Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 4 ամիս առաջ - 20:00 12-12-2023

Ինչպես կոնսենսուս ձևավորվեց Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու շուրջ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշի-Քարինտակ հատվածում ապօրինի կերպով փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը հանգեցրեց Արցախի բնակչության ավելի քան 9-ամսյա շրջափակմանը, իսկ ավելի ուշ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային, որի հետևանքով Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ հայաթափվեց և անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա «բնապահպան ակտիվիստների» կողմից Արցախի կյանքի ճանապարհն արգելափակելու երկրորդ փորձն էր. առաջինը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել էր երկու ուղղություններով վերականգնել ճանապարհի գործունեությունը։

Չնայած «ակտիվիստներն» իրենց խոսքով բողոքում էին Արցախի տարածքում գտնվող հանքերի՝ Դրմբոնի և Կաշենի «ապօրինի օգտահանման դեմ»՝ պահանջելով այնտեղ մոնիթորինգ իրականացնել, սակայն վերջիններիս պահանջներն ավելի հեռուն էին գնում։ Մասնավորապես ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների խաժամուժը, որը գործում էր Բաքվի իշխանությունների ֆինանսավորմամբ և թողտվությամբ, բացի հանքերում մոնիթորգ անցկացնելու թույլտվությունից, պահանջում էր պաշտոնանկ անել ավելի քան մեկ ամիս առաջ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանին՝ վերջինիս համարելով «ռուսական գործակալ», ինչպես նաև Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրում, քանի որ պնդում էր, որ ՀՀ-ն ապօրինի կերպով «զենք-զինամթերք է տեղափոխում Արցախ», ինչը բնականաբար ապատեղակատվություն էր և կրում էր բացառապես քարոզչական բնույթ։

Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին դիմադրել և տուրք չտալ ադրբեջանական կողմի պահանջներին, քանի որ գիտակցում էին, որ պահանջների կատարումից հետո էլ Ադրբեջանը չի բացելու կյանքի ճանապարհը և նոր պահանջներ է առաջ քաշելու։ Ասվածը վկայեց այն իրողությունը, որ 2023-ի փետրվարի 23-ին կատարվեց Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, սակայն միջանցքն այդպես էլ չբացվեց, և Բաքուն Ստեփանակերտից սկսեց պահանջել բանակցություններ վարել՝ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու օրակարգով։

Միջազգային հանրությունը Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում հանդես եկավ միայն կոչերով և այդպես էլ չձեռնարկեց այնպիսի գործնական քայլեր, որոնք Ալիևին կպարտադրեին ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ Արցախի շրջափակման թեմայով 2 անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նիստեր գումարվեցին՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին և 2023 թվականի օգոստոսի 15-ին, դրանցում բանաձևեր չընդունվեցին, և ԱԽ անդամների մեծամասնությունը միայն Ադրբեջանից պահանջում էր բացել միջանցքը, սակայն որքան անցնում էին ամիսները, Ալիևի ախորժակը մեծանում էր, քանի որ վերջինս տեսնում էր, որ որևէ պատժամիջոցի չի ենթարկվում՝ Արցախը շրջափակելու և 120 հազար մարդու սովի դատապարտելու համար։ Ավելին՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում կայացրեց, իսկ հուլիսի 8-ին վերահաստատեց իր որոշումը՝ պահանջելով բացել միջանցքը, սակայն Ադրբեջանն այս որոշումները նույնպես անտեսեց և շարունակեց իր գործելակերպը։

Ավելի ուշ՝ 2023-ի ապրիլի 23-ին, Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ապօրինի կերպով Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամրջի վրա, անցակետ տեղադրեց, որով սկսեց վերահսկել Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ ընթացող շարժերը։ Փաստենք, որ Բաքուն չբավարվեց անգամ անցկետի տեղադրմամբ, և այն քիչ թե շատ կանոնավոր կերպով գործեց մինչև հունիսի 15-ը, երբ ադրբեջանցի զինծառայողները փորձեցին սադրանք իրականացնել և դրոշ տեղակայել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որին հետևեց հայկական կողմի պատասխանը։ Այս սադրանքի համար Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին, և միջադեպը հետաքննելու պատճառաբանությամբ ապօրինի անցակետով ամբողջովին դադարեցրեց երթևեկությունն ու բեռների տեղափոխումը, որն ավելի ծանրացրեց Արցախում տիրող հումանիտար ծանր դրությունը։

Բերձորի միջանցքի արդեն ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանն առաջարկում էր հումանիտար բեռներ ընդունել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից՝ Բերձորի միջանցքի փոխարեն գործարկելով Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ, կամ Թարթառ-Մարտակերտ-Ստեփանակերտ ավոտճանապարհները։ Չնայած Ստեփանակերտը տևական ժամանակ հրաժարվում էր այս ճանապարհը գործարկելուց, քանի որ այն Ադրբեջանի ինտեգրացիոն օրակարգի մի մասն էր կազմում, այնուամենայնիվ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, համաձայնեց, որ Բերձոր-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ ավտոճանապարհները միառժամանակ գործարկվեն՝ Արցախում ստեղծված ծանր իրավիճակը մեղմելու համար։

Հայաստանի իշխանություններն իրենց հերթին դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո ձեռքերը լվացել էին Արցախից և սահմանափակվում էին բացառապես ֆինանսական աջակցություն տրամադրելով և հանրությանը ներկայացնելով, որ ՀՀ պատմության ողջ ընթացքում Արցախին ամենաշատ աջակցություն տրամադրած կառավարությունը հենց Նիկոլ Փաշինյանի կաբինետն է՝ «մոռանալով», որ հենց վերջինիս ստորագրությամբ է Արցախի երեք քառորդը հանձնվել թշնամուն։ Հայաստանի վարչապետն Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում ամեն հինգշաբթի կառավարության նիստը սկսելիս ներկայացնում էր Արցախում ստեղծված ծանր իրավիճակը և մեղադրանքի սլաքներն ուղղում դեպի ռուս խաղաղապահները՝ նշելով, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, վերջիններս պարտավոր են ապահովել Բերձորի միջանցքի անխափան գործունեությունը։

Ռուսական կողմը, որը բնականաբար իր պատասխանատվության բաժինն ուներ ստեղծված ծանր իրավիճակում, հակադարձում էր Նիկոլ Փաշինյանին, որ հենց վերջինս է Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությամբ ճանաչել Ադրբեջանի մաս, ինչից հետո խաղաղապահների գործառույթները փոխվել էին։ Իհարկե, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Փաշինյանի մեծագույն սխալն էր, որն ազատ արձակեց ագրեսոր Ալիևի ձեռքերը, որն էլ իր հերթին պնդեց, թե այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն է իրականացնում՝ իր տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումների դեմ», իսկ միջազգային հանրությունը, որևէ կերպ չդապարտեց այն, քանի որ ՀՀ վարչապետն անձամբ էր ճանաչել և ավելի ուշ վերահաստատել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերակայությունը։

Արցախի շուրջ օղակն էլ ավելի սեղմվեց 2023 թվականի օգոստոսի 31-ից հետո, երբ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, իսկ սեպտեմբերի 9-ին նոր նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։ Ադրբեջանն օգտագործեց Արցախում նոր նախագահի ընտրության փաստը՝ իր ագրեսիային լեգիտիմ հիմքեր հաղորդելու և Արցախի Հանրապետությունն ամբողջովին բռնազավթելու համար, որի շուրջ կարծես միջազգային կոնսենսուս էր ձևավորվել։

Իրականում Արցախի նախագահի ընտրությունը թշնամու համար պարզապես հարմար պատրվակ էր՝ Արցախի դեմ իր վերջնական ագրեսիան սանձազերծելու համար։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն է Արցախի հանձնման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն՝ հանրության շրջանում չքմեղանելու և սեփական մեղքի բաժնից ձերբազատվելու նպատակով, այնուամենայնիվ գիտակից քաղաքացիների համար միանշանակ է, որ Արցախի պետականության հիմքերին հասցված ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունն էր, իսկ հաջոդող տարիներին Հայաստանի և Արցախի իշխանությունների թույլ տված սխալները դրա հետևանքն էին և արագացրեցին այս կործանարար ընթացքը և հանգեցերին սեպտեմբերի 19-ին։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու շուրջ ձևավորվել էր միջազգային լայն կոնսենսուս, որն այլևս անհնար էր դարձնում Արցախի Հանրապետության հետագա պայքարն ու գոյությունը։ Այս մասին է վկայում ադրբեջանական ագրեսիայից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Ստամբուլում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև Արցախի հարցով կայացած գաղտնի հանդիպումը, որը կանաչ լույս վառեց Ադրբեջանի ագրեսիայի համար։

Ինչ վերաբերում է կոնսենսուսի ձևավորման պատճառներին, ապա դրանք պայմանավորված էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրողություններով։ Միջազգային անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններին գումարվեցին նաև Նիկոլ Փաշինյանի միմյանց հաջորդող սխալները և նշաձողը հետևողականորեն իջեցնելու քաղաքականությունը հանգեցրին նրան, որ միջազգային հանրությունը նույնպես Արցախի հարցը լուծված համարի և ամեն կերպ ձգտի ձերբազատվել այդ խնդրից։

Ցավոք, այս ամենի հանգումարում արժեզրկվեց հայ ժողովրդի ավելի քան 30-ամյա պայքարը, ինչպես նաև հազարվոր մարդկանց զոհողությունը, ովքեր իրենց կյանքն էին զոհաբերել՝ հանուն հայկական Արցախի գոյության։ Փաստացի, ինչպես Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր մի առիթով հայտարարել, նրանք զոհվել էին հանուն ոչնչի, և վերջին զարգացումները պարզապես իրականություն դարձրեցին այս ցավալի խոսքերը։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի