Առաջարկածս նախագիծը այդպես էլ չբռնեց վիժվածքների ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան

Ներքին 1 տարի առաջ - 23:03 12-01-2024
Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել իր էջում, որում պատկերված էր թափառող կենդանիների հանդեպ հերթական դաժան դեպքը:

Անհայտ քաղաքացին, կարտոֆիլի պարկի մեջ տեղավորելով շանը, նրան թողել էր անհայտ վայրում՝ հավանաբար շանը հետդարձի ճանապարհը մոռացնելու նպատակով:

Ինչպես երևում է տեսագրությունից, շունը որևէ կերպ վնասված չէ. նրա վրա առկա չեն արյան հետքեր: Սակայն երկար ժամանակ մնալով փակված՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ պարկը բացելուց անմիջապես հետո շունը դուրս է թռչում պարկից և անհանգիստ սկսում քայլել անծանոթ տարածքում:

Իրողության շուրջ Oragir.News-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, Քրեական օրենսգրքում կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնող նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանի հետ, որն էլ նշեց, որ նման տեսանյութեր հաճախ է ստանում, սակայն վստահ է՝ եթե անգամ այդ սադիզմի հեղինակը գտնվի, չի պատժվելու.

«Սա զարհուրելի է:

Այսպիսի տեսանյութեր ինձ պարբերաբար ուղարկում են, որովհետև Քրեական օրենսգրքում կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնող նախագծի հեղինակը ես եմ:

Ես վստահ եմ՝ եթե անգամ այս սադիզմի հեղինակը գտնվի, նա չի պատժվելու, որովհետև ես երևի մի քանի տասնյակ անգամ նման՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերով, դիմել եմ ոստիկանություն, որտեղ էլ այնքան են ձգձգել գործը կա՛մ վաղեմության ժամկետով, կա՛մ փաստական տվյալներ չլինելու, կա՛մ ապացուցողական բազան թույլ լինելու պատճառով, որ որևէ գործ չեն հարուցել»:

Զոհրաբյանի խոսքով՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորողի և պոտենցիալ մարդասպանի միջև տարբերություն չկա:

«Այն մարդը, որ անօգնական կենդանուն գցել է պարկի մեջ և թողել է բաց տարածքում՝ սատկելու, նույն կերպ կարող է վարվել երեխայի հետ, և ես գույները չեմ խտացնում. ինքը գնացել է, իր երեխաներին գրկել ու քնել է»:

Զրույցի ընթացքում Զոհրաբյանն արձանագրեց, որ քիչ չեն թափառող կենդանիների կողմից մարդկանց վնասման դեպքերը, սակայն իր նախագիծը խնդրի կարգավորման հարցում որևէ խոչընդոտ չի ստեղծում:

«Իմ նախագիծը չի արգելում թափառող կենդանիներին վնասազերծել, բայց վնասազերծել ոչ թե գլուխը ջարդելով կամ այսպես սադիստաբար թողնելով կենդանուն, որ անօգնական մահանա:

Թե՛ քաղաքապետարանը, թե՛ համայնքապետարանները անհրաժեշտ գումարները ստանում են: Առավել ագրեսիվների, եթե հնարավոր չէ ստերջացման ճանապարհով ագրեսիվություն կոտրել, մարդասիրական ճանապարհով՝ քնեցման միջոցով, կյանքը ընդհատվում է, բայց դա չեն անում, փոխարենը կա՛մ դաժանաբար գնդակահարում են կենդանուն, ինչպես մենք բազմաթիվ անգամներ տեսանք Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Մասիսում, Վեդիում, կա՛մ այսպես դաժանաբար թողնում են կենդանուն անօգնական»:

Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ հասարակության վերաբերմունքը կենդանիների հանդեպ, բնականաբար, դաժան է, ինչն էլ օրական ծնում է նման տասնյակ դեպքեր.

«Ես բառ չունեմ ասելու:

Ինձ համար մի շատ հեղինակավոր անձ, որին հիմա չեմ մտաբերում, ասել էր, որ կենդանիների հանդեպ վերաբերմունքից է կախված, թե հասարակությունն ինչպիսինն է. ցավոք սրտի, մեր հասարակությունը դաժան է, մարդատյաց է, որովհետև եթե մարդը ընդունակ է այսպիսի զազրելի, սադիստաբարո արարքի, նա նույն կերպ կարող է երեխային գցել պարկի մեջ և թողնել մահանալու:

Չգիտեմ՝ ինչպես է հնարավոր այս խնդիրը կարգավորել, որովհետև իմ բոլոր ահազանգերը, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բոլոր անձանց, կազմակերպությունների ահազանգերը, ըստ էության, ոստիկանները թողնում են անպատասխան»:

Ամփոփելով զրույցը՝ նախկին պատգամավորն ասաց.

«Սա շատ երկար զրուցելու թեմա է: Մենք փոքրուց պիտի երեխայի մեջ կենդանու, փոքրի, անօգնականի, անպաշտպանի հանդեպ հոգածություն, ապրումակցում, կարեկցանք կարողանանք ձևավորել: Ցավոք սրտի, մեր հասարակությունը մեծանում է այսպիսին:

Ես դեպք գիտեմ Վաղարշյան փողոցում, ինչն էլ հենց ինձ դրդեց այդ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, երբ երկու անչափահաս՝ 13 և 14 տարեկան տղաներ, գտնում էին կատուներ, ողջ- ողջ նրանց մաշկը հանում էին և դնում էին փողոցի մեջտեղում:

Այդ տեսարանը տեսնելուց հետո ես՝ որպես պատգամավոր, այն ժամանակ հանդես եկա օրենսդրական այդ նախաձեռնությամբ, ինչն էլ, ցավոք սրտի, չբռնեց այդպես էլ նման վիժվածքների, սադիստների ձեռքը, որովհետև մեր հասարակությունը դրան պատրաստ չէ:

Մեր հասարակությունը չի ուզում, որպեսզի մենք ձևավորենք ապրումակցում կենդանիների հանդեպ, որովհետև մենք այսօր մեծամասամբ ունենք ուղղակի դաժան ու անտարբեր հասարակություն՝ մի փոքր սեգմենտը չհաշված»:

Կից ներկայացնում ենք տեսանյութը, որում երևում է, թե ինչպիսի դաժան վերաբերմունք է ցուցաբերվել կենդանու նկատմամբ։

Ամենից շատ դիտված