Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:30 30-10-2023

Հայաստանի ներքին անվտանգության ապահովման համար 2024-ին կհատկացվի 148 մլրդ դրամ. Փաշինյան

Անդրադառնալով 2024 թվականի պետական բյուջեի ֆինանսական ցուցանիշներին, պետք է անեմ մի քանի շատ կարևոր արձանագրում: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեն քննարկելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին այդպիսի արձանագրումը հետևյալն է, որ 2024 թվականի ՀՀ բյուջեն եկամտային մասով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: Եվ ուզում եմ արձանագրել, որ 2024 թվականին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի պլանավորված բյուջեն: Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 մլրդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն: Եվ նաև ուզում եմ արձանագրել, որ մենք էական ավելացումներ ունենք մի շարք առանցքային ուղղություններով: Մասնավորապես, կրթության մասով մեր հատկացումները 2018 թվականի համեմատ աճում են 130 տոկոսով: Այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024 թվականի ավելացող մասը կրթության հատկացումների 165 մլրդ դրամ է, ինչը 2018 թվականի հատկացված բյուջեից մոտավորապես 37 մլրդ դրամով ավելի է:

300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թ. բյուջեով նախատեսվել է 111,6 մլրդ դրամ, որը 2023 թ.- ի 38,7 մլրդ դրամի համեմատ ավելի է 72 մլրդ դրամով կամ 188 տոկոսով: Այսինքն՝ մենք դպրոցների և մանկապարտեզների շինարարության և գույքով ապահովության համար 188 տոկոսով ավելի գումար ենք տալիս 2023 թվականի համեմատ: Պետք է նաև արձանագրենք, որ 300 դպրոցների մասով այս պահին ավարտված է 26 դպրոցների կառուցումը, 2023 թվականին կավարտվեն ևս 8 դպրոցներ, տարեվերջին ավարտված դպրոցների քանակը կկազմի 34»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2024 թ. սկզբի դրությամբ շինարարության ընթացքի մեջ կլինեն 41 դպրոցներ, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024 թ-ին։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի նկատմամբ 2024 թվականին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով․ «Այսինքն, 2018 թվականին նախատեսված կապիտալ ծախսերն ամբողջ տարվա համար եղել են 173,2 մլրդ դրամ և հիմա, ըստ էության, ավելի քան 300 մլրդ դրամով միայն ավելացած մասն է 2018 թվականի նկատմամբ։ Պետք է արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում նաև 2024 թվականին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց և մենք վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի համար, որը կիրականացնի իրանական ընկերություն և հույս ունենք, որ օր առաջ այդ շինարարությունը կսկսվի։ Իհարկե, պետք է անկեղծ խոստովանեմ, որ մենք խնդիրներ ունեցանք կապված Սիսիան-Քաջարան հատվածի հետ, որովհետև այնտեղ մրցույթային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշակի տարընթերցումներ ունեցանք մեր միջազգային գործընկերների հետ, ինչի պատճառով մրցույթային ընթացակարգը տեղի չի ունենում այն ժամանակացույցով, ինչով մենք պլանավորել ենք։ Հիմա մենք բանակցությունների մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ շատ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ։ Ես չեմ ուզում առաջ անցնել, այդ թեմայով մենք ունենք նախնական պայմանավորվածություն, որն, իհարկե, դեռ վերահաստատման կարիք ունի»։

Վարչապետը հատուկ ընդգծեց նաև, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանում են 125 տոկոսով․ «Ավելացող մասը միայն 2024 թվականի բյուջեի 309 մլրդ դրամ է, իսկ 2018 թվականին նախատեսված ամբողջ տարվա բյուջեն եղել է 247,9 մլրդ դրամ։ Իհարկե, պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերն էականորեն և առանցքային են, մեզ համար առաջնային են մեր բանակի, զինված ուժերի բարեփոխումները։ Նաև պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է, և ընդհակառակը, պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։ Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում և, իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ։ Բայց պետք է արձանագրեմ նաև, որ մենք մեր հռչակած կուրսն անվտանգության ոլորտում, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ արդեն, ըստ էության, իրագործում ենք, և դուք հրապարակային տեղեկատվությամբ կարող եք այդ մասին որոշակի պատկերացում կազմել։

Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի համեմատ մենք նաև էականորեն ավելացրել ենք, ըստ էության՝ կրկնակիից ավելի, մեր հատկացումները ներքին անվտանգության ապահովման հարցերին: Իհարկե, այդտեղ էլ գաղտնիության որոշակի էլեմենտներ կան, բայց ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծանումը Կառավարության ուշադրության կենտրոնում է։ Եվ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018 թվականի ծրագրված հատկացումը եղել է 63.3 մլրդ դրամ, 2024 թվականի համար նախատեսված է 148 մլրդ դրամ։ Այսինքն` ավելացող մասն էականորեն ավելի է 2018 թվականին նախատեսված ամբողջ ծավալից։ Իհարկե, այդ կարողությունների ավելացման մի մասը տեսանելի է, ինչպես արդեն ասացինք, Պարեկային ոստիկանությունը, և պիտի արձանագրեմ, որ ըստ էության, Հայաստանի անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը երբեք միանվագ այդպիսի ներդրում չի ունեցել։ Մենք Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվել է Հայաստանի պետական բյուջեից, 6 մլրդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և 3 մլրդը՝ Եվրամիության կողմից։ Ուզում եմ արձանագրեմ, որ Պարեկային ոստիկանության ձևավորման ընթացքում մեզ շատ կարևոր աջակցություն են ցույց տվել արդեն Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները, որոնք Սևանում ջրային ծառայության համար հատկացրել են, նվիրաբերել են 2 մոտորանավակ, որը հենց գործարանային պարամետրերով նախատեսված է առափնյա ծառայություն իրականացնելու համար։ Առաջիկայում մենք նաև այդ ծառայության բացման արարողությունը կունենանք։ Հարգելի գործընկերներ, էական եմ համարում արձանագրել նաև, թե ինչ զարգացումներ ունենք սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այստեղ 2018 թվականի համեմատ մեր հատկացումներն ավելի են 346.6 մլրդ դրամով։ Պիտի արձանագրեմ, որ շատ էական փոփոխություն է տեղի ունեցել 2023 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այստեղ մեր պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ 2018 թվականի համեմատ մենք նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկել ենք։ Աճը կազմում է 125 տոկոս։ Իհարկե, սա այն ոլորտն է, որ մենք հասկանում ենք՝ դեռ շատ անելիքներ ունենք: Բայց, ընդհանուր առմամբ, մենք նաև մեր միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսել ենք, նաև կարևոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեր գործընկերներին տեղեկացնել այդ մասին, որ սոցիալական ոլորտում մինիմումների մեր նախընտրած խոստումը պիտի կատարված լինի։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակ-նվազագույն պարենային զամբյուղ և կենսաթոշակ-նվազագույն սպառողական զամբյուղ հարաբերակցությանը, և արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք նախատեսել ենք այդ խոստման իրականացումը»։