Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 շաբաթ առաջ - 21:00 09-05-2024

Սեր և գործընկերություն. Փաշինյան-Պուտին հանդիպումների պատմությունից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական միության հիմադրման 10-րդ տարեդարձին նվիրված գագաթաժողովին, հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցի համատեքստում ամենառանցքային զարգացումը Հայաստանում 44-օրյա պատերազմին հաջորդված ժամանակահատվածում ռուս սահամանապահների և զինծառայողների դուրսբերման գործընթացի մեկնարկն էր։

Մինչ Նիկոլ Փաշինյանի աջակիցները վերջինիցս փորձում են հակառուսական գործչի կերպար ստեղծել, իսկ որոշներն էլ հակառակում են համոզված, այս օրերին որոշ օգտատերեր պնդում են, թե պաշտոնավարման վեց տարիներին Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ ավելի քան 70 հանդիպում է ունեցել, իսկ ԱՄՆ երբեք չի մեկնել և այդ երկրի նախագահի հետ գեթ մեկ հանդիպում չի ունեցել։

Oragir.News-ը ուսումնասիրել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների հետ Հայաստանի վարչպետի ունեցած հանդիպումների քրոնիկոնը՝ պարզելու համար, թե տարածվող տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը․

Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ 2018-ին հանդիպել է 4 անգամ, 2019-ին՝ 2 անգամ, 2020-ին հանդիպումներ չեն եղել՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, 2021-ին՝ 4 անգամ, 2022-ին՝ 6 անգամ, իսկ նախորդ տարի՝ 2023-ին՝ 2 անգամ։ Նախօրեին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումն այս տարվա առաջին երկկողմ հանդիպումն էր։

Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը հանդիպել են նաև եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Եռակողմ ձևաչափով 2021-ին եղել է 2, իսկ 2022-2023 թվականներին մեկական հանդիպում։

Հետաքրքիր է նաև, թե նախորդ 6 տարիներին Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քանի հեռախոսազրույց են ունեցել։ 2018-ին այդ թիվը եղել է 5, 2019-ին՝ 6, 2020-ին՝ 12 (աճը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պայմաններում ուղիղ շփումների բացակայությամբ և 44-օրյա պատերազմի մեկնարկով), 2021-ին՝ 13, 2022-ին՝ 20, իսկ արդեն 2023-ին՝ 9։ Ընթացիկ 2024 թվականին Փաշինյանը և Պուտինը 1 հեռախոսազրույց են ունեցել՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հայաստանի վարչապետը ցավակեցել է ՌԴ նախագահին։

2018-2019 թվականներին Փաշինյան-Պուտին հանդիպումների և հեռախոսազրույցների հիմնական թեման հայ-ռուսական հարաբերությունները, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերն են եղել։ 2020-ի նախապատերազմական շրջանում Փաշինյան-Պուտին հեռախոսային բանակցություններն այնքան էլ հաճախակի չեն կայացել, իսկ արդեն պատերազմի մեկնարկից հետո դրանք շեշտակի աճել են։

Փաստացի հետպատերազմական երկու տարիներին՝ 2021-ին և 2022-ին, ավելացել են ՌԴ նախագահի հետ ինչպես հեռախոսազրույցները, այնպես էլ հանդիպումները։ Այս հեռախոսազրույցների ժամանակ հիմնականում քննարկվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պահպանումը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Արդեն 2023 թվականին, երբ Ադրբեջանի կողմից ապօրինաբար շրջափակվել էր Լաչինի միջանցքը, նվազել են և՛ հանդիպումները, և՛ հեռախոսազրույցները։ Այս շրջանում՝ նախքան Արցախի լիակատար բռնազավթումը, հեռախոսազրույցները հիմնականում վերաբերել են Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։

Արդեն Արցախի հայաթափումից հետո մինչև 2023-ի տարեվերջ Փաշինյանը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, և Փաշինյանը շնորհավորել է նրան։

Այսպիսով՝ չնայած վերջին շրջանում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազանգերի ու հանդիպումների քանակը զգալիորեն կրճատվել է, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահը շարունակում է մնալ այն օտարերկրյա առաջնորդը, որի հետ Հայաստանի վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ամենամեծ թվով շփումներն է ունեցել։

Միանշանակ չեն նաև այն պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 6 տարիներին ոչ մի անգամ չի մեկնել ԱՄՆ և չի հանդիպել ԱՄՆ նախագահներից որևէ մեկի հետ։

Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում 3 անգամ՝ 2018-ին, 2019-ին և 2022-ին մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթաական նստաշրջաններում, իսկ 2020-ին, 2021-ին ու 2023-ին մասնակցել է օնլայն ձևաչափով։ 2018-ին Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը, որի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։

Թրամփի հետ հանդիպումը թեև պաշտոնական չէր, սակայն այնումենայնիվ դա Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև կայացած հանդիպում էր։ Նման հանդիպումներ ԱՄՆ նախագահների հետ ունեցել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2017-ին Դոնալդ Թրամփի, իսկ 2015-ին Բարաք Օբամայի հետ։

Նշենք, որ Հայաստանի վարչապետն ավանդաբար հեռախոսազրույցներ է ունենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ԱՄՆ նախագահներից որևէ մեկի հետ հեռախոսազրույց չի ունեցել։

Ինչ վերաբերում է եվրոպական առաջնորդներին, ապա Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման ողջ ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ ունեցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա նախևառաջ պայմանավորված է հայ-ֆրանսիական հարաբերությունների բնույթով, որն այն եզակի օրինակներից է, երբ գործող իշխանությունների օրոք ոչ միայն հետընթաց չի արձանագրվել, այլև այդ հարաբերություններն ավելի են խորացել։