copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:20 18-07-2023

Արայիկ Հարությունյանի նստացույցը հարված է Արցախի պետականությանը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Արցախի նախագահն ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի նստացույց անողներին։

Նա նշեց, որ այս ծայրահեղ քայլին դիմում է, քանի որ վիճակն օրհասական է և ոչինչ չի մնում անելու, քանի որ միջազգային հանրությունը միայն բարի խոսքերով է սահմանափակվում և գործուն քայլեր չի իրականացնում։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չցանկացավ գնահատական տալ Հարությունյանի քայլերին, նշել՝ տեղին է, թե ոչ։

Հակոբյանըն ասաց, որ ստեղծված իրավիճակում, անկախ ամեն ինչից, Արցախի Հանրապետությունը պետություն է իր ինստիտուտներով և 30 տարվա պատմություն ունի․ «Այս պարագայում նախագահի այս քայլը ուղիղ վտանգ է հենց պետությանն ու պետականությանը, որովհետև, ըստ էության, ինքն այլևս իրեն Սահմանադրությամբ լիազորված պարտավորությունները չի կատարում։ Այս պահին կատարում է պարտավորություններ, որը ինչ-որ անձ է որոշել, Արայիկ Հարությունյան անուն ազգանունով։ Անձի տեսանկյունից դա, միգուցե, նորմալ լիներ՝ անձ է, հուզական վիճակի մեջ է հայտնվել և որոշել է այդ քայլին գնալ»։

Հակոբյանը ընդգծեց. «Նման քայլերը քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանն են հարիր, բայց ոչ երբեք երկրի նախագահին»։

Ըստ Հակոբյանի՝ սա խնդիրների հետևում թաքնվել է նշանակում։
«Ինքը պարտավոր է ոչ թե թաքնվել խնդիրների հետևում, այլ լուծել այդ խնդիրները»։

Հակոբյանի խոսքով ավելի տեղին կլիներ այն, որ Հարությունյանը պատերազմի ավարտից հետո հրաժարական տար, գնար, ոչ թե երկրը հասցներ նման իրավիճակի և նման ցուցադրական դրսևորումներ աներ։
«Հարությունյանը իր այդ քայլով առավել է թուլացնում Արցախը, քան հնարավոր էր թուլացնել»,- եզրափակեց Հակոբյանը։