Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:17 06-09-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա):

Ողջունելով հյուրին նախագահն ասել է.

«Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում:

Ակտիվ և մոբիլիզացված Սփյուռք կա Կանադայում և, չնայած տխուր է, որ հեռանում եմ, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը գիտեմ, որ շատ լավ գործ է անելու: Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ