Մեզ Ամանոր պետք չէ, բայց մի զրկեք նաև գոյատևելուց. արցախցի բռնագաղթած
copy image url

Մեզ Ամանոր պետք չէ, բայց մի զրկեք նաև գոյատևելուց. արցախցի բռնագաղթած

Ներքին 1 տարի առաջ - 18:10 26-12-2023
Այսօր ՀՀ ԱԺ աշխատակազմից տեղեկացրին Oragir.News-ին, որ ԱԺ բոլոր օղակների աշխատակիցները դեկտեմբերին ստանալու են 13-րդ աշխատավարձ։ Պատգամավորները հնարավորություն են ունենալու մեկ ամսում ստանալ այնքան աշխատավարձ, որը հավասար կլինի կենսաթոշակառուի երկու տարվա թոշակին։

Ծանր է նաև Արցախից բռնի տեղահանված և սոցիալապես խոցելի մարդկանց վիճակը։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կեցությանն ուղղված գումարի չափը կազմում է 50 հազար դրամ, ինչին երանությամբ են սպասում։

Համենայնդեպս՝ մեզ դիմած քաղաքացիները նշում են, որ մոտ 450 արցախցի այս պահի դրությամբ նույնիսկ չի ստացել 100 հազար դրամ օժանդակությունը։ Իսկ դա նշանակում է, որ չեն կարող ստանալ նաև 50 հազարական դրամները։

Թե ինչպես կկարողանան մարդիկ այս ամիս վճարել իրենց կոմունալներն ու աստղաբաշխական թվերով տան վարձերը, իշխանություններին քիչ է հուզում։ Ինչպես ասում է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ «Մանդրից լուծելով գալիս են։ Չէ՞ որ՝ մինչև 2018 թվականը ՀՀ-ում թոշակների չափը 16 հազար էր, բայց մարդիկ չէին բողոքում»։

Արցախցի Գոհար Գրիգորյանը մեր հետ զրույցում ասում է, որ 3-րդ կարգի հաշմանդամ հայրը մինչև այսօր չի կարողացել ստանալ ոչ մի օժանդակություն։ Մեկ ամիս շարունակ փորձում է գրանցվել, ծրագիրը թույլ չի տալիս։

«Հոգնել եմ արդեն Սոցապ նախարարություն դիմելուց։ Նույն տեքստն, առանց փոփոխության ասում են ու անջատում, նույնիսկ չլսելով, թե ինչ ենք հարցնելու»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ որտեղ դիմում են ինչ-որ խնդրով, արժանանում են արհամահական վերաբերմունքի։

«Կառավարության նիստերին գեղեցիկ հաշվետվություն են տալիս, որ աջակցության ծրագրերը նորմալ ընթանում են։ Այնինչ մարդիկ արդեն 3 ամիս է նույնիսկ 100 հազար դրամ աջակցությունը չեն ստացել ու դրանից բխող մնացած 50 հազարական աջակցությունները: Բոլոր փաստերը հավաքելու եմ, մնացածներինն էլ հանրայնացնեմ, տեսնեմ՝ Սոցապ նախարարությունը, որ հաշվետվություն է տալիս, ի՞նչ տվյալների վրա է հիմնվում»,- ասում է Գոհար Գրիգորյանը:

Մեր զրուցակիցներից մեկն էլ՝ Հայկուհի Մկրտչյանը, ով ունի անբուժելի հիվանդությամբ տառապող բալիկ, ասում է, որ դիմել է ամեն տեղ, իրեն մերժում են՝ ասելով, որ ինքն ու որդին պատերազի ժամանակ եղել են ՀՀ-ում։

«Հունիսին մի կերպ երեխայիս Կարմիր խաչով բերել եմ ՀՀ, որտեղից ուղեգրել են Գերմանիա՝ երեխայիս լեզվի փոխպատվաստում կատարելու։ Հրաժարվել եմ և սեպտեմբերի 19-ին արդեն Գորիսից ճանապարհվում էինք, երբ պատերազմի լուր առանք։ Ամուսինս առաջնագծում էր, շրջափակման մեջ, հրաշքով հասել է մեզ, իսկ ինձ ասում են՝ «Դու եղել ես ՀՀ-ում»։ Հիմա ո՞նց չհարցնեմ ՔՊ-ական երեսփոխանին՝ «Աստված պահի քո բալեն, ո՞նց էր համը իմ ձագի»։

Որևէ մեկը պատկերացնու՞մ է իմ վիճակը, թե ինչպես եմ կարողանում երեխայիս կերակրել, դեղերը ձեռքբերել։ Աստված տեսնում է ամեն ինչ։ Հուսամ, մի օր ամենն իր հասանելիքը կստանան՝ որպես Ամանորյա նվեր։ Մենք Ամանորյա նվեր չենք ուզում, մեր երեխաները Նոր Տարի նշելու սիրտ չունեն, ինչպես և իրենց ծնողները։ Բայց գոյատևել պարտավոր ենք՝ հանուն մեր երեխաների։ Ուրեմն՝ մի զրկեք մեզ նաև գոյատևելուց»,- ասում է մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված