Նոյեմբերի 24-ին ԱԺ-ում «ՀայաՔվե»-ի ներկայացրած օրենսդրական առաջարկի քննարկմանը մասնակցում էին մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ։
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայաստան» դաշինքն արգելափակել է իր մասնակցությունը խորհրդարանական լսումներին։ Ավելի ուշ՝ հարցը մեկնաբանել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով իր խոսքում ասել է․ «Եթե առիթ լինի, եթե հասկանանք, որ Էդգար Ղազարյանն օգտակար կլինի այդ լսումներին, առիթ կտանք, ինչպես եղել է նախկինում և նախկինում եղած լսումներին Էդգար Ղազարյանին հրավիրելուց հետո աչքովս չի ընկել, որ Էդգար Ղազարյանը հատուկ ստատուսով շնորհակալություն հայտնի «Հայաստան» խմբակցությանը՝ լսումներին իր ներկայությունն ապահովելու համար»։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Էդգար Ղազարյանի հետ․ «Ես ցավում եմ, որ Գեղամ Մանուկյանը ուշադիր չի լինում այն ելույթներին, որոնք հնչում են խորհրդարանական լսումների ժամանակ, որովհետև ես որքան խորհրդարանական լսումների մասնակցել եմ, իմ ելույթը սկսել եմ այդ խորհրդարանական լսումները հրավիրելու և ինձ դրանց մասնակից դարձնելու շնորհակալական խոսքերով։ Ես միշտ եմ շնորհակալությամբ ընդունել ԱԺ-ի մեր գործընկներների բոլոր հրավերները։ Ինչ վերաբերում է իմ անունը այդ ցանկից ջնջելուն՝ կարծում եմ, որ անտեղի են բացատրությունները, որովհետև ամեն ինչ պարզ է․ զուտ այն պատճառաբանությունը, որ 50 հոգու ավել անուն է եղել, քան հրավիրվածներինը, պետք է ուշադրություն դարձնել՝ անունների գրողներն ովքեր են, որովհետև եթե այդ անուններից մեկը «ՀայաՔվե» նախաձեռնության 66 հիմնադիր անդամներից մեկն է, այդ անունը կրողներից մեկն այն մարդն է, որի նկարով պաստառներ են փակցվել Երևանի փողոցներում, որ անմիջապես է ընդգրկված եղել «ՀայաՔվե»-ի քարոզչական-կազմակերպական աշխատանքներին, հաստատ այդ 50-ից մեկը, որ պիտի դուրս մնար, այդ մարդը չէր կարող լինել, եթե դա հատուկ մոտեցում կամ դիրքորոշում չէ։ Էլ չասեմ, որ դուրս մնացած մարդը նա է, ով նույն «Հայաստան» դաշինքի անունից մի քանի ամիս առաջ առաջադրվել է ՄԻՊ թեկնածու։ Դա էլ այն դեպքում, երբ դահլիճում ազատ տեղ չի եղել իբր, բայց չի նշանակում՝ հրավիրված չեն եղել․ նշանակում է՝ կազմակերպված է եղել ամենավատ մակարդակով, որովհետև հրավիրելու հետ մեկտեղ շատ քիչ ջանք է պահանջվում հրավիրվածներից ստանալու մասնակցության հաստատումը։ Դժվար չէ 140 հրավիրվածներից նախապես ճշտել՝ այդ մարդը մասնակցո՞ւմ է, թե՞՝ չէ։ Նախապես եմ հաստատել ոչ միայն իմ մասնակցությունը, այլ նաև ելույթ ունենալու պատրաստակամությունը»։
Ճշտող հարցին՝ ում աշխատանքի արդյունքում էր իր՝ խորհրդարանական լսումներին մասնակցությունը արգելվել, Ղազարյանը պատասխանեց․ «Կարծում եմ հետևյալը․ խորհրդարանական լսումներն անցկացնելու խնդրանքով դիմել է նախաձեռնող խումբը, որի համակարգողը «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանն է, բայց որոշում կայացնողը, այսինքն՝ խորհրդարանական լսումները հրավիրելն ու կազմակերպելը «Հայաստան» խմբակցությանն է․ որոշումը ակնհայտորեն կայացրել է «Հայաստան» խմբակցությունը։ Բայց անկեղծ լինեմ՝ եթե պարոն Չալաբյանը հետևողականություն ցուցաբերեր և պահանջեր, որպեսզի նախաձեռնող խմբի բոլոր անդամները հրավիրված լինեին, դա կարող էր նաև այլ լինել։ Բայց, ինչպես պարզ է, նման պահանջ չի էլ ներկայացվել»։