Ազգային ժողովը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին զրկել է հավատարմագրումից՝ պատճառաբանելով, թե լրագրողը գտնվել է ԱԺ «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»։
Լրագրող Քնար Մանուկյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ սկսվել է դեկտեմբերի 7-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
«Մենք տեսանյութ ենք հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը մեղադրանք հնչեցնում լրատվամիջոցի հասցեին, թե մենք գումար ենք վերցնում և ՔՊ-ի դեմ նյութեր ենք գրում։
Ես մոտեցել եմ Արթուր Հովհաննիսյանին, հորդորել եմ միասին գնալ ԱԱԾ կամ Գլխավոր դատախազություն, ես իր կողքը նստեմ, ինքը հաղորդում տա, և ըստ այդմ իրավապահները զբաղվեն, տեսնեն՝ մենք փող վերցնո՞ւմենք և ՔՊ-ի դեմ նյութեր գրում։ Ինքը հրաժարվել է գալ,որից հետո ես շարունակել եմ իրեն հարցեր տալ, մինչև ինքը հասել և մտել է ԱԺ նիստերի դահլիճ։ Դա լրագրողների համար նախատեսված վայր է, այնտեղ անվտանգության աշխատակիցները կանգնած են եղել, ոչ մեկ չի միջամտել՝ թույլ տալու համար, որ ես առաջ շարժվեմ կամ ոչ․․․»,- կատարվածը ներկայացրեց լրագրողը։
Լրատվամիջոցն այս տեսանյութի վրա աշխատել է 1 շաբաթ, որում կատարվածի վերաբերյալ կարծիք են հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը՝ դատապարտելով մամուլին լռեցնելու և թիրախավորելու՝ իշխանության քայլերը։
Տեսանյութը հրապարակվել է դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, որից 3 ժամ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։
«Նշվում է, որ լրագրողը սպառնալից հարցեր է ուղղել, հետապնդել է պատգամավորին։ Եթե ես այդքան վատ բան էի արել, ինչո՞ւ իրենք սպասեցին, որ մենք նյութը հրապարակեինք, նոր նման որոշում կայացնեին․ աբսուրդի ժանրից է։ Սա կոնկրետ մեր լրատվամիջոցի, իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լռեցնելու, զսպելու դրսևորում է։ Իրենց նպատակը նա է, որ լրագրողները գնան և իրենց ոչ ցանկալի հարցերը չտան, չի լինելու դա։ Ես գնալու եմ Ազգային ժողով և շարունակելու եմ իմ աշխատանքն իրականացնել։ Եթե կարծում են, որ հավատարմագրումից զրկելով ինձ կլռեցնեն, կամ թույլ չեն տա, որ ես խոսքի ազատության իրավունքները դրսևորեմ, ապա չարաչար սխալվում են»,- ասաց Քնար Մանուկյանը։
Լրագրողն ասում է, որ մինչ այս դեպքն ունեցել է 1 նախազգուշացում, երբ 2023 թվականի մայիսին ԱԺ-ում տեսանկարահանել է նիստերի դահլիճում վիճաբանությունը կանխելու նպատակով ԱԺ միջանցքից դահլիճ շտապող ՊՊԾ աշխատակիցների գործողությունները։
Այս անգամ լրագրողը կարծում է, որ պատճառներից մեկը եղել է ՔՊ-ական պատգամավորին ուղղված իր ոչ ցանկալի հարցը։
«Նշում են՝ լրագրողը պատգամավորին հարց է տվել՝ թմրանյութի ազդեցության տա՞կ եք։ Այո, ես լրագրող եմ և ես իրավունք ունեմ այդ հարցը տալու, որովհետև դրա բոլոր հիմքերն ունեմ։ Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել թմրանյութ օգտագործելու համար։ Տեսանյութում խոստովանում են, որ դա իրենց անձնական օգտագործման համար է, հետագայում՝ հեղափոխությունից հետո, երբ որ Ազգային ժողովում հանդիպել եմ Արթուր Հովհաննիսյանին, ես հարց եմ ուղղել՝ ինչո՞ւ բերման ենթարկվեցիք, արդյոք ի՞նքն էր անձամբ օգտագործողը, թե՞ ոչ, ի՞նչ թմրանյութ եք օգտագործել, ո՞նց գործը կարճվեց։ Հասարակ քաղաքացին նման դեպքում ամիսներով կալանքի տակ է մնում կամ տուգանքով է սահմանափակվում, այս դեպքում կարծես գործը ծածկադմփոց է արվել և կարճվել է․․․»։
Լրագրող Քնար Մանուկյանը նշեց, որ դիմելու են դատարան՝ Արթուր Հովհաննիսյանի՝ մեր լրատվամիջոցի հասցեին զրպարտիչ հայտարարություն, հայցն արդեն պատրաստվում է, առաջիկա օրերին մուտք կլինի դատարան
«Սա անպատիժ չի մնալու, բոլոր ատյաններով գնալու ենք։ Ինչ վերաբերում է հավատարմագրմանը, պաշտոնական հայտարարություն ենք տարածել, դիմելու ենք միջազգային բոլոր կառույցներին, քանի որ սա խոսքի ազատության դեմ խայտառակ դրսևորում է»։
Oragir.News-ը կապ հաստատեց Ազգային ժողով, որտեղից մեզ պատասխանեցին․
«Համապատասխան նախազգուշացման դիմումը և հավատարմագրումից զրկելու դիմումը ուղարկվել է լրատվամիջոցին և լրագրողին»։
Հարցին՝ արդյոք ԱԺ աշխատակազմը կվերանայի՞ իր այս որոշումը, մեզ պատասխանեցին․
«Վերանայելու հետ կապված որոշում այս պահին չկա»։