Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյան․ մամուլի անագե զինվորիկը
Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյան․ մամուլի անագե զինվորիկը
copy image url

Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյան․ մամուլի անագե զինվորիկը

Ներքին 1 տարի առաջ - 21:44 31-07-2023
Հայ ժողովրդի արգանդը միշտ էլ չափազանց բեղուն է եղել․ ով ասես որ դուրս չի եկել այնտեղից, բայց երբեմն այնտեղից դուրս են եկել այնպիսի դեմքեր, որ նույնիսկ արգանդն է զարմացել, թե մի՞թե ինքն ընդունակ էր նման բանի։

Այդպիսի մի երևելի դեմք էլ Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյանն է, որի ծնունդից հետո, ասում են, հայոց արգանդը որոշել է այլևս ոչ մեկին չծնել՝ կարծելով, որ հայկական հազարամյա բոլոր վշտերի համար ինքն արդեն վրեժխնդիր է եղել համայն աշխարհից։ Բայց գիտնականները պնդում են, որ արգանդը քիչ անց փոշմանել է և ծնել է ևս որոշ ՔՊ-ականների։

Չար լեզուներն ասում են, որ փողով գրող որոշ փորձագետներ, մոտիկից տեսնելով Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյանին, համատեղ ուսումնասիրություն են սկսել, որով փորձել են ապացուցել, որ Մեծամորի ատոմակայանի թափոններով Արմավիրի միրգ-բանջարեղենը ջրելն ուղիղ ազդեցություն է թողնում հայկական գենետիկայի վրա, բայց «Կիսաբաց հասարակություն» հիմնադրամը չի ֆինանսավորել այդ ուսումնասիրությունը, և այն մնացել է թղթի վրա։ Բայց սա ստոր հերյուրանք է, որին չի կարելի հավատալ։

Մեր սիրելի ընթերցողի մոտ հարց կարող է առաջանալ, թե ով է վերջապես Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյանը, որին ինքը վատ է ճանաչում։ Եթե Դուք այդ հարցը տալիս եք, ապա իմացեք, որ Հայաստանն այս վիճակում հայտնվել է հատկապես Ձե՛ր պատճառով, և ոչ մի հեշթեգ կամ ստորագրահավաք չի կարող մի գրամ անգամ թեթևացնել Ձեր մեղքը․ ինչպե՞ս կարելի է չճանաչել մեր ժամանակի ամենապայծառ դեմքերից մեկին, իսկ ավելի կոնկրետ չորրորդ ամենալուսավոր դեմքին՝ Հեղափոխության հորից, մորից, զավակից (Մայրամիգին ու Աշոտիկին մի պահ միացնենք) անմիջապես հետո։ Այսինքն՝ Նոր Հայաստանում պետք է խոսել (ան)սուրբ չորրորդության մասին, որտեղ Դանիելը, կարելի է ասել, կատարում է հրեշտակապետի-Մագդաղենացու-Տրոցկու միջև ինչ-որ մի միջին դեր։

Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, նախ Դանիելը Նոր Հայաստանի նոր ոստիկանության, այսինքն՝ պարեկային ծառայության հոգևոր հայրն է․ նա է անձամբ ծնել, ստեղծել, ցնկել բոլոր պարեկներին։ Դա է պատճառը, որ բոլոր պարեկներն իրար նման են․ նրանք բոլորը մի հորից են, թեկուզև՝ հոգևոր հորից։

Բացի դրանից՝ Դանիելն իր վտիտ ուսերին է կրում ժողովրդավարության բաստիոն մնալու մեր վերջին տիտղոսը, բոլորին թվում է, որ ահա-ահա, այդ տիտղոսը նա կգցի իր ոտքին, ինչից հետո նրա գլանները կուռեն, բայց ինչպես տեսնում ենք, բաստիոնն անառիկ է, հետևաբար, պետք չէ մեկ աչքով նայել վտիտ ուսերին։

Մի փոքրիկ մարդու փոքրիկ հոդվածիկը չի կարող բացահայտել Դանիելի նման մեծության ողջ էությունը․ նա ֆիզիկոս է, իրավապաշտպան, գրանտագետ, ժողովրդավարության փորձագետ, հայրենիքը տեղում պաշտպանելու ու տեղում հանձնելու փիլիսոփայության համահեղինակ, ինքնատուգանիչ ու ինքնապատժիչ, և այլն, և այլն, բայց նաև հայկական Լոմոնոսովը կամ Լեոնարդոն ազատ խոսքի ու անկախ մամուլի համաշխարհային մեծության վերջին մասնագետն է։

Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյանը ֆեյսբուքյան մի գրառմամբ ոչնչացրեց հայկական ողջ մեդիադաշտը, կտրուկ, առանց ավելորդ զիջումների․ ես, ճիշտն ասած, հոգուս խորքում շատ ուրախացա, որ ֆեյսբուքյան գրառման պահին Դանիելի սրտում Մագդաղենացին ավելի զորեղ է եղել, քան Տրոցկին, որովհետև կարող էր այդ ամենն ավարտվել ոչ թե գրառմամբ, այլ գնդակահարությամբ։ Ասենք՝ պարեկները գային մեր տուն, ստուգեին ձեռքիս ափերը, և այնտեղ մազոլներ չգտնելով՝ տեղում գնդակահարեին կամ կացնահարեին ինձ՝ համարելով, որ ես ժողովրդի հեղափոխության թշնամին եմ։ Դրա համեմատ ի՞նչ է փողով գրող, կեղծ լուրեր տարածող մեղադրանքը։

Ֆեյսբուքյան այդ գրառումից հետո, գործընկերներիս մատնելով, ուզում եմ ասել, որ մի ընդհանուր չաթում քննարկվում էր միասին՝ 96 հոգով հրապարակային ինքնասպանություն գործելու գաղափարը․ նրանք, ովքեր փող են ստանում ընդդիմության մի թևից, ասում էին՝ եկեք խառակիրի անենք, բայց նրանք, ովքեր փող են ստանում մյուս թևից, ասում էին՝ եկեք թույն խմենք։ Ի վերջո, ընդհանուր եզրակացության չգալով՝ առաջարկ հնչեց, որ ով ինչի կողմնակից է, թող այդպես էլ մեռնի, բայց երկու թևերի միջև անվստահության հետևանքով այս գաղափարը ևս տապալվեց։

Դրանից հետո, ով հրաշք, պարզվեց՝ Դանիել Մաման-Ծաղկաման Իոաուէըիեննիսյանը մի թեթև խմբագրել է իր գրառումը՝ կարծես թե հասկանալով, որ եթե Հայաստանում միակ լրագրող մնա Նիկոլ Փաշինյանը, ինքն իր Մաման-Ծաղկամանը կտեսնի, բայց մամուլի համար գրանտներ չի տեսնի։

Այնուամենայնիվ, քանի որ Դանիելը անչափ բարի է, ես ուզում եմ ապաշխարել Հեղափոխության առաջ։ Այո, ես փողով գրել եմ։ Մի անգամ՝ իններորդ դասարանում մեր դասարանի Ստեփանի համար փողով շարադրություն եմ գրել, մի անգամ էլ երկրորդ կուրսում Աբովյանի թիվ 2 դպրոցի աշակերտների համար՝ Վերջին զանգի սցենար։ Դրա համար չեկ չեմ տպել, փողը վերցրել եմ առձեռն, հարկեր չեմ վճարել, մենակով կերել եմ ամբողջ փողը, բայց պատրաստ եմ ողջ գումարը փոխանցել Հեղափոխության հիմնադրամներից մեկին, որովհետև նորից քրեական գործով անցնելու հավես, ճիշտն ասած, չունեմ։

Ավելին ասեմ․ ոչ միայն ես եմ փողով գրող, այլև ես շատ հայտնի փողով գրողների ընտանիքից եմ։ Բայց ի տարբերություն իմ նախնիների, որոնք կարճ-մարճ բաներ էին գրում, ես ձգտում եմ լիովին արժանանալ այն փողին, որ ինձ տալիս են գրելու համար, և գրում եմ միայն երկար բաներ։ Ամփոփելով ասեմ, որ մեր ընտանիքում չի եղել դեպք, որ մայրը որդու վրա գրի, թե որդին ուզում է իրեն բռնաբարել․ մի խոսքով, շատ անհամ ու անհետաքրքիր, փողով գրողների ընտանիք է մեր ընտանիքը։

Եվ վերջում, ուզում եմ ասել, որ Դանիելի կերպարով հերքվեց հարյուրամյա այն սին տեսակետը, թե անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները, պարզվեց, որ փողին մունաթ, լավ գրանտի դեպքում ինչ-որ մակույկներ, այնուամենայնիվ, կարող են։

Գևորգ Էմին-Տերյան
Oragir.News լրատվական կայքի՝ տոնածառի այրման գծով առաջատար մասնագետ

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ