copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 15:11 07-07-2023

Ինչ է թաքցնում Լիլիթ Թադևոսյանի պաշտոնյա ամուսինը

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Օրեր առաջ լրատվամիջոցներում հրապարակում էր եղել, որ առողջապահության և աշխատանքի տեսչության ստվերային ղեկավարը Վահագն Գրիգորյանն էր, ով ոչ ավել, ոչ պակաս Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի ամուսինն է։

Պարզվում է՝ նա պետական համակարգում մշտապես պաշտոն զբաղեցնող գորշ կարդինալներից է, ում հաջողվել է այսքան ժամանակ աննկատ մնալ։ Ու թեև նրա կենսագրությունը տեսչականի կայքում տեղադրված չէ, սակայն, ինչպես հայտնի է, վերջինս աշխատել է սոցապ նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, այժմ էլ հավակնում է տեսչականի պետի պաշտոնին։

Մեր ուշադրությունը գրավեց սակայն այն հանգամանքը, որ Վահագն Գրիգորյանն իր հայտարարագրում զարմանալիորեն մոռացել է նշել կնոջ մասին, որպես ընտանիքի անդամներ նշված են միայն երեխաները։ Փոխարենը Լիլիթ Թադևոսյանի հայտարարագրում Վահագն Գրիգորյանը նշված է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեկնաբանություն խնդրեցինք՝ արդյոք նկատել են այս «անմեղ վրիպակը», չեն պատրաստվում ուսումնասիրել հանգամանքները։ Մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Նշենք նաև, որ 2023 թ․-ի մայիսի 24-ին նա հայտարարագրել է 2013 թ․-ին ձեռք բերված բնակարանը, ինչպես նաև այս տարվա մայիսի 18-ին ձեռք բերած ավտոտնակը։ Նա նաև հայտարարագրել է երկու բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա եղել է 400, մյուսի վրա՝ 1 մլն 81 հազար դրամ։

Կանխիկ միջոցների բաժնում նա հայտարարագրել է 28 մլն դրամ։ ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից ստացած եկամուտը կազմել է 864 հազար դրամ։

Հատկանշական է, որ 2023 թ․-ի հայտարարագրում բացակայում է 2022 թ․-ի հայտարարագրում տեղ գտած «Գրիմո» ՍՊԸ-ից ստացած չափաբաժինն ու աշխատավարձը, որոնք համապատասխանաբար կազմել են 4 մլն 204 հազար և 640 հազար դրամ։

Լիլիթ Թադևոսյանը նույնպես հայտարարագրել է Երևանի Արաբկիր համայնքում գտնվող բնակարանը, ինչպես նաև 2022 թ․-ին նվիրատվություն ստացած հողամասը, որը նույնպես գտնվում է Արաբկիր համայնքում։ Թադևոսյանը հայտարարագրել է նաև MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, 12 մլն դրամ բանկային ավանդները, 5 բանկային հաշիվներ, որոնցից մեկի վրա 411 եվրո է, երկրրդին՝ 7մլն 631 հազար դրամ, երրորդին՝ 111 հազար դրամ, չորրորդին՝ 1337 դոլար, 5-րդին տարեվերջին գումար չի եղել։

Տարվա ընթացքում Թադևոսյանի ստացած եկամուտը կազմել է 54 մլն 36 հազար դրամ, որից 35 մլն դրամը «Հայբիզնեսբանկից» ստացած վարկայնի միջոցներն են, 18 մլն 85 հազար դրամը դատական դեպարտամենտից ստացած աշխատավարձն է, շուրջ 702 հազար դրամը Հայ-ռուսական սլավոնական, իսկ 2118 դրամը Երևանի պետական համալարաններից ստացած աշխատավարձն է, 230 հազար դրամը նա ստացել է ՊԵԿ-ից, իսկ 16 հազար դրամը «Հայբիզնեսբանկից» ստացած այլ եկամուտերն են։