copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:34 15-08-2023

Քաղաքական ոչ մի հարցում մենք չենք հաջողի, եթե Աշոտյանի համար չպայքարենք․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանային լարվածության և ողբերգական լրահոսի ֆոնին Ա. Աշոտյանի կալանքի երկարաձգումը մի տեսակ սովորական ընդունվեց։ Այնինչ դա շատ լուրջ, շատ այլանդակ ու վտանգավոր երևույթ է։

Իրավիճակը փոխելու համար պետք է փոխել նարատիվները՝ բոլոր հիմնական հարցերում։

Սխալ նարատիվ 1
«Միակ մեղավորը Նիկոլն է, իսկ քննիչ, դատախազ, դատավոր ի՞նչ կարող են անել, նրանք ընդամենը համակարգի մաս են»։ Ու սա բազմաթիվ մանր-միջին-բարձրաստիճան պաշտոնյաների տալիս է հանրային ինդուլգենցիա՝ անելու ամեն անօրինականություն։ Նիկոլի իշխանությունը, ի թիվս այլ պատճառների, պահպանվում է նրան հլու ծառայող և մեր կողմից «նորմալ» համարվող հազարավոր սպասարկուների շնորհիվ։

Այս նարատիվը կոպիտ սխալ է, որովհետև այս շերտը խաղում է այլ անձանց ճակատագրերի հետ, վնասում, խոշտանգում է մարդկանց, թունավորում այլոց ընտանիքների կյանքը։ Հետևաբար՝ այս խավը և անհատապես յուրաքանչյուր անօրինականություն անող կրում են անձնական մեծ պատասխանատվություն։

Սրա մեջ մտնում են իբր տուն պահողները, իբր այլ միջավայրերում Նիկոլ մերժողները, բայց նրա նկարի տակ կաբինետներում ամեն անօրինականություն անողները և այլոք։

Սխալ նարատիվ 2
«Պայքարում ենք, հայտարարություն ենք արել»։ Մի անշառ հայտարարություն ստորագրելը չի կարելի նույնականացնել իրական պայքարի հետ։ Եթե կա անարդարություն և որոշվել է պայքարել, ուրեմն պետք է պայքարել՝ համառորեն, գրագետ, երկարաժամկետ, պատրաստ լինելով տհաճ վիճակների ու տարբեր տիպի զրկանքների։

Ի պաշտպանություն Ս. Սմբատյանի դատախազին և վարչապետին ուղղված նամակները, որտեղ կասկածի տակ չի դրվում «դատաիրավական համակարգի անաչառությունը», անհասկանալի է։ Նման շատ բաներ կարելի է անել, բայց պետք է հասկանալ, որ այս իշխանությունը թքած ունի Ձեր և մեր ստորագրած թղթերի վրա։ Նամակներ իհարկե պետք են, բայց դրանք շատ փոքր մասն են իրական պայքարի։

Հարցերը պետք է հստակ դնել։ Եվ երաժշտական աշխարհում թող ձևեր չթափեն, թե իրենք «քաղաքականությամբ չեն զբաղվում»։ Հենց հիմա իշխանությունը իր ընկեր-ընկերուհի-բարեկամ, երաժշտական աշխարհի անմռունչ հայաքի տակ, տեղավորում է տնօրենների պաշտոններում։ Պետական նվագախումբը կազմված է առաջին հերթին քաղաքացիներից, հետո նոր՝ երաժիշտներից, ու քաղաքացի-երաժիշտները ի պաշտպանություն իրենց դիրիժորի կարող են քաղաքացի-հանդիսատեսին հրավիրել ամենօրյա համերգների՝ կառավարության կամ դատախազության շենքերի առաջ՝ որպես պայքար և ի աջակցություն։

Նույն տրամաբանությամբ քաղաքական ոչ մի հարցում մենք չենք հաջողի, եթե Ա. Աշոտյանի համար չպայքարենք՝ ավելի համառ, ավելի զանգվածային, ավելի բազմաժանր։ Գույքի համար ավելի համառ ու հաստատակամ ենք պայքարում, քան՝ քաղաքական գործըկերո՞ջ, նույնիսկ եթե նա քաղաքական օպոնենտ է։ Մարդուն ինչո՞ւ եք կալանավորում։

Սխալ նարատիվ 3
«Եթե մեղավոր է, թող կալանավորվի»։ Վերջապես ու մեկընդմիշտ բացատրել է պետք «քաղաքականությամբ չզբաղվող» լայն հասարակությանը, նրա ուսյալ շերտերին և իբր առաջադեմներին, որ կալանքը կապ չունի մեղսագրվող արարքի հետ։ Թող լինի քննություն, դատավարություն, բայց մարդը ինչո՞ւ պետք է լինի բանտախցում։ Դիրիժորին ինչո՞ւ եք կալանավորել։ Մի քաշվեք, նույն հարցը տվեք հոր մասին։ Կալանքը չպիտի օգտագործվի որպես պատժի, խոշտանգման միջոց։ Մեզ մոտ հիմա հենց այդպես է արվում։ Կալանքի նպատակները քննության համար այլ են ու շատ հստակ։ Մարդուն ինչո՞ւ եք կալանք տվել։ Աշոտյանին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Մի ձայն չհանող Գ. Խաչատուրովին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Ո՞ր իրավունքով։ Մարդկանց հասարակությունը նման հարցերը պետք է սարքի սուր օրակարգային, բայց նրան պետք է օգնեն վերնախավերը-կազմակերպողները։

Սխալ նարատիվ 4
«Մեղավորը Սորոսն է, Արևմուտքը և լռող սորոսական քաղհասարակությունը»։

Ազնիվ պիտի լինենք ու հարցնենք ինքներս մեզ. այս իշխանության հայտնվելու հենց առաջին օրերից, երբ պարզ էր, որ գնալու են տոտալ դատաիրավական տեռորի ճանապարհով, ի՞նչ արեց մեր գիտակից և մեծ ռեսուրսների տիրապետող քաղաքական, հանրային ու բիզնես վերնախավը։ Ստեղծե՞ց իրավապաշտպան մեխանիզմներ, որոնք կպաշտպանեին թիրախավորված ու հարձակման ենթարկվող ակտիվ գործիչներին, ստեղծե՞ց ինֆորմացիոն ռեսուրսներ՝ հասարակությանը բացատրելու համար, թե ինչի համար է կատարվում ամենը, արե՞ց որևէ ներդրում՝ իրավական տեռորի պոտենցիալ զոհերին նախապես ապահովագրելու համար։ Թե՞ ամեն մեկն իր անձնական հարցերը քչից-շատից լուծելով, պայմանավորվածությունների գալով՝ դատարկ թողեց հանրային իրավապաշտպանության կարևորագույն դաշտը։ Ի սկզբանե պարզ էր, որ թմբկահարվող «սորոսական» քաղհասարակությունն այլևս չի ունենալու ակտիվ դերակատարում, և այդ դատարկ տեղը լրացնել է պետք։ Չարվեց։

Սխալ նարատիվ 5
«Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, ավելի կարևոր հարցեր կան»։

Եկեք գիտակցենք, որ դատաիրավական բեսպրեդելը ավտոնոմ պրոցես չէ, որն ընթանում է մի առանձին վերցրած, մեկուսի ոլորտում։ Սա երկրի, պետության ընդհանուր փլուզման, ընդհանուր անվտանգային համակարգի խաթարման մասն է, ու դրան պետք է լրջագույն վերաբերմունք ցույց տալ։ Այդ բեսպրեդելի, դատաիրավական այդ տեռորի դեմ պետք է պայքարել նույնքան կենտրոնացած ու լրջորեն, որքան պայքարում ենք հանուն երկրի անվտանգության, հանուն Արցախի, հանուն բանակի և այլն։ Դատարանների շրջափակման տխրահռչակ ակցիան երկրի թուլացման և պատերազմի սանձազերծման հարցում նույնքան լուրջ դերակատարում ունեցավ, որքան դիվանագիտական ոլորտում իրար հետևից թույլ տրվող «սխալները»։

Հիմա հանրային ակտիվ ու գիտակից շրջանակների պատկերացումները հստակեցնելու ճիշտ պահն է։ Մենք ինքներս մեզ համար պիտի պարզ հասկանանք կատարվող պրոցեսները, որ կարողանանք հասկանալի դարձնել դրանք ավելի լայն հանրության համար։

Ուրեմն սկսենք նարատիվների շտկումից»։

Ամենից շատ դիտված