copy image url
Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 22:00 14-07-2023

ՀՀ-ում նախարարների մեծ մասը չի ծառայել բանակում, Իսրայելում՝ անգամ կին նախարարն է ծառայել

Հայաստանի Հանրապետության նման փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հարցը, թե կառավարության անդամներից ովքեր չեն ծառայել զինված ուժերում, և ինչ պատճառով են նրանք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր գործունեության ժամանակ մշտապես քննադատում էին բանակում չծառայած պաշտոնյաներին, սակայն ուշագրավ է, որ ներկայիս կառավարության անդամների մեծամասնությունը նույնպես չի ծառայել բանակում։

Մասնավորապես բանակում չի ծառայել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմական իրավիճակում հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և մի ժամանակ պնդում էր, որ որևէ մեկը չպտեք է կասկածի իր հրամանատարական ունակությունների վրա։ Փաշինյանի համար պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նրա երկու եղբայրները ծառայել են զինված ուժերում, իսկ այն ժամանակվա օրենսդրությունը թույլ էր տալիս, որ նման իրավիճակում ընտանիքի երրորդ զավակն ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական տարկետում է ստացել:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը չի ծառայել բանակում՝ առողջական խնդիրների պատճառով, որոնք չեն հրապարակվում։ Նույն պատճառով բանակում չի ծառայել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բանակում չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված։ Բանակ մեկնելու շրջանում ծնվել է նրա երկրորդ երեխան, ինչի շնորհիվ էլ Սանոսյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից։

Կառավարության անդամներից բանակում չեն ծառայել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արդարադատության նախարար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Կառավարության պաշտոնական կայքում թեև նշված չէ՝ արդյոք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ծառայե՞լ է բանակում, թե՞ ոչ, սակայն նրա կենսագրության վերջում նշվում է, որ պահեստի սպա է։ Նույնը նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դեպքում է. նշվում է, որ նա զինապարտ է, շարքային։

Հայաստանի կառավարության անդամներից բանակում ծառայել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանը պետք է առաջ շարժվի զարգացման իսրայելական մոդելով, քանի որ այդ երկիրն իր անհամեմատ փոքր տարածքի և ունենած խնդիրների հետ մեկտեղ կարողացել է հասնել ռազմական հզորության այնպիսի աստիճանի, որ այսօր անգամ համաշխարահային գերտերություններն են իր հետ հաշվի նստում։

Իհարկե, Իսրայել պետության հզորացման գործընթացում չափազանց մեծ դեր է խաղացել երկրին ցուցաբերված ռազմաքաղաքական և ֆինանսական աջակցությունը, սակայն մի շարք ներքին հարցերում իսրայելական փորձը Հայաստանի համար կարող է օրինակելի լինել։

Oragir.News-ը ուսումնասիրեց նախորդ տարեվերջին ձևավորված և ներկայումս գործող Իսրայելի կառավարության կազմը, որի արդյունքում պարզ դարձավ, որ Իսրայելի կառավարության անդամների բացարձակ մեծամասնությունը ծառայել է երկրի զինված ուժերում։ Իսրայելի կառավարության անդամներից եզակի գործիչներ բանակում չեն ծառայել, իսկ չծառայելու պատճառ է հանդիսացել կա՛մ զինապարտության տարիքում արտասահմանում բնակվելու, կա՛մ կրոնական ուսումնական հասատատություններում ուսանելու փաստը։ Կառավարության անդամներից մեկն էլ՝ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, ազատվել է զինվորական ծառայությունից իր ծայրահեղական հայացքների համար։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 1967 թվականին Միացյալ Նահանգներից վերադարձել է Իսրայել՝ երկրի պաշտպանության բանակի շարքերին միանալու համար։ Վերջինս դարձել է Sayeret Matkal հատուկ նշանակության ջոկատայինների թիմի ղեկավար և մասնակցել մի քանի առաքելությունների՝ նախքան զինված ուժերից իր զորացրումը։

Բացի այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Իսրայելի տեղեկատվության կին նախարար Գալիթ Դիստել-Աթբարյանն անգամ ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կազմում։ Գուցե Հայաստանի կառավարությունը հենց իսրայելցի այս պաշտոնյայի փորձը հաշվի առնելով էլ վերջերս որոշում ընդունեց, որով կանանց հնարավորություն է տրվում վեցամսյա կամավոր-պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանի կառավարության անդամների մեծամասնությունը տարբեր պատճառներով չի ծառայել զինված ուժերում, մինչդեռ Իսրայելում անգամ կին նախարարն է ծառայել բանակում։ Սա պետության և պետականության նկատմամբ տվյալ իշխանության վերաբերմունքը բացահայտող լավ ցուցիչ է, որից հասարակությունը պետք է լուրջ հետևություններ անի։

Ամենից շատ դիտված