Ներքին 3 տարի առաջ - 19:11 27-07-2023

Բացվել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին՝ ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանել շփումները մշակույթի գործիչների միջև և զարգացնել մշակութային բազմազանությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակում տրամադրվում են դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ այն համարելով Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն:

«Հայաստանի և Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է՛լ ավելի են զարգանում. դրա մասին է վկայում նաև այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագիրը: Այսպիսով, մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլև մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ,-ասել է նախարարը և հավելել,- «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում մշակութային համագործակցության հիմքում դրված նպատակներն ամբողջովին համահունչ են «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը»»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ թե՛ ռազմավարության, թե՛ համաձայնագրի առանցքային նպատակներն են մշակութային կյանքի հասանելիությունը և ներառականությունը, մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումը, դրանց զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող ու ստեղծող երկիր և այլն:

«ԿԳՄՍ նախարարությունը մեծապես կարևորում է գրասենյակի առաքելությունը՝ ուղղված եվրոպական մեծ մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը և կշարունակի շարունակական աջակցություն ցուցաբերել տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Մաղթում եմ աշխատանքային խմբին անխափան գործունեություն, իսկ ստեղծարար ոլորտի հանրությանը՝ հաջողված նախագծերի իրականացում Եվրամիության մշակութային դաշտում»,- եզրափակել է խոսքը Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ընդգծել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կարևորությունը հստակ գործիքակազմի, աջակցող մեխանիզմների առկայության տեսանկյունից և նշել՝ ճիշտ համակարգման պարագայում գրասենյակի գործունեությունը կգրանցի շարունակական հաջողություններ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհավորել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով կարևոր քայլ մշակույթի ոլորտի բոլոր նախաձեռնություններում: Ըստ դեսպանի՝ ծրագրի նպատակն է թիրախավորել մշակույթի ոլորտում առկա կարիքները և ապահովել մշակութային բազմազանությունը Հայաստանում:

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն գրասենյակի առաքելության իրականացմանն ու ոլորտի զարգացմանը:
Բացման արարողությունն ուղեկցվել է տաղանդավոր պատանի երաժիշտների (քանոնահարներ) համերգային կատարմամբ:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում