Ուղիղ եթեր
Բախտորոշ և ապօրինի. այսօր Կարսի պայմանագրի ստորագրման օրն է
copy image url

Բախտորոշ և ապօրինի. այսօր Կարսի պայմանագրի ստորագրման օրն է

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 13-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրանում է հայ ժողովրդի համար բախտորոշ և միևնույն ժամանակ նույնքան ցավալի Կարսի պայմանագրի ստորագրման 103-րդ տարելիցը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս՝ 29800 քառակուսի կմ տարածքը, որին մեր օրերում հատկապես ՀՀ իշխանությունները շատ են հղում կատարել, չնչին փոփոխություններով հաստատվել է հենց 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրով։

Հիշյալ պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հայկական, վրացական և ադրբեջանական ԽՍՀ-ների, մյուս կողմից Թուրքիայի քեմալական իշխանությունների միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ։ Կարսի պայմանագիրը գրեթե ամբողջությամբ կրկնում էր ավելի վաղ՝ նույն թվականի մարտի 16-ին Մոսկվայում բոլշևիկների և քեմալականների միջև ստորագրված ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության պայմանագրի» դրույթները, սակայն քանի որ դրանցում կային մի շարք դրույթներ, որոնք վերաբերում էին Անդրկովկասի 3 հանրապետություններին՝ այդ թվում նաև Հայաստանին, և նշված երկրներին վերաբերող որոշումները կայացվել էին առանց վերջիններիս մասնակցության, անհրաժեշտ էր նոր պայմանագիր ստորագրել, որը կստորագրեին նաև տվյալ երկրների ներկայացուցիչները։

Կարսի պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը՝ հայոց խորհրդանիշ հանդիսացող Արարատ սարով, որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում։ Բացի այդ, պայմանագրով Նախիջևանը՝ որպես ինքնավար հանրապետություն, անցնում էր Ադրբեջանի խնամակալությանը, սակայն եթե Մոսկվայի պայմանագրի դեպքում Բաքուն այն հետագայում չէր կարող զիջել որևէ երրորդ պետության, Կարսի պայմանագրով այս դրույթը վերացավ։ Բացի այդ, Ադրբեջանին էր անցնում Շարուր-Դարալագյազի գավառի մի մասը և Երևանի նահանգի մի հատվածը։ Այս ամենի դիմաց Թուրքիան վերադարձրեց Բաթումի մարզի մի մասը, որը ներառվեց Վրաստանի կազմում։

Չնայած Կարսի պայմանագրի ստորագրմանը նախորդած բանակցությունների արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում որոշ փոփոխություններ կատարել՝ հօգուտ Հայաստանի: Բանակցությունների առաջին օրերին Գանեցկին ներկայացնում է Անի քաղաքի ավերակները Խորհրդային Հայաստանին հանձնելու առաջարկը, և նախապես տպավորություն է ստեղծվում, թե թուրքերը համաձայնելու են։ Սակայն թուրքական դիրքորոշումն աստիճանաբար կոշտանում է:

Լսելով Անիի ավերակները Հայաստանին թողնելու Գանեցկու հիմնավորումները՝ թուրքական պատվիրակությունը նախապես չի առարկում, սակայն մի քանի օր անց կտրուկ մերժում է՝ ասելով, թե դրանով իրենք շեղվում են Մոսկվայի պայմանագրից, իսկ Անկարայից իրենք այդ հարցի շուրջ բանակցելու թույլտվություն չունեն։ Ավելին, Քարաբեքիրը սպառնում է ընդհատել բանակցությունները, ինչին ի պատասխան Գանեցկին հրաժարվում է այդ պահանջից։

Թուրքերը մերժում են նաև Սուրմալուի, Օլթիի և Կողբի վերաբերյալ տնտեսական բոլոր առաջարկները՝ հիմնավորելով, որ դրանք կոմերցիոն հարցեր են, որոնք կկարգավորվեն համապատասխան առաջարկների և միջպետական պայմանագրերի առկայության դեպքում։

Հատկանշական է, որ Կարսի, ինչպես նաև դրան նախորդած Մոսկվայի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ վիճահարույց են, իսկ որոշ մասնագետների համոզմամբ՝ անօրինական և անվավեր։ Մասնավորպես միջազգային իրավունքը սահմանում է, որ միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները, սակայն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դեպքում դրանք ստորագրող կողմերից որևէ մեկն այդ պահին չի եղել տվյալ երկրի օրինական իշխանությունը, ուստի նրանց ստորագրությունների լեգիտիմությունը խիստ վիճահարույց է։

Նշենք, որ բոլշևիկները և քեմալականները, այդ ժամանահատվածում իրենց երկրներում առաջացրել էին երկիշխանություն և փաստացի գործում էին օրինական կառավարություններից անջատ։ Ավելին, քեմալական շարժման պարագլուխ Մուսթաֆա Քեմալը թուրքական դատարանի կողմից դեռևս 1919 թվականին դատապարտվել էր մահապատժի, սակայն նրան հաջողվել էր փախուստի դիմել և պատժից խուսափել։ Մուսթաֆա Քեմալը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչ Քյազմը Քարաբեքիրը, ով թուրքական կողմի անունից ստորագրել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ներման են արժանացել միայն 1923 թվականին, երբ Թուրքիայում փաստացի հաստատել էին իրենց իշխանությունը, իսկ միջազգային հանրությունը ռազմի դաշտում վերջիններիս արձանագրած հաջողությունների հետևանքով ճանաչել էր նրանց իշխանության լեգիտիմությունը։

Բացի այդ, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն իրողության վրա, որ Խորհրդային Հայաստանն իր գոյության շուրջ 7 տասնամյակի ընթացքում երբեք չի հանդիսացել անկախ պետություն, քանի որ նախևառաջ զրկված է եղել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, որը պետության անկախության ցուցիչներից մեկն է։ Նշենք, որ 1920 թվականին թուրք-հայկական պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, երբ երկրում խորհրդային կարգեր հաստատվեցին, Հայաստանը մինչև 1922 թվականի դեկտեմբերի 30-ը՝ Խորհրդային Միության ձևավորումը, փաստացի եղել է բռնազավթված տարածք, իսկ ըստ միջազգային իրավունքի՝ բռնազավթող ուժը չի հանդիսանում տվյալ երկրի դե յուրե իշխանությունը, այլ միայն իրականացնում է դե ֆակտո կառավարում, հետևաբար նա երկրի անունից հանդես գալու և միջազգային պայմանգրեր ստորագրելու լիազորություն չունի։

Նկատենք, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի անունից ստորագրել են Ասքանազ Մռավյանը և Պողոս Մակինյանը, որոնք լիազորությունները հիմնված էին ոչ թե օրինական իշխանության, այլ Հայաստանում տեղի ունեցած աղետալի պատերազմի պարտադրանքով իշխանության եկած քաղաքական ուժի կամքի վրա։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիան, որի հետևանքով երկիրը կորցրեց իր տարածքի մեծ մասը, իսկ կառավարությունը ստիպված եղավ իշխանությունը հանձնել բոլշևիկներին, ծրագրվել էր քեմալականների և բոլշևիկների միջև 1920 թվականի օգոստոսի 24-ին ստորագրված դաշնագրով, որից մեկ ամիս անց քեմալակններն առանց պատերազմ հայտարարելու ներխուժեցին Հայաստան։

Այպիսով, կարող ենք փաստել, որ Կարսի պայմանագիրը, որով ձևավորվել է հայ-թուրքական ներկայիս սահմանը և Հայաստանի Հանրապետության 29800 քառակուսի կմ տարածքը, միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի և խնդրահարույց։ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության և նպաստավոր իրավիճակի առկայության պարագայում ՀՀ-ն կարող է վիճարկել Կարսի պայմանագիրը և պահանջել, որ միջազգային հանրությունը ճանաչի երկրի ինքիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնք այս պայմանագրերով փոխանցվել են տարածաշրջանային երկրներին։

Այս իրողությունը չափազանց լավ հասկանում են նաև Թուրքիայի իշխանությունները։ Տասնամյակներ շարունակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ընթացող բոլոր գործընթացներում Թուրքիան, մի շարք նախապայմանների հետ մեկտեղ, պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերաճանաչի Կարսի պայմանագիրը, որով փաստացի կլեգիտիմացվի այն և այդ պայմանագրով Թուրքիայի վերահսկողության տակ անցած տարածքները, իսկ հետագայում ՀՀ որևէ իշխանություն այլևս հնարավորություն չի ունենա վիճարկել պայմանագրի լեգիտիմությունը։

Սակայն չափազանց կարևոր է գիտակցել, որ անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից և շահերի առկայությունից բացի Հայաստանից որևէ մեկը չի սպասարկելու իր շահերը և իր փոխարեն չի վիճարկելու Կարսի պայմանագիրը կամ առ ոչինչ ճանաչելու այն։

Նշենք, որ նախքան 1920 թվականի թուրք-հայկական պատերազմը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր 70 հազար քառակուսի կմ, իսկ նույն թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հաշտության պայմանագրով ՀՀ-ն պետք է ստանար Արևմտյան Հայաստանի տարածքների մի մասը՝ շուրջ 90 հազար քառակուսի կմ։ Հետագայում այս ուղղությամբ որևէ գործընթաց նախաձեռնելիս Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի այն կռվանից, որ Խորհրդային Հայաստանը չի հանդիսացել անկախ պետություն, ուստի չի ունեցել անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունք, և ՀՀ-ն պարտավորված չէ ճանաչել վերջինիս կողմից ստորագրված միջազգային պայմանագրերն ու կատարել դրանցով ստանձնած պարտավորությունները։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ