Օրերս տեղի ունեցած՝ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը:
Oragir.News-ը զրուցել է գորիսցի ուսուցչի հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող ամենատարբեր հարցեր։
Սևադա Խոջաբաղյանը իր պատմությունն սկսեց ծնողներից․ «Իմ ծնողները մինչև ամուսնանալը մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին․ երկուսն էլ 1920-ի ծնունդ են։ Եկել են, երկուսն էլ աշխատել են տարբեր տեղեր, ի վերջո՝ հանդիպել են ամուսնացել, և ծնվել ենք մենք՝ տան չորս երեխաներս։ Քանի որ ծնողներս մանկավարժներ էին, ուզում էին, որ իրենց սերնդից գոնե մեկը շարունակի իրենց գործը։ Ես էի միջներից ոչ համառը, որ կրթվեցի Երևանի մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղի Մաթեմատիկայի բաժնում․ լավ դասախոսներ կային ակադեմիայից եկած։ Ընթացքում անընդհատ սովորում էի․ դիմել էի ուզում նաև Ավիացիոն ինստիտուտ, որովհետև իմ երազանքն է եղել կոնստրուկտոր դառնալը, բայց զանազան պատճառներով դա չստացվեց և շատ էլ լավ եղավ, որ չստացվեց, որովհետև ավելի լավ լուծում կար։ Ի վերջո, դարձա մանկավարժ, դաստիարակչական գծով տեղակալ, կազմակերպեցի դպրոցի երգչախումբը, վոկալ-գործիքային համույթը, մրցույթների գնացինք, մրցանակների արժանացանք։ Հայրս անընդհատ ասում էր, որ ժամանակն է լրջանալու, որովհետև ես մաթեմատիկայի բնագավառում պիտի առաջ ընթանայի։ Հետո եղավ ղարաբաղյան շարժումը, ես դարձա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ»։
Ուսուցիչը պատմում է, որ կյանքի ինչ-որ փուլում հասկացել է,որ ի վիճակի է մաթեմատիկայի ոչ ստադարտ խնդիրներ գրել և լուծումներ առաջարկել։
«Երբ պարապում եմ, փորձում եմ բոլոր աշակերտներին ներգրավել՝ անկախ նրանից՝ ճի՞շտ են, թե՞ սխալ։ Եթե որևէ մեկը մի դրական բան էլ է ասում, գնահատվում է, ստանում է «ապրես»․ իմ դպրոցում ես լավագույնին «ապրես» եմ գնահատում՝ ստորագրելով ու ամիս-ամսաթիվ նշելով։ Այս մեթոդով փորձում եմ ակտիվացնել բոլոր աշակերտներին»,- ասաց Խոջաբաղյանը։
Պատմում է՝ եղել են պահեր, երբ ստիպված է եղել թողնել դպրոցը․ «Եթե ուսուցիչը չի կարդում, չի զարգանում, ուսուցիչ չէ․ ես էլ անընդհատ սովորում եմ։ 2010-2011 թվականներին ես լուրջ պատճառներով գնացի Երևան․ ինձնից պահանջեցին, որ ես դպրոցից հեռանամ։ Տնօրենը խնդրեց, աղաչեց, որ դուրս գամ, այլապես ինձ աշխատանքից հանելու են, եթե ինքնակամ դուրս չգամ։ Այն ժամանակ մարդիկ կային, որոնց «ցար» էին ասում, աքսորում էին՝ ասելով, որ եթե իրենց չես ենթարկվում, իրենց պետք չես ու հեռացնում էին։ Այս «ցարը» հիմա ինչ-որ մի տեղ է․ եթե մահանա, բերեն, թաղման, դիակն էլ են դատելու, մի 100 տարի տալու են։ Հիմա չարժե տալ այդ մարդու անուն-ազգանունը։
Երևանում չկարողացա հարմարվել և մոտեցա տնօրենին ու ասացի, որ գնում եմ Գորիս։ Ինքն էլ ասաց՝ բա քեզ որևէ մեկը ընդունելո՞ւ է․ իրենք գիտեին իմ պատմությունը, և ասաց, որ պայքարելու է։ Բայց նույնիսկ իմ ընկերները վախենում էին ինձ հետ կանգնել, որպեսզի ես կարողանամ որևէ դպրոցում աշխատել, որովհետև անմիջապես հայտնում էին։ Երբ գործող մարզպետի տղան մարդ սպանեց, մի տարով մարզպետը փոխվեց։ Նոր մարզպետն ասաց՝ որտեղ կուզես, այնտեղ աշխատիր։ Ես էլ ասացի, որ գորիսեցիներից նեղացած եմ, որովհետև երկու տարի տանը նստել եմ, և ոչ մի դպրոցի տնօրեն ինձ չի ընդունել․ վախեցել են»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում կամավոր ատեստավորման գործընթացին, արդյոք այն գիտելիքների ստուգման լավագույն միջոցն է, ասաց․ «Ես կամավոր ատեստավորումը ընդունում եմ, բայց տարակարգն էլ եմ կարևորում։ Գորիսի համակարգչային կենտրոնում էլեկտրոնային բոլոր գրքերս կան․ աշակերտը, որ գալիս է իմ դպրոց ընդունելության, ես իրեն ուղարկում եմ այնտեղ, որ դասագիրքը տպեն, տան, իհարկե, գումարով։ Ես դրա հետ չեմ առնչվում, բայց կարևորը՝ երեխան ձեռքը գիրք ունենա»։
Սևադա Խոջաբաղյանը մեր հարցին ի պատասխան անդրադարձավ նաև Մաթեմատիկայի՝ Հանրակրթության նոր չափորոշչով կազմած դասագրքերին՝ բարձր գնահատելով դրանց հեղինակ Սմբատ Գոգյանին․ «Գոգյան Սմբատին ես շատ լավ գիտեմ, դա իր հեղինակած գիրքն է։ Ինքը Շիրակացի ճեմարանում բարձր դասարաններում այն աշակերտն է եղել, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում առաջին ոսկե մեդալ ինքն է բերել․ շատ խելացի տղա է։ Գրքի շուրջ իր մոտեցումը երկրորդական կողմն է։ Գրքի առումով՝ շատ չեմ խորացել, բայց լսել եմ Գոգյան Սմբատի խոսքը, ուղղակի ժամանակ չի եղել ուսումնասիրելու։ Ուղղակի ասեմ, որ ինչ էլ արել է՝ սխալ չի արել այդ տղան։ Ես համոզված եմ, որ Գոգյան Սմբատը շատ գրագետ և խելացի տղա է․ նա վատ դասագիրք չի կարող գրել»։
Ուսուցիչը շատ կարևորեց դպրոցում «Տրամաբանություն» առարկայի դերը և ափսոսանք հայտնեց, որ այդ առարկան այլևս չի ուսուցանվում․ «2000-2001 թվականներին հանրակրթական դպրոցներ մտած «Տրամաբանություն» առարկան դուրս բերվեց 2 տարի անց, որովհետև ուսուցիչներն ալարում էին մտածել ու լուծել խնդիրը։ Հիմա տեղը գիտե՞ք՝ ինչ են բերել, որ իբր տրամաբանություն զարգացնի․ ես ստիպված պետք է ասեմ՝ Շախմատը։
Շատ դպրոցներում ֆրանսերեն պարապող ուսուցիչը, որպեսզի ժամով ապահովվի, Շախմատ է դասավանդում, եթե մի տնօրենի աներ եղել է գյուղատնտեսության ինչ-որ աշխատող, հիմա թոշակավորվել է, բերել են Շախմատ պարապելու։ Կարո՞ղ է հանրակրթական դպրոցի սանն է դառնում աշխարհի չեմպիոն։ Ոչ։ Շախմատի դպրոցի սանն է դառնում չեմպիոն։ Այդքան գումարներ որ ծախսվում են, լրիվ ավելորդ է․ ես նախարարին ասելու եմ։ Բայց պիտի դեռ հանդիպենք, որ ասեմ։ Թող մտածողություն զարգացնեն Տրամաբանություն առարկայով։ Կներեք, որ քաղաքականացնում եմ հարցը, բայց Սերժ Սարգսյանը բերեց։ Ստացվում է՝ անձն է որոշում դպրոցում ինչ մտցնել։ Հիմա ո՞ւր է Լևոն Արոնյանը․ կարո՞ղ եք ասել։ Ստացվում է՝ Հայաստանը չկա, Սերժը չկա, Լևոն Արոնյանը չկա՝ թքած Հայաստանի վրա, բայց կարո՞ղ է մեր շախմատիստները վատ են հանդես գալիս։ Հիմա թող գնա, Արոնյանը մտածի։ Շախմատը պետք է հանել, ես էլ կասեմ՝ ինչ անի նախարարը, որտեղ ծախսի գումարները, որ երեխաները իսկապես տրամաբանություն զարգացնեն»։
Հարցին, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ պետություն ենք դառնում, նկատեց․ «Պետություն ենք դառնում, որովհետև մարդիկ անկեղծորեն հոգնել են սրան-նրան վասալ լինելուց, որովհետև մենք կարծում ենք, թե մեր փրկիչները Պուտինն է, Ռեգանն է։ Հիմա ուշադրություն են դարձնում, որ մարդիկ աշխատեն, լավերին խրախուսեն։ Զուտ այս գործընթացը հնարավորություն տվեց, որ մարդիկ ստեղծագործեն։ Ամեն մեկն իր ուղղությամբ սկսեց աշխատելը և գտնելն ու գնահատելը․ 3 տարի մարդկանց գնահատում են։ Եթե որևէ մեկը հանկարծ մտածում է՝ Խոջաբաղյան Սևադան ինչ-որ մեկին քծնում է, սխալվում է․ ես պայքարող եմ դեռ «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակներից։ Մեկ-մեկ ինձ ինչ-որ մարդիկ ասում են՝ Ձեր մասին այսպես են ասում․ ասում եմ՝ թող ասեն։ Այդ մարդկանց կասեմ, որ մեր Հայաստան երկրի համար մի բան անեն, նոր աշխատողներին քննադատեն։
Ես ասողներին զիբիլի տեղ չեմ դնում, որովհետև այդպիսի մարդիկ միշտ լինելու են։ Ես թքած ունեմ իրանց վրա»։