Երկու լարի վրա խաղալու արվեստը. ՀՀ-ում գործող երկրորդ ընկերությունը հայտնվել է պատժամիջոցների տակ
copy image url

Երկու լարի վրա խաղալու արվեստը. ՀՀ-ում գործող երկրորդ ընկերությունը հայտնվել է պատժամիջոցների տակ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:30 19-06-2023
Պաշտոնական Երևանը ռուս-ուկրիանական պատերազմի մեկնարկից հետո վարում էր չեզոքության, իսկ շատ դեպքերում զգուշավոր չեզոքության քաղաքականություն՝ մի կողմից ձգտելով չվնասել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ կողմից՝ ցանկանալով չհայտնվել արևմտյան պատժամիջոցների և ճնշումների տակ։ Թվում էր թե այս մոտեցումն առավել ընկալելի էր արևմտյան պետությունների համար, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի թիվ առևտրային գործընկերը, ռազմավարական դաշնակիցը և հայկական կողմը չէր կարող վտանգել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները և փոխգործակցության մակարդակը։

Սակայն ժամանակի հետ այս մոտեցումը պահպանելը դառնում էր ավելի դժվար, քանի որ Հայաստանից պահանջվում էր հստակեցնել իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա արեց այս տարվա հունիսի 1-ին՝ Քիշնևում Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, որում ընդգծեց, Երևանը Ուկրաինայի դեմ պատերազմում Մոսկվայի դաշնակիցը չէ։

Հայ-ռուսական առևտրաշրջանառության ընդլայնման ֆոնին օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում գործող արդեն երկրորդ ընկերությունն է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո։ Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ամերիկյան պատժամիջոցների ցանկում էր հայտնվել հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ն, որը զբաղվում է էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների ու մասերի մեծածախ առևտրով։ Պաշտոնական Երևանը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել հարցը՝ տնտեսագետները զգուշացնում են՝ Հայաստանի ուղղությամբ արևմտյան պատժամիջոցների ընդարձակումը լրջագույն խնդիրներ կստեղծի երկրի տնտեսության համար։

Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները խոստանում են ուշադրության կենտրոնում պահել հարցը, մինչդեռ տնտեսագետները զգուշացնում են, որ եթե ՀՀ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն ընդլայնվեն, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի երկրի տնտեսության համար։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն աշխատում է, որպեսզի չխախտի պատժամիջոցները, բայց մյուս կողմից «գործընկերային լինենք և՛ Ռուսաստանի նկատմամբ, և՛ սանկցիաներ կիրառած մեր գործընկերների նկատամամբ»։ Հայաստանի վարչապետը ընդգծում է, որ Երևանը Մոսկվայի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, սակայն չի կարող թույլ տալ, որ այդ հարաբերությունների հետևանքով հայտնվի արևմտյան պատժամիջոցների ներքո։ «Հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»,- հայտնեց նա։

Նկատենք, որ Հայաստանը՝ որպես պետություն որևէ ներգրավածություն չունի պատժամիջոցների շրջանցման հարցում։ ՀՀ պետեկամուտների կոմիտեից պնդում են, որ պարբերաբար հետևում են պատժամիջոցների փաթեթներին և բարելավում են վերահսկողության մեխանիզմները։

Հայտնի է, որ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված հայաստանյան երկրորդ ընկերությունը՝ «Մեդիսար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին, և իր ներկայացմամբ զբաղված է հայաստանյան ընկերություններին արտերկրից քիմիական նյութեր մատակարարելով։ Պետռեգիստրի համաձայն՝ «Մեդիսարն» ամբողջովին պատկանում է Հայաստանի քաղաքացի Մանվել Գաբրիելյանին, ով 2010թ․-ին հիմնադրված մեկ այլ՝ «Խիմմաստեր» ՍՊԸ հարյուր տոկոսանոց սեփականտերն է։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, անցած տարի ընկերությունը երկրի 732-րդ խոշոր հարկատուն էր՝ վճարելով 372.4 միլիոն դրամ կամ մոտ 955 հազար դոլար հարկ։

Բավականին մտահոգիչ է, որ հայաստանյան ընկերությունները հայտնվում են ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Միևնույն ժամանակ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և գործնականում չափազանց դժվար է վերահսկել երկիր ներկրված ապրանքների հետագա ուղեգիծը, որոնք հեշտությամբ կարող են հայտնվել ռուսական կամ բելառուսական շուկայում։

Եթե Հայաստանի իշխանությունները այս հարցում գործնական քայլեր չձեռնարկեն, ապա պատժամիջոցները և դրանց հետևանքները կարող են ընդլայնվել, ինչը Փաշինյանի կառավարությանը կզրկի տնտեսական աճ ապահովելու հնարավորությունից, որի մասին նա հաճախ է բարձրաձայնում։ Այլ կերպ ասած երկու լարի վրա խաղալու քաղաքականությունն աստիճանաբար բարդանալու է, և օրերից մի օր իսկ օրերից մի օր պարզապես անհնար է լինելու, ինչը Հայաստանին կանգնեցնելու է շատ լուրջ մարտահրավերների առաջ։

Ամենից շատ դիտված