«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:
Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:
Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:
Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում