copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 19:30 26-06-2023

Պրիգոժինի մեկօրյա ապստամբությունը լավ բեմադրված ներկայացում էր

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացված ռազմական ապստամբության, դրա ընթացքի և ավարտի վրա։

Չնայած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Պրիգոժինը դադարեցրեց իր ապստամբությունը, սակայն այն մի շարք հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Ռուսաստանում տեղի ունեցած զարգացումները որակեց որպես բավականին լավ ներկայացում, որի մեջ կար և՛ քաղաքական, և՛ ռազմական կոմպոնենտ։

Նրա խոսքով՝ դա հանգեցրեց նրան, որ բազմաթիվ լրագրողներ և քաղվերլուծաբաններ փորձեցին յուրովի մեկնաբանել այդ մեկօրյա ապստամբություն կոչվածը, եթե դա կարելի էր այդպես գնահատել։ Միջազգայնագետն ընդգծում է, որ դեպքերը նախևառաջ ցույց տվեցին, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպիսի ներքաղաքական ծանր իրավիճակում է գտնվում, ինչպես նաև արտացոլեց ռուսական զինված ուժերի դիմադրողականության և պաշտպանվածության մակարդակը։ «Երբ «Վագներ»-ի առաջնորդը հայտարարում էր, որ իրեն Մոսկվա հասնելու համար մեկ ժամ է մնացել, դա ցույց է տալիս, որ նրանց պաշտպանական համակարգն այնքան էլ բարվոք վիճակում չէ, քանի որ ոչ միայն ներքաղաքական պառակտում է տեղի ունենում, այլ դա նաև վերածվում է ռազմական բախումների՝ ընդհուպ մինչև երկրի ներսում։ Որովհետև մենք գիտենք՝ կան զոհեր երկրի ներսում, իսկ վագներական խումբն էլ հասնում էր մինչև Մոսկվա»,- նշեց նա։

Դավիթ Կարապետյանը վերահաստատեց՝ իր համոզմամբ խոսքը գնում էր լավ բեմականացված ներկայացման մասին, որի նպատակը գործողություններն այլ դաշտ տեղափոխելն էր՝ տվյալ դեպքում ավելի մոտ Լեհաստանին, ավելի մոտ ՆԱՏՕ-ին։

Նա նշեց, որ դեպքերից երկու օր է անցել, սակայն նպատակն արդեն պարզ է՝ այն է, որ ռուսական զինված ուժերը, գտնվելով Բելառուսի տարածքում, ավելի մոտ լինեն ՆԱՏՕ-ին և արտաքին վտանգի դեպքում կարողանան զսպիչ դերակատարություն ապահովել։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Ռուսաստանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի, փորձեց հասկանալ, թե ովքեր են իր ներքին թշնամիները՝ հատակապես ռազմական գործիչների շարքում, որոնք նման իրավիճակում կփորձեն անցնել վագներականների շարքերը, կդավաճանեն կամ կմնան իշխանությունների կողքին։ «Մի կողմից նաև սա խափս էր աշխարհին, որ անգամ հասունացող ներքին խժդժությունների պայմաններում, որոնք կարող են հեղաշրջման տանել, արյունալի հեղաշրջում տեղի չունեցավ, այն տևեց ընդամենը մեկ օր, արդյունքում քաղաքացիական զոհեր չեղան, միայն զոհվեցին օդային ծառայության մի քանի զինծառայողներ։

Հետևաբար զոհերը պետք է դեմոնստրատիվ ցույց տային, որ այս ամենը բնականոն հունով ընթացող զարգացում է, բայց կրկնում եմ, որ սա լավ բեմադրված ներկայացում էր, որը հետապնդում էր թվարկածս երեք նպատակները»,- կարծում է նա։

Միջազգայնագետը նաև կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի առաջիկա նիստը լինելու է հենց այս կապակցությամբ, քանի որ վագներականներն իրենց 25 հազարանոց զորքով, որը մեծ և լուրջ թվաքանակ է, տեղափոխվում են Բելառուսի տարածք։ Նա նշում է, որ դա ևս մեկ ռազմական ելակետային օջախ է՝ հետագայում Եվրոպայում և, մասնավորապես, Լեհաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերին ընդդիմանալու համար։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական նման զարգացման կրկնությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ մոտ ժամանակներում նման դեպքերի ականատես չենք լինի։ Նա նաև հայտնեց, որ վերջին դեպքերն իրենց նպատակին ծառայեցին՝ մեկօրյա ռեժմով իրականացվեց և մեկօրյա ռեժիմով կանխվեց։ «Հետևաբար ես չեմ կարծում, որ կրկին նման դեպքեր տեղի կունենան, սակայն չեմ էլ բացառում, որ ռազմական ղեկավարությունը կարող է փոխվել, օրինակ՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին փոխարինի մեկ այլ գեներալ»,- ընդգծեց նա։

Մեր հարցին, թե Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, և ինչպիսին պիտի լինի ՀՀ-ի արձագանքը՝ Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է հասկանա և ընդունի, որ դա Ռուսաստանի ներքին գործն է, որևէ միջամտություն տեղին չի լինի, բայց այդ որևէ կողմնապահություն չպետք է դրսևորի՝ մնալով չեզոք դիրքում։

Միջազգայնագետը հավելեց, որ Հայաստանի թշնամին ատամները սրած սպասում է, որ ՌԴ-ի հետ կապված ցանկացած դեպք օգտագործի ի նպաստ իրեն։ Նրա խոսքով՝ տվյալ իրավիճակում թուլացած Ռուսաստանն Ադրբեջանի ուրախությունն է և շարժառիթը, մասնավորապես, Արցախում ինչ-որ պատրվակով ռազմական գործողություններ սկսելու, ընդհուպ մինչև Արցախի մնացած տարածքն օկուպացնելու համար։

«Ես կարծում եմ, որ այս ռիսկը միշտ էլ կա, և այն շատ ավելի կմեծանա, եթե Ռուսաստանի Դաշնությունը պատերազմում պարտություն կրի, կամ իրավիճակը զարգանա ոչ ի վնաս իրեն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան