Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան
copy image url

Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:30 01-06-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն: Այս մասին Փաշինյանն ասել է CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի կերպով արգելափակվել է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

«Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ ապահովելու համար: Եվ համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ միջանցքի նկատմամբ չպետք է ունենա: Ընդ որում՝ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Արգելափակումը, այդ բերումով, ապօրինի է»,-ասել է նա:

Հայաստանի վարչապետը հայտնել է, որ միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որովհետև նախ մարդիկ զրկված են տեղաշարժի իրավունքից, երկրորդ՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները տեղի են ունենում ընդհատումներով՝ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով:

«Եվ դրա հետևանքն այն է, որ մարդիկ ապրանքներ խանութներից կարող են գնել միայն կտրոններով, որոնք թողարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից, որպեսզի սննդի պաշարները կարողանան կառավարել:

Նախորդ տարվա դեկտեմբերից շարունակական բնույթ են կրում Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի անջատումները, և այս պահին էլ բնական գազ և էլեկտրական էներգիա Լեռնային Ղարաբաղին չի մատակարարվում: Ձմռան ամիսներին դրա ամենակարևոր հետևանքն այն էր, որ փակվել էին բոլոր դպրոցները և մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և շուրջ 30 000 երեխաներ և ուսանողներ զրկվել էին կրթության իրավունքից: Իհարկե, եղանակների տաքացման հետ, արդեն և՛ մանկապարտեզները, և՛ դպրոցները, և՛ բուհերը բացվել են, և կրթական պրոցեսը վերականգնվել է»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ 2023 թվականի արդեն փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելու քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանն այդ որոշման պահանջը, որն իրավական պարտադիր ուժ ունի, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը միջազգային բարձրագույն դատական ատյանն է, ըստ էության, ոչ միայն չկատարեց, այլև մոտ տասն օր առաջ ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում: Սա արդեն ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլև Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման խախտումն է:

Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենն անում: Մեր գնահատականը և համոզմունքն այն է, որ սրանք առանձին վերցրած գործողություններ չեն, այլ նախապատրաստություններ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, երբ խոսքը գնում է էթնիկական զտումների մասին, խոսքը այն մասին է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված