Երևան +14°
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:03 14-07-2023

Թուրքերի հետ չենք ուզում հարևանություն անել, դեմ ենք Մարգարայի սահմանի բացմանը․ բնակիչներ

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

«Անհանգստություն կա, մենք չենք ուզում, դեմ ենք, որ սահմանը բացվի, թուրքերի հետ չենք ուզում հարևանություն անել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչներից մի կին։

«Բոլորս քաղաքականությունով ենք զբաղվում, ամեն անգամ լրաբերը լսում ենք, որ Էրդողանն ասում է՝ մենք կանգնած ենք Ադրբեջանի կողքին, մենք էլ իրենց չենք վստահում»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը։

Անցակետից 2-3 փողոց այն կողմ ապրող բնակիչներից մեկն էլ ասաց, որ չի գնացել անցակետի մոտ և անձամբ չի տեսել այնտեղ ընթացող շինարարությունը, բայց նաև չի հավատում, որ նման բան կարող է լինել, ինքը չի ուզում՝ թուրքերն իր գյուղով անցնեն։

«Հնարավոր չի, որ բացվի, դեմ կլինեն ժողովուրդը, երչևի չբացվի, ես դե՛մ եմ։ Հիմա մեր տան դռները բաց քնում ենք, մեր երեխեքն ազատ դուրս են գալիս, խաղում են, իսկ այդ ժամանակ կվախենանք։ Մենք ասացինք, որ չբացվի, բայց ո՞վ պետք է մեր ասածին նայի, որ Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայն է, էլ ժողովուրդն ի՞նչ կարող է անել։
Բայց Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, ես իրեն մեղավոր չեմ ճանաչում, ինքը շատ արդար մարդ է, սա Նիկոլի արածը չի։ Անմեղ Նիկոլն եկել է, ինչ անուն ասես՝ կպցրեցին Նիկոլին։ Մենք մոլորված ենք, պատժված ենք, չգիտենք՝ վաղը մեր գլխին ինչ է գալու։ Նիկոլ Փաշինյան, ես չեմ ուզում, որ սահմանը բացվի, ես ահ ու վախով պետք է ապրեմ, չեմ կարող իմ ընտանիքի հետ հանգիստ ապրել այստեղ, ես չեմ ուզում․․․»։

Նույն փողոցի բնակիչներից մեկ ուրիշը ևս անհանգստություն հայտնեց․
«Մենք մտահոգ ենք, վախենում ենք, հիմա սահմանը բաց չի, էլի ենք վախենում։ Սահմանի ներսը մարդիկ աշխատում են, ես էլ օրավարձով գնում եմ աշխատանքի, այնտեղ էլ ենք վախենում։ Ասում են՝ այսօր սահմանը մարդ է անցել, այսօր մեկին բռնել են, մեզ չեն թողել գնանք սահման, որովհետև խնդիրներ են առաջացել։ Հիմա ես շատ պուճուր մարդ եմ, ինչ-որ մի բան ասելու համար, մեր խոսելն ինձ թվում է՝ ավելորդ է, ինչ էլ հիմա ասենք, մեկ է մեր ասածը ոչ մի տեղ չի անցնելու»։

Դիտարկմանը, բայց չէ՞ որ նույն իշխանությունները ամեն անգամ, երբ ծանր վիճակում են հայտնվում, հիշում են ժողովրդին, ասում, որ նրանք քվե են տվել իրենց, գուցե հայ-թուրքական սահմանը բացելու համար էլ են քվե տվել իշխանություններին, Մարգարայի բնակիչը ասաց․
«Մենք ձայնը տվել ենք, որ երկրին խաղաղություն լինի, կարողանանք խաղաղ ապրել, մեր երեխեքը խաղաղ ապրեն, աշխատանք լինի, մարդիկ կարողանան ապրել։ Ես ոչինչ չեմ կարող ասել, կարող է բացվի շատ լավ լինի, կարող է բացվի շատ վատ լինի»։

Գյուղացիներից մեկ ուրիշն էլ, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, ասաց՝ շատ լավ տեղյակ է հայ-թուրքական սահմանը բացելու գործընթացից։
«Սկսած բանակցություններից, վերջացրած՝ շինարարության աշխատանքներով։ Շինարարների հետ մոտ ենք, սահմանապահների հետ մոտ ենք, գործը վերահսկողի հետ մոտ ենք, այնպես, որ ամեն ինչից շատ լավ տեղյակ ենք։ Գիտենք, որ 28 միլիոն դրամի կարգի գումար են հատկացրել շինարարական աշխատանքների համար, բայց 10 միլիոն էլ չեն ծախսել և այլն։
Ինչ վերաբերում է սահմանը բացելու կոնկրետ օրվան, բոլորն էլ խոսում են, որ օգոստոսի 1-ին բացելու են, Փաշինյանն ու իր եղբայր Էրդողանն էլ ներկա են լինելու»։

Oragir.News-փորձեց զրուցել հայ-թուրքական սահամանին շինարարական աշխատանքներ կատարող ընկերության պատասխանատուի հետ, սակայն լրատվամիջոցի մուտքը նշված գոտի արգելված էր, իսկ անցակետում ծառայություն իրականացնող սպան փոխանցեց, որ շինարարական ընկերության պատասխանատուն հրաժարվում է հարցազրույց տալ․
«Ասում է՝ լիազորություն չունեմ հարցերին պատասխանելու․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան