copy image url
Խոսք Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 18:00 25-12-2023

Քանի դեռ Արցախի ժողովուրդն իր հայրենիքում չէ, միջազգային ճանաչման հարց չի կարող լինել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը չեղաղարկել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին իր կողմից ստորագրված հրամանագիրը, որով 2024 թվականի հունվարի 1-ից ԱՀ-ն փաստացի դադարելու էր գոյություն ունենալ։ Որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետության բոլոր պետական հաստատությունները շարունակելու են իրենց գործունեությունը՝ հասարակական հիմունքներով։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր այս որոշմանը՝ կարևորելով, որ սրա արդյունքում Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործունեությունը։ «Ամենակարևորը ոչ թե ձևական մասն է, այլ՝ Արցախի պետական ինստիտուտների շարունակական ու գործնական աշխատանքը, հատկապես՝ արտաքին քաղաքական ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Իհարկե, նախընտրելի է, որ դա տեղի ունենա ՀՀ իշխանությունների աջակցությամբ, սակայն նույնիսկ առանց դրա էլ լուծումներ կարող են գտնվել»,- գրել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանն անդրադառնալով այս որոշման արդյունքում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու հնարավորություններին՝ նշեց, որ միջազգային ճանաչման հարց չի կարող լինել, քանի դեռ Արցախի ժողովուրդն իր հայրենքում չէ, իսկ ԱՀ-ն չի գործում իր տարածքում։ Նրա խոսքով՝ մնացածը ընթացիկ հարցեր են, այդ թվում Արցախի բնակչության իրավունքների ճանաչման պաշտպանության խնդիրները։

Բեգլարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ խոսքը վերաբերում է նաև արցախահայության հավաքական իրավունքներին՝ ինքնորոշման և այլն։ «Այս տեսանկյունից պետք է աշխատանք կատարել, և դա պետք է բոլորս կատարենք՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական մարմինները, հանրային գործիչները, սփյուռքյան կազմակերպությունները, և առհասարակ բոլոր նրանք, ովքեր հավատում են և կարևորում են, որ Արցախի ժողովուրդն այդ իրավունքներն ունենա։ Պետք է հետամուտ լինել այդ իրավունքների պաշտպանության ուղղությամբ, իսկ թե ինչպես, դա արդեն բավականին բարդ հարց է և կապված է մարտավարության հետ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ դրա համար կան անհրաժեշտ մեխանիզմներ, որոնց հիմնական մասին տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ճանաչված պետություն, միջազգային հարաբերությունների և իրավունքի լիիրավ սուբյեկտ։ Նա ասաց՝ ակնկալում է և հույս ունի, որ վաղ թե ուշ ՀՀ-ն այս մասով բավականին հետամուտ ու վճռական կլինի, որպեսզի և՛ միջազգային դատական ատյաններում, և՛ միջազգային քաղաքական հարթակներում հնարավոր լինի այս հարցերը բարձրացնել ու առաջ մղել։

Արտակ Բեգլարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշումը բացառապես տեղեկատվական և քաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ այս որոշումը Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքական կամքի վերաբերյալ դիրքորոշում կհղի միջազգային գործընկերներին, կամ դերակատարներին։

«Այլապես իրավական տեսանկյունից ոչ մի բան չի փոխվում, որովհետև միևնույնն է՝ սեպտեմբերի 28-ի հրամանագիրն իրավական առումով որևէ նշանակություն չունի, որովհետև ի սկզբանե իրավական հետևանքներ չէր կարող ունենալ։ Հետևաբար նույնիսկ եթե հրամանագիրը չչեղարկվի՝ նախագահի մեկ այլ հրամանագրով, կամ գերագույն դատարանի կողմից, միևնույնն է՝ հունվարի 1-ից հետո նույնպես Արցախի Հանրապետության պետական մարմինները շարունակելու են գործել»,- ընդգծեց նա։

Արցախի նախկին պետնախարարը հավելեց՝ ինչպես չեղարկման, այնպես էլ չչեղարկման դեպքում իր համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների ակտիվ և հետևողական աշխատանքը՝ այդ թվում հունվարի 1-ից հետո։ Նա կարծում է, որ առաջնահերթորեն այդ կառույցները պետք է հետամուտ լինեն արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցում։

Դավիթ Գույումջյան