copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:27 28-11-2023

Մարտակերտ գնալիս արկերով հարվածում էին մեր մեքենային, աչքերս փակել ու խաչակնքվում էի․ արցախցի

«Սեպտեմբերի 19-ի առավոտը մեզ համար սկսեց շատ սովորական։ Արցախի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողս, ով արդեն 19 օր վառելիքի սղության պատճառով չէր կարողանում գնալ Ստեփանակերտ՝ դասապրոցեսներին մասնակցելու, հայրիկիս հետ որոշեցինք, որ ձեռքի տակ ունեցած վերջին վառելիքով անպայման պետք է գնալ դասերի։ Ամեն ինչ խաղաղ էր, գյուղերում մարդիկ այգիներն էին մշակում, երեխաները բակային խաղեր խաղում, փայտ էին ջարդում, մեզանից և ոչ մեկը չէր էլ կարող մտածել, թե ինչ կարող էր լինել 2 ժամ հետո»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտակերտից բռնի տեղահանված Անժելա Շահանցը։

Անժելայի խոսքով, երբ հասել են Ստեփանակերտ, քիչ հետո ուժգին ձայն է լսել, սկզբից թվացել է, թե որոտ է, իսկ, երբ դպրոցից տուն վերադարձող փոքրիկները գոռացել են՝ «Կռեվա, եկիք փախչինք», հասկացել, թե շուրջն ինչ է կատարվում։

«Մայրս, եղբայր, հայրս և ես գնացինք մոտակա նկուղ: Լույսերը անջատվեց, հեռախոսակապերը կորավ, կապը կտրվեց բոլորի հետ: Նկուղում գրեթե բոլորը լացում էին, մեկը եղբորն էր փնտրում, մեկը մորը, մյուսը քրոջը … Անբացատրելի տեսարանի ականատես եղա։ Տեղներս չէինք գտնում, կիսվել էր մեր ընտանիքը։ Հորաքույրս, տատիկս ու փոքրիկ եղբայրս մնացել էին Մարտակերտում։ Նորություն չունեինք, նշանածիս հետ էլ կապ հաստատել չէր ստացվում, նա դիրքերում էր: Անհանգստությունս չափ ու սահման չուներ: Այդտեղ երկար չէինք կարող սպասել, չգիտեինք որտեղ է եղբայրս, իսկ այն դպրոցում, որտեղ նա էր սովորում, նկուղ չկար: Հայրիկս էլ զինծառայող էր, տեղը չէր գտնում, պատերազմ է, իսկ ինքը դիրքերում չէ, երեխայից ու ընտանիքի մյուս անդամներից էլ նորություն չունի։ Որոշեց, որ հետ ենք գնում Մարտակերտ․․․»,- պատմում է Անժելան։

Ու չնայած տուն տանող ճանապարհը վտանգավոր էր, նրանք որոշել են հետ գնալ Մարտակերտ։

«Ճանապարհը վտանգավոր էր: Համառեցինք ու գնացինք՝ հույսներս դնելով Աստծո վրա: Աչքերս փակել, խաչակնքվում էի ու լացում, իսկ արկերը ուղեկցում էին մեր մեքենային, ողջ ճանապարհի ընթացքում, անասելի արագությամբ առաջ էինք սլանում: Եկանք մեր գյուղի՝ Մաղավուզի ճանապարհով, ուզում էին նաև գյուղի տատիկի ու պապիկի և մորաքրոջս ընտանիքի որպիսությունից տեղեկանալ: Հասանք տատիկի տուն։ Հիշում եմ, թե ինչպես էր լացում տատիկս, ով առաջին հայացքից չէր հավատացել, որ հնարավոր էր այդ ճանապահով գալ ու ողջ մնալ: Իսկ, երբ արդեն հայացքս ուղղեցի պապիկիս՝ տեսա աչքերից հոսող արցունքները, որոնք ինձ վերջնականապես տապալեցին: «Բլոկադային» սեղան գցեց տատիկս, հաց կիսեցինք ու երկարատև ժամանակ մնացինք գյուղում, քանի որ հիմա էլ գյուղից Մարտակերտ տանող ճանապարհն էր կրակի տակ: Մորաքրոջս ընտանիքին էլ տեսանք ու գնացինք դեպի Մարտակերտ: Հասանք Մարտակերտ, հետո սկսվեց դժոխքը: Հայրիկս շատ արագ հագավ համազգեստը, նույնիսկ հրաժեշտ չտվեց մեզ, թիկունքով կանգնեց մեր տան դռան շեմին, հաջողություն մաղթեց ու ասաց, որ զգույշ լինենք»։

Անժելան ասում է, որ իր զինվորական հայրը նման հրաժեշտ առաջին անգամ էր տալիս։

«Գնացի եկեղեցի, տեր հայրը Մարտակերտի եկեղեցու զանգերն էր հնչեցնում: Ես շունչս պահած հավատում էի, որ զանգերի հնչյունների տակ վերջապես կմարի արկերի պայթյունների ձայնը: Հետո գնացինք մեր հարևանի տան նկուղային հարկ, որտեղ թաղամասի գրեթե բոլոր հարևաններն էին հավաքվել: Մենք ողջ օրը մնացինք նկուղում, արտասվում էի անդադար, հայրիկից, նշանածիցս նորություն չունեի։ Տեղեկություն չունեինք նաև փոքր մորաքրոջիցս։ Պայթյունները չէին դադարում․․․

Մտանք տուն մի քանի կարևոր իրեր վերցրեցինք, լուսանկարեցի մեր տունը հարևանի բակից, բայց հրաժեշտ չտվեցի, որովհետև մտքիս ծայրով անգամ չէի անցկացնում, որ վերջին նկարն եմ նկարում: Մեր մի ավտոմեքենան թողեցինք, հարևանին խնդրեցինք վարել հայրիկի մեքենան ու դուրս եկանք Մարտակերտից: Գնում էինք լուռ, քարացած, գնում էինք դեպի անորոշություն…»։

Ամենից շատ դիտված