«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորում՝ Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու համար։ Պարբերականը մեջբերում է վարչապետի ճեպազրույցից այն հայտարարությունը, թե հնարավոր է իշխանությունը ցույց անի խորհրդարանի առաջ, որպեսզի ժողովուրդը ընդդիմությունից պահանջի կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Թերթը հիշեցնում է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարան ներխուժելու դեպքերը և նշում, որ Փաշինյանը կտրվել է իրականությունից, եթե հույս ունի, թե մարդիկ դուրս կգան փողոց՝ Ալիևի պահանջը կատարելու համար։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է 569․4 միլիոն դրամի մրցույթ՝ 20-ից 40-տեղանոց վրանների ձեռքբերման համար։ Ըստ պարբերականի՝ նախատեսված գումարից ենթադրվում է, որ գնվելու է շուրջ 1400-ից 1500 վրան, որոնք նախատեսված կլինեն նվազագույնը 45 հազար անձի համար։ Հրապարակման մեջ կարծիք է հայտնվում, որ հաշվի առնելով պետական գույքն օտարելու իշխանությունների քաղաքականությունը՝ չի բացառվում ավանդական զորանոցների հետագա մասնավորեցումը, կամ էլ բանակը պատրաստվում է առավել լուրջ միջոցառումների։
Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից հոկտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:31-ին, գրանցվել է 2․6 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջերմուկ քաղաքից 15 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։ Ստորգետնյա ցնցումները 2-3 բալ ուժգնությամբ զգացվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք բնակավայրերում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում։ Պայթյունը տեղի է ունեցել լիցքավորման սարքի մոտ, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, ոստիկանության, պարեկային ծառայության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են գազալցակայանի և «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Էջմիածին-Երևան ճանապարհի Մուսալեռ բնակավայրի հատվածում, բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով մեքենաներից մեկը բախվել է նաև կայանված 2 ավտոցիստեռնի։ Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներն ու պարեկները, իսկ փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների, սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «BMW»-ի վարորդն ու մեքենայում գտնվող 3 ուղևորները ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողներ են․ վերջիններս, բարեբախտաբար, չեն տուժել։
The Wall Street Journal-ը հայտնում է, որ Ուկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ Դոնալդ Թրամփի գործադրած ճնշումների պատճառով։ Ըստ պարբերականի՝ ոչ պաշտոնական դադարը կտևի առնվազն մինչև ԱՄՆ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները։ Թրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարձակումները՝ մեղադրելով Կիևին վառելիքի գների բարձրացման մեջ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Օսլոյում ընթացող բանակցությունների ժամանակ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, առաջարկել է 30-օրյա դադարով ցույց տալ Ուկրաինայի երախտագիտությունը ԱՄՆ միջնորդական ջանքերի համար։ Միաժամանակ նշվում է, որ Թրամփը դրանից հետո դիմել է Իլոն Մասկին՝ Ուկրաինայում Starlink-ը վերականգնելու խնդրանքով, թեև աղբյուրները պնդում են, որ այս հարցերը կապված չեն։