Երևան +29°
copy image url
Մշակույթ 1 ամիս առաջ - 23:09 14-03-2024

Շիրազի՝ ձեռքով կոտրած ձմերուկի տեսարանն ինձ համար խորթ էր. բանաստեղծի քրոջ թոռան հուշերը

Այսօր՝ մարտի 14-ին, ԽՍՀՄ Գրողների միության անդամ, բանաստեղծ Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է:

«Քսաներկու տարեկան էի, երբ մորս քեռին՝ Շիրազը, մահացավ: Մեր ազգի առաջին ու միակ թոռն եմ, որի թե՛ հարսանիքին, թե՛ նշանդրեքին ինքը ֆիզիկապես ներկա է եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում հիշեց բանաստեղծի Գոհար քրոջ թոռը, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ավագ էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը:

«Իմ հարսանիքին հետաքրքիր մի բաժակաճառ ասաց, որը շատ հետաքրքիր ձևով մխրճվել է իմ հիշողության մեջ.

- Թող Ձեր տունը միշտ էնպես ծխա, որ ձեր թշնամու սև սիրտը մխա:

Այդ օրը, բնականաբար, չէինք գիտակցում իր խոսքերի լրջությունն ու կարևորությունը: Հետո, իհարկե, հասկացա, ու դա իմ մեջ մնաց»,- ոգևորությամբ հիշատակեց Նարինե Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում բանաստեղծի քրոջ թոռը հիշեց Շիրազի՝ որպես գրողի հետ իր առաջին հանդիպման մասին:

«Տասը տարեկան էի, որ դպրոցում Շիրազ էինք անցել: Դասատուն ասաց, որ Թովմասյան Նարինեն Շիրազի քրոջ թոռն է. այդ ժամանակ բոլորը ինձ էին նայում: Ծնողները եկան երեխաներին տանելու, էլի ինձ էին նայում: Դասամիջոցին դասատուները ինձ էին նայում. մտածեցի, որ մեր Շիրազ քեռին ուրիշ է, որ բոլորն էդպես են նայում: Գնացի տուն, ոչինչ չասացի. մնաց իմ մեջ:
Օգոստոս ամսին տատիս հետ գնացինք Երևան: Շիրազը սիրում էր, երբ Լենինականից մարդ էր գնում Երևան: Տանը չէր, երբ հասանք: Մտավ ներս՝ ձմերուկները թևերի տակ (իմ աչքերին այդ ձմերուկները անչափ մեծ էին. ինձ թվում էր՝ դրանք աշխարհի ամենամեծ գնդակից հինգ անգամ մեծ են): Ձմերուկները դրեց սեղանին, որը հիմա մեր թանգարանում է, գնաց շորերը փոխելու: Վերադարձավ այն պահին, երբ կինը դանակը բերել էր, որ կտրեր ձմերուկը: Մեկ էլ ասաց.

«Էդ ի՞նչ կենես. դանակը կպավ ձմերուկին, համը կկորի: Երեխա էինք, ձմերուկը կգողնայինք, քարով կջարդեինք. ձեռքերս ուժ էլ չուներ ջարդելու: Ձմերուկն որ չուտես ըմբես, որ ջուրը դնչովդ, թևերովդ չէրթա, ըդիկ էլ ի՞նչ ձմերուկ»:

Եվ ինքը կոտրեց ձեռքով էդ ձմերուկը: Ամեն մեկիս՝ իր տարիքին համապատասխան, տվեց կտոր: Ես շատ լավ հիշում եմ էդ մարդու աչքերի արցունքը. աչքերը տագնապ էին, բերանը ժպտում էր, վերցրեց ամենամեծ կտորն ու երկար խրթացնելով կերավ ձմերուկը՝ ամբողջ սպիտակ շորը կարմրեցնելով: Զարմացած նայում էի իրեն ու, բնականաբար, չէի հասկանում, թե դա ինչ էր. ինքն իր քայլով կարծես օրինակ էր մեզ համար, որ ասում էր՝ կե՛ր, կե՛ր: Կերանք, ու ես էլի այդ տեսարանը ոչ մեկին չպատմեցի,որովհետև կոտրված ձմերուկն ինձ համար մի տեսակ շատ խորթ էր»:



Լուսանկարն արվել է 1981 թվականին Շիրազի տան բակում։

Տիկին Նարինեի խոսքով՝ միայն տարիներ հետո է հասկացել, թե ինչն էր Շիրազի՝ այդ կերպ վարվելու պատճառը:

«Երբ մի անգամ կանգառում կանգնած էի ու կարտոշկա ժարիտի հոտ առա, որը չզտած ձեթով էր, հիշեցի մանկությունս ու տատի արած ժարիտը, հասկացա, որ Շիրազը դա անում էր հինգ րոպե մանկություն գնալու համար: Այդ օրվանից ինքն ինձ համար դարձավ Շիրազ քեռի ու մեծ բանաստեղծ»:

Oragir.News-ի հարցին՝ ինչպիսի ոգևորություն է ինքը՝ որպես հուշատուն-թանգարանի ավագ էքսկուրսավար, տեսնում երիտասարդների շրջանում թանգարան տեսնելիս, ասաց.

«Ժամանակներն են փոխվել, կարդացող, մեծ մասամբ, չկա. երիտասարդության, աշակերտների ուշադրությունը ուրիշ տեղ է: Շիրազասեր երիտասարդները ուրիշ են:

Վերջերս երիտասարդ կար, որ արդեն ութերորդ անգամ էր գալիս՝ Շիրազ լսելու՝ իր հետ բերելով նորերին: Իր բերած այս անգամվա խմբի մեջ երեք-չորս անգամ լսողներ կային, և հինգը, որ առաջին անգամ էին եկել, ասացին, որ էլի կգան: Գալիս են ոչ միայն լսելու. գալիս են նաև զրուցելու Շիրազի մասին»:

Զրույցի վերջում մեր ճշտող հարցին՝ Շիրազի ուղղակի խոսքի մեջբերումները գրակա՞ն, թե՞ բարբառային ձևերով են տպագրվելու, զրուցակիցը մեծ հաստատակամությամբ ամփոփեց.

«Շիրազը ելույթի ժամանակ գրական էր խոսում, զրուցելիս՝ բարբառով. ասում էր՝ բարբառը գեղեցկացնում է մեր լեզուն, պետք է օտար բառերի դեմ պայքարել»: