Երևան +11°
Ներքին 1 տարի առաջ - 21:35 31-05-2023

Հասարակ խմբապետից մինչև ռազմական նախարար․ այսօր զորավար Դրոյի ծննդյան օրն է

Դրոն գործի մարդ էր։ Ծառայությունը հայրենիքին, նրա ըմբռնմամբ, ոչ թե կոչում էր, այլ գործ՝ այդ բառի բուն իմաստով, դա կենսական անհրաժեշտություն էր, պարտավորություն, ուստի Դրոն երբևէ հուսահատված կամ խռոված չլքեց իր պայքարի մարտադաշտը՝ չսպասելով փառքի դափնիների․․․

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության զորավար, ֆիդայի, վրիժառու, Առաջին հանրապետության ռազմական նախարար (1920 թվական) Դրաստամատ Կանայանի ծննդյան օրն է։

Կյանքի օրոք նրան շատերը չէին սիրում՝ համարելով, որ խմբապետը չի կարող կանոնավոր բանակ ունենալ և ղեկավարել այն, առավել ևս կառավարության մաս կազմել։ Դրոյին մեղադրում էին հախուռն ու կոշտ բնավորության, երբեմն նաև դաժանության համար։ Սակայն միգուցե հենց մարդկային այս հատկանիշների շնորհիվ նա կարողացավ անուրանալի ծառայություններ մատուցել իր հայրենիքին ու ժողովրդին։



Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884 թ․ մայիսի 31-ին Սուրմալուի գավառի Իգդիր ավանում։ Դրոն դեռ մանկուց ռազմական հակումներ էր ցուցաբերել։ Նա հետաքրքրված էր ձիավարությամբ, մեծ ոգևորությամբ պատանեկան տարիներից լսում էր ֆիդայական պատմությունները։

1903 թ․՝ 19 տարեկանում, Դրոն անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը։

1905 թվականին Բաքվում սկիզբ են առնում հայ բնակչության կոտորածներ, որոնք հրահրվում էին ցարական իշխանությունների կողմից։ Դրոն գաղտնի թողնում է զորանոցն ու դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, շտապում օգնության ձեռք մեկնել հայությանը։ 1905 թվականին կուսակցության նախաձեռնությամբ սպանել է Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին՝ հայ բնակչության կոտորածների գլխավոր կազմակերպչին։ Դրոյի գործողություններից նշանավոր է նաև ազերի գեներալ Ալեխանդրո Արվանսկու սպանությունը։ Այդ ժամանակ Դրոն ընդամենը 21 տարեկան երիտասարդ էր, սակայն Նիկոլ Դումանը Դրոյին է վստահում հայության պաշտպանության պատասխանատու գործը։ Բաքվից հետո Դրոն շտապում է Երևան, ապա Նախիջևան։



Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար։ Թշնամու դավադիր գնդակից վիրավորված Դրոն պառկած էր Թիֆլիսի հոսպիտալներից մեկում։ Այստեղ նրան է այցելել հենց ինքը՝ Նիկոլայ ցարը՝ շքանշան հանձնելով քաջ զինվորականին։

Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետը Բաշ-Ապարանի ճակատամարտն է։ Նա ոչ միայն 6000 մարտիկներով կարողացավ կանգնեցնել թուրքական 13․000-անոց բանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան։

1919 թ․ Դրոն Սյունիքում ու Արցախում էր․․․ 1920 թվականի մարտի 22-ի երեկոյան՝ իսլամական Նովրուզ-Բայրամի օրը։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր՝ 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը։ Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր։ Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել Արցախին։ Ապրիլի 14-ին Դրոյի զորագունդը մտնում է Շուշի։ Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»։ Ցավոք, բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրման երազանքը չի իրագործվում։



Երկրորդ համաշխարհայինի տարիներին Դրոն, մեծ մասամբ Գերմանիան կառավարող կլանի հետ իր անձնական կապերի շնորհիվ փրկելով Եվրոպայի հայությանը նացիստական Գերմանիայի կոտորածից և նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ Գերմանական բանակի գեներալ։ Հասկանալի է, որ ֆաշիստական բանակի պարտությունից հետո ի չիք եղան նաև Դրոյի ծրագրերը, սակայն նաև նրա գործուն ջանքերի շնորհիվ եվրոպաբնակ հայերը չարժանացան հրեաների ճակատագրին։