Երևան +30°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 19:00 26-03-2024

Կոնսենսուս չկա. ագրեսիայի հարցում միայն ՀՀ իշխանությունն է օժանդակում Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հարավային Կովկասումի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն։ Եվրոպացի պաշտոնյան, ով մշտապես աչքի է ընկնում իր պրոադրբեջանական մոտեցումներով, հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում ՀՀ-ի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- գրել է Տոյվո Կլաարը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ.

-Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչ սպառնալիքներ են հնչում ադրբեջանական լրատվամիջոցներում, և ի՞նչ լրջություն ունեն դրանք, որ մտահոգել են անգամ պրոադրբեջանական հայացքներ ունեցող եվրոպացի այս գործչին։

-Այս հայտարարությունը ոչ միայն Ադրբեջանին է ուղղված, այլ նաև Նիկոլ Փաշինյանին, ով առանց միջազգային ներգրավվածության, առանց որևէ քարտեզի ու սկզբունքի գնում է միակողմանի զիջումների ճանապարհով։

Իսկ Ադրբեջանի մասով ասեմ, որ այնտեղ խոսում են «Կոմանդո» հատուկջոկատայիններով այդ տարածքներ մտնելու, քաղաքացիական բնակչությանը վնասելու, նաև որոշ քաղաքացիների հանդեպ հետախուզում հայտարարելու մասին։ Դրանով նրանք փորձում են ահաբեկել քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ։

Հավելեմ, որ Ադրբեջանի պատգամավորները շատ հեգնական ու արհամարհական են խոսում նույն ԵՄ առաքելության մասին՝ դրանով իսկ ցույց տալով իրենց վերաբերմունքը նրանց հանդեպ։

-Ըստ Ձեզ՝ ներկայիս իրավիճակում ինչո՞ւ է Տոյվո Կլաարն անդրադառնում այդ հրապարակումներին։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի, և արևմուտքը՝ Կլաարի միջոցով, փորձում է կանխել դա։

-Ես կարծում եմ, որ սա արվում է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանն ի հակակշիռ, երբ վերջինս Արևմուտքին մեղադրեց հնարավոր էսկալացիայի մեջ։

Եթե նայեք տարբեր կենտրոններից հնչող հայտարարություններին, ապա կհամոզվեք, որ Ադրբեջանը չունի ռազմական ագրեսիայի գնալու հարցի շուրջ կոնսեսուս, կտեսնեք, որ միակ կողմը, որն Ադրբեջանին օժանդակում է այդ հարցում ՀՀ իշխանությունն է։ Փաշինյանի օգնությամբ Ալիևը շարունակ հասնում է իր նպատակների իրագործմանը՝ ուժի ու ուժի սպառնալիքի ներքո։

Վստահ եմ, որ նույն միջազգային հանրություն ասվածը չի հասկանում, թե ինչու ու ինչ նպատակով է Փաշինյանը առավոտից երեկո վախեցնում սեփական ժողովրդին պատերազմով։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։

-Քանի դեռ այս իշխանությունն է, Հայաստանը չի կարողանա կանխել պատերազմը, մեզ որակապես այլ իշխանություն է պետք, որտեղ կլինի քաղաքական կամք՝ դիմակայել Ադրբեջանին ու հասկանալ, որ դա անելու ճանապարհը բոլոր խաղաքարտերից հրաժարվելը չէ, այլ ճիշտ հակառակը։

Պետականամետ իշխանության պարագայում պետք է պայմանավորվել տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս բոլոր խաղացողների հետ, որոնց ձեռնտու չէ նոր էսկալացիան Հարավային Կովկասում, իսկ այդպիսի կողմերը բազմաթիվ են։ Պետք է հստակ ձևակերպել մեր պետական շահն ու առաջ գնալ այդ տրամաբանությամբ, հենց այդպես էլ կգտնվեն դաշնակիցներ, ոչ թե Բաքվի երազանքների ցուցակի կատարմամբ զբաղվել՝ դրանով իսկ սպանելով պայքարի ու դիմադրության ցանկացած փորձ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի