Երևան +18°
copy image url
Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 20:00 28-09-2023

Նրա մեղքը պայքարի կոչն էր․ համաշխարհային ԶԼՄ-ների արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի առևանգմանը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես նախօրեին տեղեկացրել ենք, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, տեղափոխել Բաքու։ Այսօր հայտնի դարձավ, որ Վարդանյանին Բաքուն մեղադրում է այսպես կոչված «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատելու» մեջ, և ադրբեջանական դատարանը չորս ամսով կալանավորեց վերջինիս։

Ռուբեն Վարդանյանը միևնույն ժամանակ ճանաչված գործարար է, ով ունի միջազգային կապեր և Արցախի շրջափակման օրերին այդ կապերն օգտագործում էր այնտեղ տիրող ծանր իրավիճակն աշխարհին ներկայացնելու համար։

Միջազգային մամուլն ակտիվորեն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը, որը ոչ այլ ինչ էր, քան փաստացի առևանգում։

Բրիտանական The Guardian պարբերականը հայտնել է, որ Արցախի նկատմամբ իր կայծակնային հարձակումից մեկ շաբաթ անց կալանավորել է տեղի կառավարության նախկին ղեկավարին։ Հրապարակման մեջ նշվել է, որ մեծահարուստ գործարարը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ նա տեղի բնակչության հետ միասին փորձել է հատել ադրբեջանական անցակետը և մուտք գործել Հայաստան։

Պարբերականը նաև հիշեցրել է, որ Վարդանյանն իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում՝ նախքան ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխվելը, որտեղ նշանակվել է պետնախարար, իսկ 2023 թվականի փետրվարին պաշտոնանկ է արվել, սակայն տարածաշրջանում շարունակեց մնալ ազդեցիկ դեմք։ Բացի այդ, The Guardian-ը նաև նշել է, որ Վարդանյանը ավելի վաղ տված հարցազրույցում հայտնել էր, որ ինքը գիտի, որ ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում ինքը կհայտնվի նրանց թիրախում։

Վարդանյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև BBC-ն՝ նշելով, որ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդին, երբ նա փորձում էր լքել անկլավը և անցնել Հայաստան։ Նշվում է, որ Վարդանյանի կինը աջակցության կոչով դիմել է նրան՝ անվտանգ ազատ արձակելու համար։

Նշվում է, որ շուրջ 50․000 էթնիկ հայեր այժմ լքել են Լեռնային Ղարաբաղը, որը նախորդ շաբաթ բռնագրավվել էր Ադրբեջանի կողմից: Լրատվամիջոցը հայտնել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը այն երեք տասնամյակ վերահսկվում էր հայերի կողմից, իսկ նոր բռնության մտավախություններն առաջացան այն ժամանակ, երբ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին շրջափակեց Արցախ տանող և կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։

«Սեպտեմբերի 20-ին հաստատված զինադադարը վերջ դրեց 24-ժամյա մարտերին։ Ադրբեջանն ու Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են սկսել՝ անկլավն Ադրբեջանին ինտեգրելու շուրջ։ Սակայն տարածաշրջանի 120,000 էթնիկ հայերից շատերը վախենում են, որ ապագա չունեն Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հրապարակման մեջ:

Իտալական Politico-ն իր ընթերցողին տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի նախկին առաջնորդը ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից, երբ նա տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների հետ փորձում էր հեռանալ պատերազմից ավերված շրջանից: Հաղորդվում է, որ Վարդանյանն արժանացել է Ադրբեջանի զայրույթին, երբ տարածաշրջանում դիմակայություն էր ընթանում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ վերջինիս «ուղարկել են Մոսկվայից՝ շատ հստակ օրակարգով»:

Բացի այդ Politico-ն հիշեցրել է, որ Վարդանյանը նշել էր՝ սեփական տունը կորցնելու երկընտրանքի առաջ կանգնած արցախահայերը պետք է հասկանան, որ երրորդը ճանապարհը պայքարելն է։ «Մենք պատերազմ չենք ուզում, բայց այս երեք տարբերակներից մենք պետք է ընտրություն կատարենք, նույնիսկ եթե դա վտանգավոր է, և դուք կարող եք կորցնել ձեր կյանքը»,- ասել էր նա:

Վարդանյանի ձերբակալությանը անդրադարձել են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են The Washington Post-ը, Al Jazeera-ն և այլն։ Հրապարակումներին հիմնական շեշադրումներն այն մասին են, որ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարարին, ով դեմ էր Բաքվին ինտեգրելու օրակարգին և հանդես էր գալիս պայքար ծավելելու օգտին։

Միևնույն ժամանակ միջազգային լրատվամիջոցները գրեթե անտարբեր մնացին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի նկատմամբ, որը հանգեցրեց Արցախի նկատմամբ վերջինիս վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև Արցախի հայաթափմանը։ Բացի այդ, հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ՝ այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում, չնայած այն բանին, որ Բաքուն պնդում էր, թե իբր իր կողմից թիրախավորվել են բացառապես Արցախում գտնվող ռազմական օբյեկտները։

Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և Արցախի ցանկացած այլ բնակչի առևանգման փաստը դատապարտելի է, սակայն ակնհայտ է, որ միջազգային ԶԼՄ-ները հերթական անգամ ցուցաբերում են խտրականություն։ Երբ խոսքը վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, ով ունի հեղինակություն և անձնական կապեր, ապա վերջինիս ձերբակալությունն արժանանում է լայն արձագանքի, Բաքվի գործողություններն առարկայական գնահատական են ստանում, մինչդեռ երբ Ադրբեջանը ամիսներ շարունակ շրջափակում էր Արցախը, ագրեսիա էր իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց վերջիններիս հայրենազրկմանը, միջազգային արձագանքը կա՜մ բացակայում էր, կա՜մ էլ չափազանց թույլ էր, որը որևէ կերպ չէր կարող զսպել Բաքվի ախորժակը։

Իսկապես Հայաստանի իշխանություններն իրենց անհեռատես քաղաքականության արդյունքում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուհետև հայտարարել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ներառվում է նաև Արցախը, ինչն էլ ազատել է Բաքվի ձեռքերը և փաստացի լեգիտիմացրել վերջինիս ագրեսիան։ Չնայած այս ամենին ադրբեջանական ագրեսիան չի կարող որևէ արդարացում ունենալ, որը հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել, իսկ միջազգային հանրությունը գրեթե անտարբեր մոտեցում է ցուցաբերել։ Սա ոչ այլ ինչ է, քան երկակի չափանիշների կիրառման բացահայտ օրինակ, որը միևնույն ժամանակ աղետալի հետևանք ունեցավ Արցախի 120 հազար բնակչության համար։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
17:38 Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է Ford-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 վիրավոր. shamshyan.com
10:05 Երևանում հայտնի «մահաբեր» ճանապարհին Mercedes-ը մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել է կամրջի տակ․ կա զոհ․ shamshyan.com
13:58 Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. վարորդներից մեկը քննիչ է. shamshyan.com
17:11 «Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
10:00 Սխալ դասեր աշակերտներին
19:49 Երևանում բախվել են Nissan-ը և Kia-ն. վերջինը բախվել է պարսպին. կա 3 վիրավոր. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի