Ուղիղ եթեր
ՀՀ-ն պետք է շարունակի աշխատել ՀԱՊԿ-ի հետ, քանի որ ավելի շահեկան լուծումներ չկան
copy image url

ՀՀ-ն պետք է շարունակի աշխատել ՀԱՊԿ-ի հետ, քանի որ ավելի շահեկան լուծումներ չկան

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:00 07-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների խորհրդի նիստին։ Հայաստանի մասնակցությունն այս հանդիպմանը զարմանալի չէր լինի, եթե չլինեին Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունները, ինչպես նաև մայիսի 25-ին կայացած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի պաշտպանության նախարարի չմասնակցությունը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատեց, որ չպարզաբանվեց այն հարցը, թե ինչու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի պաշտպանության նախարարը։ Նրա համոզմամբ՝ այս համատեքստում շատ դժվար է համեմատել, թե որքանով են այս երկուսը փոխկապակցված իրար հետ։

«Ակնհայտ է, որ Հայաստանը թեպետ ՀԱՊԿ-ի քաղաքականության, մասնավորապես ՀՀ սահմանների առնչությամբ դիրքորոշումների վերաբերյալ դժգոհություն արտահայտելու հետ մեկտեղ այնուամենայնիվ աշխատել է և շարունակում է աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այստեղ չեմ կարծում, որ Մինսկում տեղի ունենալիք հանդիպմանը մասնակցելու տեսանկյունից առանձնահատուկ մեսիջների խնդիր կա»,- նշեց նա։

Հակոբ Բադալյանը նկատում է՝ պաշտոնական Երևանը չբացատրեց, թե նախորդ հանդիպմանը ինչու չէր մասնակցում պաշտպանության նախարարը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը չմնասնակցելու հանգամանքն իսկապես անհասկանալ էր։ Նա շեշտում է, որ ընդհանուր առմամբ տվյալ դեպքը բացառություն էր և այնպես չէ, որ Հայաստանը պարբարական դեմարշների մեջ է, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությունը տեղավորվում է սովորական աշխատանքային տրամաբանության մեջ։

Հարցին, թե ճի՞շտ որոշում էր նախորդ հանդիպմանը չմասնակցելը, քաղաքական մեկնաբանը պատասխանեց, որ ցանկացած հանդիպմանը մասնակցելու, կամ չմասնակցելու որոշումը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե դրանով հայկական կողմն ինչ խնդիր է լուծում։ Նրա համոզմամբ՝ տվյալ պարագայում Հայաստանի մասնակցությունը բխում է այն պարզ հանգամանքից, որ Հայաստանը տվյալ կազմակերպության անդամ է, և պետք է աշխատել այն կազմակերպության հետ՝ չնայած միանգամայն հասկանալի դժգոհություններին։ Ինչ վերաբերվում է մասնակցելուն, ապա նա նշում է, որ պետք է հասկանալ, թե դա ինչ նպատակով է արվում և ինչ խնդիր լուծելու ակնկալիքով։

«Քանի որ Մինսկի պաշտպանության նախարարների հավաքին չմասնակցելու որոշումն այդքան էլ հասկանալի չի եղել, բարդ է գնահատել, թե որքանով էր դա արդարացված, որովհետև շատ հնարավոր է, որ պարզապես ունենար ոչ դեմարշային պատճառաբանություն կամ տրամաբանություն։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է աշխատի ՀԱՊԿ-ի հետ՝ անկախ այն դժգոհություններից, որոնք կան, որովհետև համենայնդեպս չաշխատելու պարագայում ավելի նպաստավոր լուծումներ, կամ ավելի շահեկան վիճակ հազիվ թե ստանանք,քան աշխատանքային փորձի դեպքում։ Լայն իմաստով՝ մենք ընդհանուր առմամբ գործ ունենք միջազգային անվտանգության համակարգի տրանսֆորմացիաների հետ, որին ենթակա է լինելու նաև ՀԱՊԿ-ն»,- նկատեց նա։

Հարցին, թե առաջիկա նիստից ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել՝ քաղաքական մեկնաբանը նշեց, որ հազիվ թե շրջադարձային զարգացումներ լինեն, քան մենք տեսնում ենք այսօր, և այս տեսանկյունից ԱԽ քարտուղարների հանդիպումն աշխատանքային գործընթաց է, որն արտացոլում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Նա մասնավորապես հիշատակեց ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ լարվածության որոշակի նոր ալիք և բնույթ է ձևավորվում։

«Խոսքն այն մասին է,որ տեսնում ենք, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով ինտենսիվ կերպով թիրախավորվում է Ռուսաստանի տարածքը, և միևնույն ժամանակ ականատես եղանք Կախովյան ՀԷԿ-ի նկատմամբ իրականացված գործողությանը, որի համար կողմերը միմիյանց են մեղադրում, բայց պարզ է, որ ինչ-որ մեկն արել է այդ գործողությունը։ Սա աննախադեպ է նաև նրանով, որ փաստացի տեղի է ունենում մի օբյեկտի թիրախավորում, որը կարող է տեխնոծին աղետի պատճառ դառնալ։ Սա ուկրաինական պատերազմում իսկապես նոր մակարդակ է»,- շեշտում է նա։

Բադալյանը հավելեց, որ այս ամենն իր արտացոլումն ունենալու է ՀԱՊԿ-ում ընթացող քննարկումների վրա, և սա ևս մեկ հանգամանք է, որի ուղղությամբ պետք է աշխատել, անկախ այն բանից մեր խնդիրների նկատմամբ ՀԱՊԿ-ի վերաբերմունքից դժգո՞հ ենք, թե՞ ոչ։ Նրա համոզմամբ՝ այստեղ մեր շահերը պաշտպանելու անհրաժեշտություններ կան, որոնք պետք է անել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը