Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 23:00 06-10-2023

Մանիպուլյացիա՞, թե՞ հիշողության կորուստ․ ով է տապալել Կազանյան փաստաթուղթը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ելույթ է ունեցել «Վալդայ» բանավեճի ընթացքում, որի ընթացքում հերթական անգամ անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցով տարբեր տարիներին ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին։

Մասնավորապես Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ, Ադրբեջանին վերադարձնել Արցախին հարակից 7 շրջաններից 5-ը՝ բացառությամբ Քարվաճառի և Բերձորի, որոնցով էլ պետք է ապահովվեր Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը, սակայն հայկական կողմը մերժել է այս առաջարկը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը նշել է, որ այդ առաջարկի ընդունումը որոշակի սպառնալիքներ կստեղծի։

Պուտինն իր խոսքում ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ Ադրբեջանն օրեցօր զարգանում էր, քանի որ վերջինս նավթ և գազ արդյունահանող երկիր է, ուստի իրենք առաջարկում էին փոխզիջման գնալ՝ երաշխավորելով Լաչինի միջանցքի և այնտեղ ապրող հայերի անվտանգությունը։

Այսպիսով, Ռուսաստանի նախագահի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ տարիներ շարունակ բանակցությունների սեղանին հակամարտության կարգավորման հստակ առաջարկ է եղել, սակայն հայկական կողմը այն չի ընդունել, ինչն էլ հանգեցրել է Արցախում 2020 թվականի աղետալի պատերազմին և վերջին ողբերգությանը։ Սակայն իրականում Ռուսաստանի նախագահի հայտարարությունները ամբողջովին չեն արտացոլում տեղի ունեցած զարգացումները, ինչի հետևանքով այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Այն, որ ռուսական կողմը բանակցային գործընթացի շրջանակներում նման առաջարկ է ներկայացրել, որևէ մեկը կասկածի տակ չի առնում։ Իրականում ամենից շատ Ռուսաստանին էր անհրաժեշտ գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը, ուստի Մոսկվան ձգտում էր ամեն կերպ նպաստել, որ կողմերը համաձայնության գան։

Ռուսական կողմի առաջարկը ենթադրում էր, որ առաջին փուլում հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձներ նախկին ԼՂԻՄ-ին հարակից և այդ պահին իր կողմից վերահսկվող 7 շրջաններից 5-ը՝ Ակնան, Վարանդան, Ջրականը, Կովսականը և Որոտանը։ Այս առաջարկով Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ, հնարավորություն ունենար անդամակցել այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցելու համար պարտադիր պայման չէր ճանաչված պետություն լինելու հանգամանքը, ունենար իր զինված ուժերը, դատական իշխանությունները և այլն, իսկ ՀՀ-ի հետ ցամաքային ամուր կապը երաշխավորվոր Բերձորի միջանցքով, ինչպես նա ողջ Քարվաճառի շրջանով։

Ինչ վերաբերում է մյուս երկու շրջանների հանձնմանը, ապա դրանց հանձնումն Ադրբեջանին փոխկապակցվախ էր լինելու Արցախի վերջնական կարգավիճակի հետ, որը որոշվելու էր հանրաքվեի միջոցով, իսկ հանրաքվեն պետք է իրականացվեր բնակչության 1988 թվականի համամասնությամբ, որը կազմում էր 74/26՝ ի օգուտ հայերի։ Սա նույնպես չափազանց կարևոր հանգամանք էր, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ ձգտում էր ուռճացնել Արցախի ադրբեջանական բնակչության թիվ՝ հնարավոր հանրաքվեում նրանց մասնակցությունն ու իր ցանկալի արդյունքն ապահովելու համար։ Այս ամենը ենթադրում էր, որ քանի դեռ չէր հստակեցվել Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, ապա Քարվաճառը և Բերձորը հավերժ մնալու էին հայկական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանն իր հերթին չէր կարողանալու ագրեսիայի դիմել։ Այս մասին մի քանի անգամ խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկներով Քարվաճառը և Բերձորը հավերժ մնալու էին հայկական վերահսկողության տակ։

Ռուսական կողմի առաջարկները, որոնք շատ հաճախ անվանվում են որպես Լավրովի պլան, տեղ են գտել Կազանյան փաստաթղթի մեջ, որը պետք է ստորագրվեր 2011 թվականի հունիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ։ Սակայն Ալիևը վերջին պահին հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը՝ առաջ քաշելով մի շարք նոր և անընդունելի առաջարկներ, որոնք գործընթացը տարան փակուղի և փաստացի տապալեցին այն։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանը բանակցային գործընթացի շրջանակներում մշտապես հանդես է եկել որպես կառուցողական կողմ և ձգտել է ամեն գնով կարգավորել խնդիրը։ Բնականաբար Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների, սակայն Ադրբեջանը մշտապես ցուցաբերել է առավելագույն հավակնություններ, իսկ հակառակ դեպքում սպառնացել է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և արեց 2020 թվականի սեպտեմբերին։

Ներկայումս Ռուսաստանի նախագահը ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդում է հայկական կողմի վրա, ինչը ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է, իսկ Մոսկվան լավագույնս օգտվում է դրանից՝ սեփական ձախողումները և տապալումները արդարացնելու նպատակով։

Դժվար է ասել Ռուսաստանի առաջնորդը մանիպուլացնո՞ւմ է, թե՞ պարզապես տարիքի հետ վերջինիս մոտ հիշողության կորուստ է առկա, սակայն միանշանակ է, որ Հայաստանը մշտապես ընդունել է ՌԴ-ի ներկայացրած առաջարկները, պատրաստ է եղել փոխզիջումների, իսկ դրանց տապալման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, ինչպես նաև այն միջնորդները՝ այդ թվում նաև Մոսկվան, որոնք չեն կարողացել ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ և հասնել հակամարտության վերջնական ու խաղաղ կարգավորմանը։

Հավելելենք, որ չնայած Կազանյան փաստաթղթի ստորագրման, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, սակայն Պուտինը այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը և քաջատեղյակ էր տեղի ունեցող իրադարձություններին։ Ուստի վերջինիս հայտարարությունները չեն կարող մեկնաբանվել նաև անտեղյակությամբ։

Ամենից շատ դիտված