Քաղաքագիտական ճշմարտություն է, որ պատերազմում պարտություն կրած և երկիրը կապիտուլյացիայի տարած քաղաքական ուժը պետք է հեռանա, քանի որ պարտված իշխանությունն այլևս չի կարող ներկայացնել երկիրը, իսկ նրա հետագա կառավարումը հանգեցնելու է նորանոր աղետների ու կորուստների։ Կարծես թե այս տեսակետը կիսում էր նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով 2009 թվականին պնդում էր, որ ռուս-վրացական պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հեռանա, որպեսզի պարտության և դրա բարոյահոգեբանական հետևանքները չծանրանան Վրաստանի վրա, և երկիրն ազատվի մղձավանջային զգացողություններից։
Սակայն, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս դեպքում նույնպես վարչապետ Փաշինյանի մոտացումները տարբերվում էին ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո ամեն ջանք գործադրեց՝ իշխանությունը պահելու համար։ Հենց այս նպատակով էլ Փաշինյանը 2021-ի մայիս-հունիս ամիսներին մուրճով շրջեց Հայաստանով մեկ, ամենակոշտ բառապաշարով և քաղաքական հակառակորդներին ուղղված վիրավորանքներով քարոզարշավ վարեց և ի վերջո կարողացավ վերընտրվել ու շարունակել Հայաստանի կառավարումն առ այսօր։
Ինչպես ակնկալվում էր, Փաշինյանի հետագա պաշտոնավորումը Հայաստանը կանգնեցրեց նորանոր աղետների առաջ՝ թշնամին ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք և հարյուրավոր քառակուսի կմ-ներ օկուպացրեց, պատերազմը տեղափոխվեց Հայաստանի տարածք, երկրի ողջ տարածքը աշխարհի մի շարք առաջատար երկրների կողմից ճանաչվեց վտանգավոր գոտի և այլն, իսկ Արցախն առհասարակ հայաթափվեց և ամբողջովին օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր Արցախի հարցում սահմանված նշաձողը մի փոքր իջացնել՝ խոստանալով դրա դիմաց միջազգային լայն կոնսոլիդացիա ապահովել։
Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը և իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները գոհ են իրենց կառավարման շրջանում արձանագրված «գերազանց արդյունքներից» և այժմ էլ որոշել են քաղաքական դպրոց բացել և ՔՊ-ի կուտակած «փորձն ու գիտելիքները» փոխանցել նոր սերնդին։ Մամուլը գրում է, որ այս հարցում անձամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանը՝ «մենք ումից ենք պակաս» սկզբունքով, որի ուղղակի հանձնարարականով թեմայի հետ կապված տևական ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Ստացվում է, որ Փաշինյանն այս հարցում նույպես որոշել է նախկիններից հետ չմնալ. 2016 թվականին ՀՀԿ-ի կողմից հիմնադրվեց Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը, որն առ այսօր շարունակում է գործել։
Գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներ վերջին խորքային ուսումնասիրություններ են իրականացրել աշխարհում գործող միջազգային մի շարք քաղաքական դպրոցների աշխատանքի սկզբունքների, մոտեցումների և սկզբունքների հետ կապված, ավելին՝ մի քանի խմբեր գործուղվել են եվրոպական և ամերիկյան դպրոցներ՝ տեղում ողջ կրթական ընթացակարգին ու կառուցվածքին ծանոթանալու նպատակով։ Ենթադրվում է, որ նորաստեղծ դպրոցում դասավանդելու են ոչ միայն ՔՊ-ի ներկայացուցիչներն, այլ նաև մերձիշխանական քաղաքական և փորձագիտական շրջանակները, որոնց միջև էլ վերջին շրջանում լուրջ պայքար է ընթանում՝ դպրոցի կոորդինատորի հաստիքի համար։
Oragir.News-ը փորձել է հասկանալ, թե Հայաստանը կապիտուլյացիայի հասցրած, Արցախն ամբողջովին թշնամուն հանձնած քաղաքական թիմի ներկայացուցիչները քաղաքական դպրոցում ինչ առարկաներ են դասավանդելու.
Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական դպրցում, որտեղ ուսանելու են ապագա քաղաքական գործիչները, մեծ ուշադրություն է դարձվելու ուսանողների մանևրելու, կամ, ժողովրդի լեզվով ասած, «մուտիտ անելու» հմտությունների զարգացմանը, և այս առարկան դասավանդվելու է ամենօրյա կերպով։ Բնականաբար առարկան ուսանողներին կդասավանդի և իր հմտությունները կփոխանցի անձամբ Նիկոլ Փաշինյանը, ում հաջողվել է սեփական ապիկարության հետևանքով երկրին պատուհասած աղետների պատասխանատվությունը բարդել նախկին բոլոր իշխանությունների՝ այդ թվում Պապ թագավորի վրա։
Քաղաքական դպրոցում դասավանդելու է նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Վերջինս նորաթուխ քաղաքական գործիչերին կսովորեցնի հատկապես ռազմական գործողությունների ժամանակ բունկերներում գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերել, իսկ ազատ ժամանակ նաև կանանցից կամավորական ջոկատներ ձևավորել, որոնք կպաշտպանեն իրենց վստահված դիրքերն այն ժամանակ, երբ օրվա իշխանություններն արդեն այն հանձնել են թշնամուն։
Բացի այդ, ՔՊ-ի քաղաքական դպրոցում պարտադիր առարկաներից է կլինի նաև սոցցանցերում ֆեյքեր քշելու հիմունքները, որը կդասավանդեն ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այնպես էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ովքեր նախորդ տարիներին լավագույնս դրսևորել են իրենց։ Սակայն Ալեն Սիմոնյանը կդասավանդի մեկ այլ պարտադիր առկա՝ հպարտ քաղաքացու վրա թքելու մաստեր կլաս, ուստի ֆեյքեր քշելու հիմունքների դասավանդման ողջ ծանրությունը կմնա Արփի Դավոյանի փխրուն ուսերին։ Վերջինիս այս հարցում հնարավորինս կաջակցի նաև հայտնի Ռեգինա Պրազյանը, ով ուսանողների համար օնլայն տարբերակով դասախոսություններ կընթերցի։
Քաղաքական դպրոցում կլինեն նաև կամընտրական առարկաներ. ուսանողներն իրենց ընտրությամբ կսովորեն լրագրողներին, կամ ընդդիմությանը քացու տակ գցելու հմտությունները, որոնցից առաջինը կդասավանդի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, իսկ երկրորդը, բնականաբար, ՔՊ-ական պատգամավոր, սեփական թիմակիցներին ուսապարկ անվանող Վահանգն Ալեքսանյանը, ով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծուջարդերի ժամանակ լավագույնս դրսևորել է իրեն։ Ազատ ժամանակ Ալեքսանյանի առարկան կդասավանդի նաև 2018 թվականի իշխանափոխությունն Արցախի ազատագրումից ավելի կարևոր իրադարձություն համարող Սասուն Միքայելյանը, ով 2020 թվականին աչքի էր ընկել՝ այն ժամանակ թունդ ընդդիմադիր գործիչ, իսկ այժմ իշխանությունների սրտի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին ծեծի ենթարկելու ժամանակ։
Մեր տեղեկություններով ուսումնական ծրագրի մաս է կազմելու նաև թրքասիրության ներածություն առարկան, քանի որ Հայաստանը շարժվում է դեպի խաղաղության դարաշրջան, իսկ մեր երկրում հարևան երկու պետությունների նկատամամբ առկա ոչ բավարար բարյացակամ վերաբերմուքը խոչընդտում է այդ գործընթացին։ Առարկան ամբողջովին կդասավանդի ՔՊ-ական ամենախաղաղասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով նաև առաջիկայում ԿԳՄՍ նախարար, հայ-թուրքական բարեկամության ջատագով Ժաննա Ալեքսանյանին կառաջարկի փակել ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնը, քանի որ վերջինիս գործունեությունը չի նպաստում խաղաղության դարաշրջանի բացմանը։
Նշենք նաև, որ ՔՊ-ականները ներկայումս գաղտնի բանակցություններ են վարում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որպեսզի նա համաձայնի դպրոցում դասավանդել քաղաքացիներին սևերի ու սպիտակների բաժանելու հիմունքներ առական։ Չնայած ՔՊ-ում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր այս առարկան դասավանդելու իրենց կարողություններով անգամ գերազանցում են Մարությանին, բայց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա։ Սակայն, մեր տեղեկություններով, Հայկ Մարությանը հրաժարվում է այս առաքելությունը կատարելուց, քանի որ ՔՊ-ականներից դեռևս նեղացած է՝ 2021-ին իրեն պաշտոնանկ անելու, իսկ այս տարի իր ընտրությանը խոչընդոտելու համար։
Իրականում այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մեր երկիրը չլիներ այսքան ծանր իրավիճակում, իսկ երկրի առաջ ծառացած մարտահրավերներն օրեցօր չաճեին։
Պատկերավոր ասած ստեղծված իրավիճակում ՔՊ-ական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարևորագույն խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն, զբաղված է նապաստակ նկարելով, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը և ամեն գնով պահպանի իշխանությունը։ Չար լեզուները նաև ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել, որի արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։