-2024

Կրթության որակը չի բարձրանա, քանի որ լավագույն մասնագետները հեռացվում են

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նախօրեին «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվել։

Փոփոխությունների շրջանակներում նշվել է նախատեսվում է ունենալ ՄԿՈւ հաստատությունների մեկ տեսակ` «քոլեջ» տիպը: Բացի այդ, ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, որով փորձ է արվելու անցնել ուսանողի ֆինանսավորման մեկ ձևի` կրթաթոշակի:

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարգավորելու է միջնակարգ և մասնագիտական կրթության ոլորտը։ Նա նշեց, որ ՀՀ-ում կրթության տարբեր աստիճաններին՝ օրինակ հանրակրթությանը, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթությանը վերաբերող օրենքներն ընդունվել են շատ վաղուց և դրանցում պարբերաբար փոփոխություններ են իրականցվել՝ ներկայիս հասարակական հարաբերություններին համապասխանեցնելու համար։

Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ հասունացել է պահը, որ այդ բոլոր օրենքներն, ըստ էության, նորովի գրվեն։ «Սա որոշակի առավելություններ ունի, ինչը հնարավորություն է տալիս միջին մասնագիտական կրթությունը մի փոքր արդիականացնել․ խոսքը քոլեջների ու ուսումնարանների մասին է։ Հարց է, թե արդյոք այդ օրենքը կընդունվի՞, սա է հիմնական խութը, որն առայժմ ակնհայտ չի երևում, և ինչպե՞ս այն կգործարկվի»,- նշեց նա։

Կրթության փորձագետը նկատում է, որ դեռևս 7-8 տարի առաջվանից քննարկվում է բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքը, բայց այդպես էլ այն չի ընդունվել։ Նա նշեց, որ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն, ըստ էության, դոփում են տեղում և նույնիսկ հետ են գնում, քանի որ օրենքը կարգավորող հիմնական օրենքը չկա։

«Իմ մտավախությունն այն է, որ այս քննարկումները կարող են ոչնչի չհանգեցնել, և ոլորտը մնա այնպիսի աղետալի իրավիճակում, որում հիմա է գտնվում, երբ միջնակարգ մասնագիտական կրթության վարկանիշը շատ ցածր է, մեր երեխաները չեն ուզում այդպիսի կրթություն ստանալ, այն կտրված է արդյունաբերությունից, իսկ շուկայական հարաբերությունները հաշվի չեն առնվել»,- ասաց նա։

Հարցին, թե նախատեսվող նոր օրենքը կնպաստի՞ ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց, որ կարող է նպաստել։ Նրա խոսքով՝ օրենքի նախագծում կան դրույթներ, որոնք խոսում են որակի ու որակի հնարավորությունների մասին։

Փորձագետը միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց, որ նախքան այս օրենքի ընդունումը՝ չեն լինի այն մասնագետները, ովքեր պետք է համապատասխան որակ ապահովեն։ Նա նկատում է, որ մի կողմից կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը նոր օրենքի նախագիծ է մշակում, իսկ մյուս կողմից լավագույն մասնագետներին արհեստական խոչընդոտներով հեռացնում են համապատասխան բնագավառներից։

Մխիթարյանն այս համատեքստում նշեց ուսումնական հաստատությունների հավաստագրումը, ուսուցիչների ատեստավորման գործընթացը, որն, իր խոսքով, բնավ չի նպաստում, որ մասնագետները ոլորտում մնան։ «Կստացվի, որ մենք օրենքը կունենանք, բայց համապատասխան մարդիկ չենք ունենա, որ դա իրականացնեն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան