Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:30 03-07-2023

Փակ ասֆալտ` հանուն լավ ասֆալտի. Կաքավաձորը ոտքի է ելել

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այսօր Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի բնակիչները մոտ կես ժամ փակել են գյուղը մայրուղուն կապող ճանապարահատվածը։

Oragir.News-ի հետ զրույցում Կաքավաձոր գյուղի վարչական ղեկավար Արգիշտ Մխիթարյանն ասաց, որ գյուղի գլխավոր ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում, և բնակիչների ակցիայի նպատակը ճանապարհի վերանորոգումն է։

«Գյուղի ճանապարհը վատ վիճակում է գտնվում, ծրագրով շահառու կա, մրցույթը տեղի է ունեցել կառուցապատողը կա, բայց ճանապարհի ասֆալտապատումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր, իսկ բնակիչներն էլ պահանջում են, որ շուտափույթ լուծեն այդ խնդիրը»,- ասաց Մխիթարյանը։

Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ ճանապարհը երկար ժամանակ չեն փակել, արագ բացել են։

«Ես ներկա չեմ եղել ակցիային, ես համայնքի ղեկավարի հետ ժողովի էի Թալինի համայնքապետարանում, մեզ ժողովի ժամանակ տեղեկացրին, որ այդպիսի բան է եղել, մենք մոտեցել ենք բնակիչների հետ զրուցել ենք, ճանապարհը բացել են»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը։

Մխիթարյանը նշեց, որ բնակիչների հետ ընդհանուր հայտարարի են եկել, ճանապարհը հնարավորինս սեղմ ժամկետներում կվերանորոգվի։

«Այդ ճանապարհը սուբվենցիոն ծրագրով պետք է վերանորոգվի, այս տասը տարիների ընթացքում այդ ճանապարհը անընդհատ պետք է սարքվեր, և կարելի է ասել՝ ժողովրդի համբերության բաժակը արդեն լցվել էր։ Հիմա էլ երբ եկան, աշխատանքի մեկնարկ տվեցին, հետո դադարեցրին, ժողովուրդը ավելի բորբոքվեց»,- նշեց Մխիթարյանը։

Խոսելով ճանապարհի անմխիթաար վիճակից՝ համայնքի ղեկավարը նկատեց. «Ճանապարհը կառուցվել է 1970-ականներին և առ այսօր չի վերանորոգվել։ Շտապօգնության մեքենաները մի կերպ են կարողանում գյուղ հասնել»։