«Ես այս ձևաչափով տիկին Անդրեասյանի ֆեյսբուքյան հրապարակմանը արձագանքելու նպատակահարմարություն չեմ գտնում, որովհետև բազմիցս իմ կողմից եղել է խնդրանք՝ հանդիպելու և ունենալու զրույց առաջացած խնդրին հանգուցալուծում գտնելու համար։ Ինձ համար մի փոքր տարօրինակ է նաև, որ ԿԳՄՍ նախարարը այս հարցին կարող է անդրադառնալ կիրակի օրը և ֆեյսբուքյան հարթակի շրջանակում։ Դրա համար պատշաճ չեմ համարում մեկնաբանել»,֊
Oragir.News-ի հետ զրույցում նշեց Հովհ․Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը։
Հարցին՝ հանուն արդարության՝ պատրաստվո՞ւմ է դատարան դիմել, Եղիազարյանն ասաց, որ հրամանի հետ համաձայն չէ և օգտվելու է ՀՀ օրենսդրական իր իրավունքներից․
«Ամեն դեպքում հրամանի հետ ես անհամաձայնություն ունեմ, և անհամաձայնության արտահայտման ձևը՝ ըստ ՀՀ օրենսդրության ընթացակարգի, իրավական գործընթացի վարումն է, որ տեղի է ունենում դատական ատյանում։
Ես ունեմ գործելու ոլորտ, որտեղ գործել եմ ազնվորեն ևհանուն նրա, ինչին կոչված եմ եղել, որովհետև պետությունը և պետականությունը բացարձակ այլ բան է, և դրա համար յուրաքանչյուր ոք՝ որպես գիտակից քաղաքացի, իր պատասխանատվության հատվածն ունի, որին մշտապես հետևել է Թումանյանը: Երբ ձևավորվում էր Առաջին Հանրապետությունը, կամ գոնե նախանշվում էին նրա եզրերը, Թումանյանի ամբողջ ջանքը եղել է ստեղծելու այնպիսի միջավայր, որ կարողանա գիտակից քաղաքացի կերտել, և հետո անկախությունը ձեռք բերելուց հետո այդ գիտակից քաղաքացին գնահատի այն, ճիշտ գործի և պահպանի․ ձեռք բերելը քիչ է, դրա պահպանելն առավել բարդ է։ Հենց թումանյանական գիտակցումով ձևավորվել է իմ գործունեությունը, և ես գործել եմ հանուն դրա։
Շարունակելու եմ գործել նույն կերպ՝ անկախ այն բանից, թե ես որտեղ եմ գտնվելու, որովհետև դա նաև իմ հոգեկերտվածքն է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Թումանյանի թանգարանի տնօրենի շուրջ առաջացած աղմուկին՝ նշելով, որ
սա պետություն է, և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն։