Իսրայելում թիրախավորված են հարավային քաղաքները, որտեղ ապրում է մոտ 500 հայ
copy image url

Իսրայելում թիրախավորված են հարավային քաղաքները, որտեղ ապրում է մոտ 500 հայ

Ներքին 1 տարի առաջ - 17:46 11-10-2023
Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, այսինքն՝ շրջանն այլևս զրկված է սննդի, ջրի ու էլեկտրականության մատակարարումից։ Երկու կողմերում զոհերի թիվը շարունակում է աճել։ Մարտերն ընթանում են արդեն 4-րդ օրը: Իսրայելում շոկ է․ պաղեստինցիների հարձակման հետևանքով հրեական պետությունում զոհերի թիվն ամենից բարձրն է նախորդ 50 տարվա համեմատ: Կիրակի հայտնաբերվել են երաժշտական փառատոնի երիտասարդ մասնակիցների ավելի քան 260 դիեր: «Համասի» զինյալներն առևանգել են ավելի քան 130 իսրայելցիների, շատերը փառատոնի մասնակիցբներից էին։ Նրանք տարվել են Գազա։

Նշենք, որ ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն քաղաքներում կան համայնքային ներկայացուցիչներ, որոնք տվյալ քաղաքում կարող են աջակցություն ցուցաբերել։

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը ստեղծել է տեղեկատվական և հայերին աջակցության շտաբ։ «Նաիրի» միությունն երեկ իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Պետախ Տիկվա քաղաքի թիկունքի ծառայությանն ու պատրաստակամությունն է հայտնել Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգին՝ աջակցելու քաղաքի բնակիչներին պատերազմական այս իրադրությունում:

Հեռախոսահամարներ՝ 054-808-27-35 050-716-45-57 052-336-47-74։ Համագործակցում ենք Իսրայելում ՀՀ դեսպանատան հետ ու կապի մեջ ենք»։
Հարցին, թե ո՞ր շրջաններն են թիրախավորված, մեր զրուցակիցը նշեց․

«Թիրախավորված են հարավային քաղաքները՝ Աշկելոն, Աշդոդ, Կիրյատ Գատ ու Բեեր Շևա, որտեղ ապրում է մոտ 500 հայ։ Կենտրոնական քաղաքներում 3000 հայ է ապրում, իսկ վիճակը շատ լարված է հարավում, այն շարունակում է մնալ լայնածավալ հրթիռակոծության տակ։ Հայերի հետ կապը միշտ պահպանվում է»։

Արտյոմ Չերնամորյանն ընդգծեց՝ Իսրայելն այն եզակի պետություններից է, որտեղ ցանկացած շենք ունի ապաստարան։
Հայերի տներ կամ հայկական շինությունների վնասվելու մասին տեղեկություններ դեռևս չկա։
Հավելենք, որ Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե: