Երևան +12°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:20 30-10-2023

Թուրքն ինձ ձեռքով էր անում․ չէի ուզում Արցախի մասին հիշողություններս կեղտոտվեին թուրքերի ներկայությամբ․ արցախցի երգչուհի

Մինչև վերջին վայրկյանը հայրենի տունը չլքելու անպատրաստությունը երգչուհի Լիլիթ Ավանեսյանին Արցախում պահեց մինչև սեպտեմբերի 29-ը։ Երբ լուսավոր Ստեփանակերտից ուրվական էր մնացել միայն, իսկ ադրբաջանցու հետ մենակ մնալու վտանգը ամեն օր ավելի իրական էր դառնում, Լիլիթն էլ զգաց Արցախում մնալու անհնարինությունը։

«Մինչև վերջին պահն էլ չէի ուզում Արցախս լքել, ինձ հարազատ-բարեկամներ, ծանոթներ, գրեթե բոլորն արդեն հեռացել էին Արցախից և ամեն օր կապ էին հաստատում ինձ հետ՝ ասելով «մենակ նստել ես այդտեղ, ի՞նչ անես»։ Խնդրում էին, ջղայնանում, փորձում ինչ-որ ձև համոզել, բայց ես չէի կարողանում դուրս գալ ոչ մի ձև, ճանապարհով քայլելով ուղղակի լացելով փորձում էի ամեն մի անկյունը մտքիս մեջ որպես հիշողություն պահել։ Երբ հասկացա, որ արդեն վտանգավոր է մնալը, քանի որ քաոս է, ծանոթներ գրեթե չեն մնացել, քաղաքը ուրվականի էր նման, մեր շենքում մնացել էին մի քանի ընտանիք, իսկ թուրքն ինձ ձեռքով էր անում, հասկացա, որ ես չեմ ուզում, որ Արցախի մասին հիշողություններս կեղտոտվեն թուրքերի ներկայությամբ և ստիպված պետք է դուրս գամ։ Ընկերուհիս ասաց՝ մեքենա կա դուրս արի, զանգեցի պայմանավորվեցի, վերջին անգամ գնացի ծնողներիս գերեզման հրաժեշտ տվեցի և մի քանի ժամից դուրս եկանք»․- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Ավանեսյանը։



Արցախցիներից ոչ մեկն էլ հոգեպես պատրաստ չեր հեռանալու իր տնից, նրանք գիտակցում էին, որ այլընտանք չկա։ Արցախը կորցնելու, Արցախն այլևս չունենալու գիտակցում Լիլիթի մոտ պատերազմի առաջին րոպեներից կար․

«Առավոտյան դասի էի «Սայաթ-Նովայի» անվան քոլեջում, քանի որ մեր աշխատանքը կախված էր լույսի գրաֆիկից, դասերը այդ օրը ստուդիայում էի կազմակերպել։ Ավարտելուց հետո իջել էի քոլեջ երգչախմբի դասերը լսելու, ժամը 13։00-ին քոլեջի լույսերի անջատման ժամն էր, ուսանողներն արդեն սովոր էին, որ պետք է միացնել հեռախոսի լույսերը և շարունակել դասը։ Հիշում եմ առաջին կրակոցը, դահլիճում մոտ 70-80 հոգի կային և միայն հիշում եմ, որ այդ պահին տեղիցս արագ վեր թռա, որպեսզի ընդհանուր դուռը բացեմ՝ ուսանողներին տեղ տալու համար։ Շատ տխուր և ցավալի զգացողություն էր իմ մոտ, որովհետև եթե մարդիկ այդ պահին վախենում էին կամ խուճապի մեջ էին, ես ներքուստ հասկանում էի, որ սա արդեն վերջն է և մենք կորցրեցինք Արցախը»։

Լիլիթն Արցախում երազանք է թողել․ 2 տարվա քրտնաջան աշխատանքով բացած «LA MEZZO» երաժշտական ստուդիայում Լիլիթը հասցրել է աշխատել ընդամենը կես ամիս․




«Այդքան երկար ժամանակ սպասելուց հետո, այդքան կարճ ժամանակահատվածում կորցնելը ինձ համար ևս մեծ ցավ էր և մի պահ անգամ արդեն, երբ տեղափոխվեցի ՀՀ չէի ուզում էլ երաժշտության հետ կապված ոչ մի բան։ Ստուդիայի 70% մնացել է Արցախում ավելի ճիշտ այնքան էի հուսահատված, տխուր և հոգեպես շատ ծանր վիճակում, որ ջարդեցի ամեն ինչ, չէի ուզում, որ իմ երազանքը գա թուրքը վայելի, ջարդելով մտածեցի, որ գուցե մի բան մեջս կհանգստանա, բայց ցավոք սրտի բան չի փոխվել»։

Լիլիթը փորձելու է նորից կառուցել իր երազանքը, նորից ապրել ու ապրեցնել, Լիլիթը հույս ունի, որ բարի մարդիկ կփորձեն օգնել այդ երազանքների իրականացման հարցում․

«Եթե կարողանամ Հայաստանում այնպիսի գործ գտնել, որով հնարավոր կլինի տուն վարձել և ապրել, կարողանամ հովանավոր գտնել և վերաբացել ստուդիաս, անպայման կմնամ Հայաստանում՝ Արցախ վերադառնալու հույսով, եթե ոչ, ապա այս անգամ էլ կհեռանամ առանց վերադարձի, ինչը ես հաստատ ամենաքիչն եմ ուզում»։