Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:30 13-12-2023

Փորձեցի լրացնել թոշակ ստանալու համար նախատեսած հարթակը, բայց ծրագիրը մերժեց․ արցախցի

Oragir.News-ը հերթական գրավոր դիմում- խնդրանքն է ստացել բռնի տեղահանված Արցախցուց՝ օգնել իրեն՝ վերականգնելու իր կորսված իրավունքները։

«Ես Արմինեն եմ, Արցախից բռնի տեղահանված։ Մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Երկար տարիներ սերունդ եմ ուսանել։ Տեղահանումից հետո պարզել եմ, որ ցավոք շատ «օրենքների» չեմ տիրապետում։ Ամուսինս 2016 թվականից ՀՀ քաղաքացի է, զինթոշակառու։ Թոշակ ստացել է Արցախի Մարտակերտի շրջանում, քանի որ ապրել ենք այնտեղ։ Արդեն ամիսներ շարունակ սպասում ենք այդ չարաբաստիկ օրենքի մեկնարկին։ Իսկ, երբ վերջապես եղավ մեկնարկը, մեր ուրախությունը տեղում մարեց։ Դեկտեմբերի 11-ին փորձեցի լրացնել թոշակ ստանալու համար նախատեսած հարթակը՝ մերժեց, քանի որ ամուսինս չի հանդիսանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ»,- ասում է Արմինե Հայրապետյանը։

Oragir.News-ը կապ է հաստատել Արմինի հետ՝ առավել մանրամասն հասկանալու բռնագաղթված մեր հայրենակցի խնդրի էությունը։
Պարզվում է ընտանիքի հայրն ունի ՀՀ քաղաքացիություն, բայց ողջ կյանքն ապրել է Արցախում, մի ողջ կյանք ծառայել հարենիքին, անցել թոշակի, որն այսօր ոչ մի կերպ չի կարողանում ստանալ։
Արմինեն օգտվելով Oragir.News-ի ընձեռած հնարավորությունից հարց է ուզում ուղղել և՛ ՀՀ կառավարությանը, և՛ սոցապնախարարությանը։

«Հոկտեմբերի 26-ի որոշմամբ, բոլոր այն անձիք, ովքեր տեղահանվել են ԱՀ-ից, անկախ քաղաքացիությունից, համարվում են փախստական։ Եթե այդպես է, ապա այդ հարթակը ինչու՞ չի ճանաչում վերոնշյալ անձի փախստական լինելը։ Եթե վերջապես ՀՀ քաղաքացի է, ապա մի՞թե չի կարելի մի այնպիսի որոշում կայացնել, ինչը վերջերս կայացրեցիք 40+10 ի համար, ովքեր սեպտեմբերի 19- ից ուշ կամ շուտ են տեղահանվել ԱՀ ից»:

Արմինեն իր իրավունքի շրջանակներում պահնջում է պատկան մարմիններից՝ լուծում տալ խնդրին։

«Իմ ընտանիքի հույսը այդ թոշակն է, քանի որ աշխատանք չունենք, բայց ամուսնուս անունով վարկ ունենք, ինչը դարձյալ որպես փախստական օժանդակության առումով չի մեղմվում։ Սպասենք մարտի 11-ն անցնի՞, ընդհանրապես զրկվե՞նք մեր 6 ամսվա թոշակից։ Ոնց հասկանում եմ Կառավարության միտումը դա է»,- համոզված է մեր զրուցակիցը, ում հավաստմամբ՝ դիմել է նաև ՊՆ համապատասխան բաժնին։

«ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ պատճառաբանելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է այդ հարցերով զբաղվում: Դիմել եմ նաև սոցապին, չեն պատասխանում,- ասում է Արմինե Հայրապետյանը՝ բոլորի ուշադրությունը սևեռելով այս խնդրի վրա, քանի որ իր կարծիքով՝ իրենց ընտանիքը միակը չէ, որ հայտնվել է այս իրավիճակում, սա համատարած խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում։

Ձեզ գուցե հետաքրքրի