copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:32 23-01-2024

Չարենցավանի ՔՊ-ական ավագանին խոչընդոտում է համայնքում լավ ծրագրերի իրականացմանը

Չարենցավան համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Անահիտ Խեչոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․

«Օրեր առաջ անդրադարձել էի այս ծրագրին և հույս հայտնել, որ շուտով այն կյանքի կկոչվի։ Գրառումն անելուց հետո տարբեր մարդկանց հետ ունեցած քննարկումների արդյունքում եկա այն եզրահանգմանը, որ Չարենցավանի ՔՊ խմբակցությունը ամբողջ ուժով լծվել է այս ծրագիրը խափանելու գործին։
Տարբեր ոչ հիմնավոր պատճառաբանություններով նրանք փորձում են փակուղի տանել 3-րդ թաղամասի լողավազանը և հարակից կանաչ տարածքները բարեկարգելու առաջարկը։ Ավագանու թվով երկրորդ ուժը մեկ տարի շարունակ աշխատում է միայն անձնական (աշխատանքի ընդունվելու և հարազատներին աշխատանքի տեղավորելու, համայնքի բյուջեի հաշվին խմբակցության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու և այլն) հարցեր լուծելու ուղղությամբ։ 11 հոգուց բաղկացած խմբակցության աշխատանքը ոչ միայն դրական փոփոխություն չի բերում, այլև սպառնալիք է դառնում համայնքի զարգացմանը։
Ցավում եմ, որ մեծամասնություն կազմող Միասնական Համայնքը հանդուրժում է նման գործելաոճը»։





Անահիտ Խեչոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխող ՔՊ խմբակցությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հիմնադրամներից մեկի համար, որը ցանկանում է համայնքում բարեկարգման աշխատանքներ իրականացնել։



«Դիմել են ավագանուն «Չարենցավանի Վիլսոնյան բարեգործական հիմնադրամից», որպեսզի ավագանին հավանություն տա իրենց նախաձեռնությանը։ Առաջին նիստին եկան ներկայացուցիչներ։ Շատ հիմնավոր, սպառիչ մեկնաբանեցին, բոլորի հարցերը պատասխաններ ստացան, ու միաձայն կողմ քվեարկեցին այդ ծրագրին։ Հիմա արդեն այն փուլում ենք, որ ծրագիրը պիտի փաստաթղթավորվի, այսինքն՝ երկկողմանի պայմանագիր կնքվի համայնքի և հիմնադրամի միջև, որպեսզի հիմնադրամը կարողանա սկսել աշխատանքերը։ Պայմանագրի ֆինանսավորման հատվածը կախված է պայմանագրի պայմաններից․ իրենք հիմնականում նախատեսում են ֆինանսավորումն անել հանգականություններով, թեև ունեն նաև հիմնական ֆինանսավորողներ»։



Ավագանու ներկայացուցիչը, շարունակելով զրույցը, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն հենց այս գործընթացում է փորձում խոչընդոտներ ստեղծել նախաձեռնության համար․ «Այս պահին ամեն կերպ խնդիր է ներկայացնում «ՔՊ» խմբակցությունը, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ ծրագրի փաստաթղթավորման գործընթացին։ Անհեթեթ։ Այլ բառ չեմ գտնում իրենց պահվածքը գնահատելու համար։ Անտրամաբանական պահանջներ, հետևողականության բացակայություն։ Ասում են՝ մենք չենք վստահում։ Ես էլ ասում եմ, որ եթե չեք վստահում, ինչո՞ւ էիք սկզբում միաձայն կողմ քվեարկել այս ծրագրին։ Եթե ունեին ավելի լավ թեկնածու, թող ժամանակին նախաձեռնեին։ Եթե ավելի լավ գաղափար ունեն, թող այս փուլում՝ հիմա, առաջարկեն։ Քաղաքում շատ այլ անբարեկարգ վայրեր կան, որ շատ վատ վիճակում են գտնվում։ Թող դրանց մշակման ծրագիր ներկայացնեն, ասեն՝ սա էլ մենք ենք անում։ Շատ չեմ ուզում մանրանալ, բայց գիտելիքի բացակայության, իրավիճակին չտիրապետելու խնդիր եմ տեսնում»։



Խեչոյանը մտահոգություն հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի լավ նախագծերը կապված լինեն բացառապես նրանց հետ․ «Մեր խմբակցությունը 2 անձով է ներկայացված ավագանու կազմում, հետևաբար՝ մեծ ազդեցություն ունենալ չենք կարող։ Մեծ հաշվով՝ հենց «ՔՊ»-ն է դեմ․ այս մասին նաև գրառմանս մեջ եմ անդրադարձել։ Սա առաջին ծրագիրը չէ, որ խոչընդոտում են։ Փորձում են ամեն կերպ այնպես անել, որ մարդիկ հնարավորինս քիչ երևան, քիչ աչքի ընկնեն, որ լավ նախագծերը կապված լինեն բացառապես «ՔՊ»-ի հետ․ հավանաբար այսպիսի միտումներ էլ կան։ Դրդապատճառները վաղուց չեմ հասկանում և՛ իրենց, և՛ իրենց ղեկավարի։ Շատ դժվար է մեկնաբանել «ՔՊ»-ի տրամաբանությունը թե՛ հանրապետական, թե՛ համայնքային մակարդակներում»։

Ձեզ գուցե հետաքրքրի