Ուղիղ եթեր
Իմանում են, որ արցախցի ես, վերջ, աշխատանքի տեղ էլ չկա քեզ համար. բռնի տեղահանված
copy image url

Իմանում են, որ արցախցի ես, վերջ, աշխատանքի տեղ էլ չկա քեզ համար. բռնի տեղահանված

Ներքին 1 տարի առաջ - 18:52 07-01-2024
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարբերաբար դիմում են Oragir.News-ին այն պատճառով, որ շատ գործատուներ իրենց հրաժարվում են աշխատանքի վերցնել զուտ այն պատճառով, որ արցախցի են։

49-ամյա Անյուտա Գրիգորյանը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է բռնի տեղահանվել, դստեր հետ բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Արցախցի կինը մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ Ինչպես տիկին Անյուտան է ասում` հիմա նույնիսկ հավաքարարի աշխատանք է իր համար անհասանելի։

«Այսօր հայտարարությամբ մի տեղ աշխատանքի գնացի, սկզբից ասացին` մնա, ամբողջ օրը աշխատիր, մինչև տնօրենը գա, կորոշի՝ ընդունի աշխատանքի թե ոչ։ Այնուհետև ինչ աշխատանք հանձնարարեցին, կատարեցի ու դեռ պիտի կատարեի, հանկարծակի աշխատողներից մեկը, ասաց՝ գնա տուն, երբ որ պետք լինի, կզանգենք։ Նույնիսկ տրանսպորտի գումար չունեի, որ տուն հասնեի։ Ես այդպես էլ չիմացա, թե ինչն էր պատճառը, որ կտրուկ ասացին՝ գնա տուն, այն դեպքում, երբ այդ աշխատավայրի տնօրենը դեռ չէր եկել։ Գոնե ասեին՝ տիկին ջան, ամանը կամ բաժակը լավ չես լվացել, կամ լեքսիկոնդ դուր չի գալիս մեզ, որ ես ինքս ինձ ներսից չկրծեի ու մտածեի՝ ինչու։ Լավ գիտեք, որ Մայիսյանից Գյումրի հասնելը, հետ գալը ծախսերի հետ է կապված, բացի այդ, հինգ ամիս է՝ ոչ մի աջակցությունից չենք օգտվում, վերջիվերջո, ես էլ փորձում եմ նորմալ աշխատանք գտնել, ընտանիքիս կարիքները հոգալ, բայց շատ բայցեր կան»,-ասում է արցախցի կինը։

Անյուտա Գրիգորյանն ասում է, որ մեկ անգամ չէ, որ նման խտրական վերաբերմունքի է արժանացել։ Դիմել է զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոն, որպեսզի մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնի, տվյալները ուսումնասիրել են, բայց չեն արձագանքել։ Դիմել է զարգացման կենտրոններ, բայց արցախցի կնոջը չեն պատասխանել։

«Ամառն էլ նման մի դեպք եղավ։ Զանգեցին, կանչեցին, հետո էլ, թե բա` տնօրենը տեղում չէ, հետո կզանգենք, մինչև օրս սպասում եմ իրենց զանգին։ Իմանում են, որ արցախցի ես, վերջ աշխատանքի տեղ էլ չկա քեզ համար»,-եզրափակում է Արցախից բռնի տեղահանված Անյուտա Գրիգորյանը։

Արցախցի կինը այս պահին հիմնական զբաղմունք չունի․ գարնանն ու ամռանը հող է մշակում, հավ ու նապաստակ էլ է պահում։ Բայց նպատակը՝ հիմնական աշխատանք ունենալն է։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor