Չնայած Արցախի Հանրապետության լիակատար հայաթափմանն ու բռնազավթմանը, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը, իսկ Մոսկվան էլ պնդում է, որ վերջիններս կատարում են իրենց գործառույթները։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին հայտարարեց, որ ռուսական զորախմբի առջև դրված է 2024 թվականին Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանման խնդիրը։ Այս հայտարարությունը բնակչության լայն շրջանակները զավեշտալի են համարում, քանի որ հարց է առաջանում, թե Արցախի լիակատար հայաթափումից հետո ում համար են խաղաղապահներն անվտանգություն ապահովելու։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը խստորեն քննադատեց ռուսական կողմի այս հայտարարությունը և նշեց. «Իրենք ձեռք են առնում մեզ, ձեռք են առնում իրենց և իրենց խաղաղապահությանը կամ խաղաղարարությանը։ Իրենք գերեզմանի պահապան են դարձել, ի՞նչն են պահպանելու այնտեղ»։
Քաղաքագետն ընդգծեց, որ ռուսական կողմը դատարկեց Արցախը, այն ամբողջությամբ վերածեցին անմարդաբնակ տարածքի, ըստ էության՝ գերեզմանի, և այժմ գերեզմանի գերեզմանապահն են։ Նրա խոսքով՝ ռուսները պետք է վերցնեն իրենց խաղաղապահներին և հեռանան տարածաշրջանից։
«Հարցն այն է, որ իրենք դեռևս այնտեղ մնալու ցանկություն ունեն, պարզապես քանի որ Ադրբեջանի հետ ոճրային գործարքի գնացին և դատարկեցին Արցախը, այժմ չգիտեն, թե ինչ պատրվակ հորինեն, որպեսզի իրենց «սապոգն» այնտեղ մնա։ Դրա համար տափակ-տափակ հայտարարություններ են անում, իրենք ոճրագործ են ու գերեզմանապահ»,- նկատեց նա։
Անդրադառնալով Արցախի լիակատար հայաթափումից հետո այնտեղ ռուս խաղաղապահների գործառույթներին՝ Սուքիասյանը նշեց, որ խաղաղապահների ֆունկցիան լինելու է ինչ-որ ճանապարհով այնտեղ իրենց ներկայությունը պահպանելը։ Քաղաքագետի համոզմամբ՝ Մոսկվայում հաշվարկել են, որ ՀՀ-ն կարծես թե ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա ռուսական զորքը Հայաստանից դուրս է գալու, ուստի հասկանում են որ շատ մեծ ոճիր են գործել և առաջիկայում տարածաշրջանը լքելու են։
«Դրա համար իրենց ի՞նչ է պետք. ամեն անգամ տարբեր ձևակերպումներ հորինել, որ նոյեմբերի 9-ի մեռելածին հայտարարությամբ, որն իրենք են չեղարկել, ինչ-որ ճանապարհով այս տարածաշրջանում մնան։ Իրենց նպատակը դա է, ո՛չ մենք ենք, ո՛չ խաղաղարությունն է։ Այս ոճրագործն ինչ-որ պահի սխալվել է, քանի որ հաշվարկել էր, որ մյուս գորիլայի՝ Ալիևի հետ, իր ոճրագործությունը կանի և՛ Հայաստանում կկարողանա հեղաշրջում իրականացնել, և՛ իշխանության բերել իր խամաճիկին, որն էլ ՀՀ-ն կմտացներ միութենական պետության կազմի մեջ, սակայն դա նրան չի հաջողվել անել, և այժմ ՌԴ-ն չքվում է տարածաշրջանից, դրա հետևանքով հայտնվել է ցայտնոտի մեջ և տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու տարբերակներ է փնտրում, ուրիշ ոչ մի բան»,- կարծում է նա։
Մեր հարցին, թե 2025 թվականին, երբ կլրանա խաղաղապահների գործունեության 5-ամյա ժամկետը, Ադրբեջանը թույլ կտա՞ այն երկարաձգել՝ քաղաքագետը պատասխանեց, որ Ադրբեջանն ինքնուրույն պետություն չէ և չի կարող թույլ տալ, կամ չտալ։ Նա կարծում է, որ հայությունն է Ալիևին դարձրել Բիսմարկ, կամ Նապոլեոն, ով կարող է ինքնուրույն գործունեություն ծավալել։
Սուքիասյանը շեշտում է, որ Ալիևը Ռուսաստանի կցորդն է, քանի որ առանց ՌԴ-ի չէր կարողանալու Արցախը Հայաստանից վերցնել։ Նա չբացառեց, որ 2025 թվականին խաղաղապահները կարող են ինքնուրույն հեռանալ այստեղից կամ որևէ կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանում և մի որոշ ժամանակ էլ մնալ, սակայն դա հետո պարզ կլինի.
«Այս պահին առկա աշխարհաքաղաքական իրողությունները խոսում են այն մասին, որ ռուս խաղաղապահները դուրս են գալու։ Սակայն կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ դա տեղի է ունենալու ոչ թե նրա համար, որ Ալիևն է այդպես պահանջում, ո՛չ, նրանից Տիգրան Մեծ մի սարքե՛ք, այլ աշխարհաղաքական պրոցեսները։ Թող այդ օրերը մոտենան, աշխարհաքաղաքական պրոցեսները կկուտակվեն, կհասկանանք՝ ինչ է լինելու»։
Հայկ Սուքիասյանը հավելեց՝ առկա միտումները ցույց են տալիս, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին դուրս են գալու տարածաշրջանից։
Դավիթ Գույումջյան