Երևան +12°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:10 09-12-2023

Շնչում եմ մեր երջանիկ օրերի հիշողություններով՝ հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք․ մի կորսված սիրո պատմություն

«Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 21-ամյա կին-աղջնակը՝ Անին, ով ընդամենը հինգ ամիս հասցրեց վայելել իր այդքան փափագած սերը։



«Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրը առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցերով՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` կարող է գալիս է, դրա համար է հարցնում։ Պատերազմը սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից»,-մտքերը մի կերպ ի մի է բերում Անին։



Անին ու Գոռը սովորում էին զուգահեռ դասարաններում։

«Այնքան համեստ էր, որ մինչև 9-րդ դասարան չէի ճանաչում նրան։ 9-րդ դասարանցիներին տարան հրաձգության, այնտեղ էլ ծանոթացանք, զգում էի, որ ինձ այլ կերպ է վերաբերվում, դասագրքերս ինքն էր բերում, ամեն օր դպրոցից տուն էր ճանապարհում, կողքի շենքի մոտ կանգնում ու նայում էր այնքան, մինչև բարձրանամ տուն։ Անգամ երբ փորձում էի դպրոցից շուտ դուրս գալ, որ չհանդիպեմ, դասարանի դիմաց կանգնած էր լինում»,- ասում է Անին, ում համար լուսավոր են իրենց սիրո պատմության բոլոր կետերը։



Ասում է, որ դեռևս շատ փոքր էին, երբ սկսեցին հանդիպել, բայց հասցրեցին անցնել շատ ու շատ փորձությունների միջով։

«44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Ուրախությունս չափ ու սահման չուներ, երբ պատերազմի ավարտից 2 ամիս հետո արձակուրդ եկավ, չէր ասել, որ գալու է, դուռը բացեցի, տեսա` իմ զինվորն է՝ լայն ժպիտով, կոկիկ հագնված, ծաղկեփունջը ձեռքին։ Հիմա ես եմ նրա համար ծաղիկներ տանում…»,- ասում է Անին։



Գոռ Ղուկասյանն աշխատում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ Անին ասում է, որ ամուսինը միշտ լավ ցուցանիշներ էր ցուցաբերում հրաձգության ժամանակ և հպարտորեն էր խոսում դրա մասին։ Ինքն էլ էր շատ հպարտանում, բայց և վախենում։ Վախենում էր կորցնել։ Ամուսացան շրջափակման օրերին։



«Ամուսնության օրն ականջիս շշուկով ասաց. «Դու իմ ամենամեծ նպատակն էիր, ես հասա իմ նպատակին ու էլ քեզ բաց չեմ թողնելու»»,- հիշում է Անին՝ հոգոց հանելով. կարծում է` շատ երջանիկ էին, երևի դրա համար էլ կիսատ մնաց․․․

Անին ու Գոռը քաղաքի ամենաերջանիկ զույգերից մեկն էին, ովքեր շատ նպատակներ ունեին, ուզում էին շրջագայել, սեփական մարզասրահն ունենալ, քանի որ երկուսն էլ շատ էին սիրում սպորտը։ Իսկ հիմա ․․․ հիմա Անին ապրում է Գոռի ծնողների վարձակալած տանը՝ 11 հոգով․․․ ասում է, որ ուզում է բոլորն իմանան իրենց սիրո պատմությունը․․. պատմություն, որ այդպես էլ անավարտ մնաց․․․



«Երևի Աստծո կամքն էր․․․ Երևի մեր սերը շատ մաքուր էր այս աշխարհի համար, հիմա սերս երկնքում է, ապրում է այնտեղ։ Զգացածս չափման միավոր չունի։ Օրերս անցնում և մթնում են Եռաբլուրի ճանապարհին։ Ամեն օր գրկում եմ շորերը, փորձում եմ կարոտս մի քիչ առնել, հիշում եմ սիրահարված աչքերը, հայացքը, շնչում եմ մեր ամենաերջանիկ օրերի հիշողություններով ու հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք»,- եզրափակեց Անին։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ