Երևան +18°
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:30 23-05-2023

Փաշինյանը, չունենալով Արցախի անունից բանակցելու մանդատ, բանակցում է Արցախը հանձնելու շուրջ

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում պատրաստվում էր իշխանության գալ և զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բազմիցս հայտարարում էր, որ երբեք ժողովրդի թիկունքի հետևում որևէ որոշում չի ընդունի, իսկ եթե բանակցությունների արդյունքում որևէ տարբերակ կլինի, որին ինքը հավանություն կտա, ապա միայն որևէ տարբերակով ժողովրդի հետ քննարկելուց հետո որոշում կկայացնի։ Ավելին, արդեն վարչապետի պաշտոնում 2018-2020 թթ. Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի հարցում ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Վերջինս միևնույն ժամանակ ակնկալում էր, որ նման հայտարարությամբ հանդես կգա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն վերջինս ոչ միայն նման հայտարարություն չարեց, այլ նաև լրջորեն նախապատրաստվեց ռազմական գործողությունների։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ չմնաց հազարավոր հպարտ քաղաքացիներին տված իր խոստմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը բոլորից՝ այդ թվում նաև իր թիմակիցներից թաքուն ստորագրեց հայտնի հայտարարությունը, որով Արցախից ավելի շատ տարածք հանձնեց թշնամու վերահսկողությանը, քան վերջինիս հաջողվել էր ուժի կիրառմամբ գրավել պատերազմի 44 օրերի ընթացքում։ Փաշինյանը, այս հայտարարությունն առանց ժողովրդի հետ քննարկելու, ստորագրելու որոշումը հիմնավորում էր ռազմի դաշտում ստեղծված ծայրահեղ անբարենպաստ իրավիճակով, ինչպես նաև զորքերի շրջափակման վտանգի առկայությամբ, որոնց թվաքանակի մասին հնչեցրեց մի քանի տվյալ, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդը գերազանցում էր նախորդին։

Սակայն եթե նոյեմբերի 9-ի պարագայում Հայաստանի վարչապետի ներկայացրած հիմնավորումները որոշակիորեն կարելի է ընդունել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամին գրավել էր Շուշին, և վտանգված էր արդեն Ստեփանակերտի գոյությունը, ապա նույնը չի կարելի է ասել պատերազմը ավելի վաղ դադարեցնելու առաջարկների մասին։ Մասնավորապես, պատերազմը հոկտեմբերի 19-20-ին դադարեցնելու ռուսական առաջարկի մասին հայ ժողովուրդը, ինչպես նաև պատերազմի օրերին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած մի շարք անձինք իմացան միայն պատերազմի ավարտից օրեր անց, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ իրեն հաջողվել էր պատերազմը դադարեցնելու, ինչպես նաև Շուշին հայկական վերահսկողության տակ թողնելու հարցում համոզել Ալիևին, սակայն վերջինիս պահանջով ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնային Շուշի, որտեղ տեղակայվելու էին ռուս խաղաղապահները։ Հարց է առաջանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այս առաջարկի մասին չի տեղեկացրել Հայաստանի քաղաքացիներին, և եթե վերջիններս էլ իմանային ռազմաճակատում տիրող իրական իրավիճակի մասին, ապա անվերապահորեն կհամաձայնեին պատերազմը դադարեցնելու առաջարկի հետ։ Այդ ժամանակ Ադրբեջանը հարավում գրավել էր Մեխակավանը (Ջաբրայիլ), Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութ քաղաքը, սակայն շրջանի մնացած հատվածը մնացել էր հայկական վերահսկողության տակ, ինչպես նաև հյուսիսում Թալիշ և Մատաղիս գյուղերը, իսկ մարտերն ընթանում էին Կովսական (Զանգելան) քաղաքի շրջակայքում։

Նախօրեին Փաշինյանի մամուլի ասուլիսը լի էր մի շարք սկանդալային հայտարարություններով։ Եթե մինչև այժմ Փաշինյանը խուսափում էր ուղիղ նշել, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս և սահմանափակվում էր միայն նշելով, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, ապա երեկ վերջինս բացահայտ հայտարարեց, որ Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաստացի Հայաստանի վարչապետը կատարեց Ադրբեջանի նախագահի այն պահանջը, որով վերջինս պահանջում էր հայտարարել, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։

Միևնույն ժամանակ հատկանշական է, թե ինչպես կարող է Փաշինյանը բանակցել Արցախի անունից և Արցախը հանձնելու շուրջ այն դեպքում, երբ վերջինս Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատ չունի։ Այս փաստի առկայությունն ընդունել է անգամ ինքը՝ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի բնակչությունը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին և չի ընտրել իրեն։ Այս հայտարարությունը ծիծաղ է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր հիշում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը և դրան նախորդած իրադարձությունները։

Բացի այդ՝ Փաշինյանը իրավական տեսանկյունից նույպես չի կարող այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա Արցախը հանձնել Ադրբեջանին, պետք է նախևառաջ Հայաստանի խորհրդարանը չեղարկի վերոհիշյալ որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի կուսակցությունը ունի մեծամասնություն, խորհրդարանում նման որոշման ընդունումը չի բացառվում։ Սակայն միևնույն ժամանակ նշենք, որ խորհրդարանի կողմից վերոհիշյալ որոշման չեղարկումից հետո, ստորագրվելիք հնարավոր խաղաղության պայմանագիրը պետք է վավերացվի նաև Հայաստանի սահմանադրական դատարանի կողմից, որի որոշումը նույնպես կարող է անկանխատեսելի լինել՝ հաշվի առնելով նախքան 44-օրյա պատերազմն իրականացված ՍԴ կազմի փոխոխությունը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանի վարչապետը, չունենալով Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատ, բանակցում է Արցախը հանձնելու շուրջ՝ փորձելով դրա պատասխանատվունը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից։ Ստեղծված իրավիճակում Փաշինյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ իրավական և քաղաքական տեսանկյունից խոսցելի է լինելու, սակայն Արցախի վերջնական հանձնումից հետո այս հանգամանքներն արդեն էական նշանակություն չեն ունենա, քանի որ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան կառերեսվենք հերթական կատաված փաստին։

Ձեզ գուցե հետաքրքրի