copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:05 31-05-2023

Ո՞ր նորմալ հայը կարող է լավ զգալ նրա համար, որ մենք չենք կարողանում Լաչինը ինքներս վերահսկել․ Սինանյան

Դիվանագիտության մեջ պրոտոկոլ կա, և կան արտահայտություններ, որոնք ստանդարտ օգտագործվում են, և դրանից կախվելը և մեծ իմաստ դնելը ժամանակի վատնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին եւ հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինչու է կարևոր այդ հանդիպումը, որովհետև առավոտյան երբ արթնանում ենք հետևյալ իրականության մեջ, 85 միլիոն բնակչություն ունեցող հարևան ունենք, անունը Թուրքիա, և նա ունի վերընտրված նախագահ, և մենք մի պետություն ենք, որը պետք է ապրի: Հետևաբար դա նշանակում է, որ մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ: Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը և հարցին՝ արդյո՞ք ինքը կիսում է այդ տեսակետը, Սինանյանը պատասխանեց.
«Հասկանում եմ, որ երկու պետությունները որպեսզի տարածքային հավակնություններ չունենան, ճանաչում են իրենց երկկողմանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ իրենց բնիկ հողի վրա բնակվում են հայեր, և այնտեղ կա այդ մարդկանց ինքնորոշման խնդիր: Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող են 1920 թվականի ռուս-բոլշևիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակումը Հայաստան. սկսե՞նք այդտեղից: Կան պատմագետներ, որոնք լավ ծանոթ են մեր պատմությանը եւ գիտեն՝ որտեղից է դա գալիս»:

Նա նշեց, որ այդ հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքների հետ:
Ճշտող հարցին՝ նախկին իշխանությունները ներքաշեցի՞ն պատերազմի մեջ, Սինանյանն ասաց. «Իհարկե, երկիրը թույլ պահելով»:

Զարեհ Սինանյանը անհասկանալի է համարել «անցանկալի անձանց» մուտքը Հայաստան արգելելը։

«Որոշման կայացմանը ես չեմ մասնակցել: Դիմեք ԱԱԾ-ին: Երբ որոշումը կայացվել է, ես դիրքորոշումս հայտնել եմ վարչապետին, քանի որ ես ենթարկվում եմ վարչապետին: Ես ասել եմ, որ իմ աշխարհընկալմամբ դա անհասկանալի է, դեմ է, բայց ասեմ, որ այն քայլերին, որոնք դիմել են այդ մարդիկ, պարզապես բարոյականության բոլոր սկզբունքներին դեմ են:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ծուղակ ստեղծել՝ դարանակալել վարչապետին կամ շքախմբին, հյուրանոցում փորձել հարձակվել, ինչ է նշանակում ձու նետել մեր պետության դրոշը կրող մեքենայի վրա: Երբ նման բան են անում, մտածո՞ւմ են հետեւանքների մասին: Կարծիքս ի գիտություն է ընդունվել, անցել ենք առաջ»:

Սինանյանն ասաց, որ փիլիսոփայորեն է մոտենում իրեն Սփյուռքում վատ ընդունելու դեպքին:

«Մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից: Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա, մեկը որ զուտ կուսակցական է, կոնկրետ մի կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել և շատ վատ հետք է թողել իր հետևից, նրանց կողմից դա կազմակերպվում, թե ինչու են դա անում, իրենց հարցրեք: Մյուսն էլ՝ մի տեսակ արդեն նոր երևույթ էր: Մարդիկ էին, որոնք Հայաստան հիմնադրամին տված գումարներն էին պահանջում: Թե ինձնից ինչու էին պահանջում, իրենց ովքեր էին, և ինչ գումար և ում էին տվել»,- նշեց Սինանյանը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում երբ կա քաղաքական լարվածություն, Սփյուռքում կա մի խավ, որը ենթարկվում է կոնկրետ շարժման կամ ուժի, եւ, ըստ նրա, անհնար է, որ չլինեն մարդիկ, որոնք ինչ-որ ձևով չուզեն իրենց դժգոհությունն արտահայտել.

«Եթե ես գտնեմ, որ այնտեղ բովանդակային խնդիր կա, որի հետեւից գնալ է պետք, ապա կգնամ: Այս դեպքում, որ մարդիկ եկել ու ասում են՝ փողերս հետ տուր, հետևաբար բան չկա ինձ համար»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Սփյուռքում պասիվ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններին և Հայաստանի անվտանգային հարցերին, և հարցին՝ ինչո՞ւ Սփյուռքն ակցիաներ չի կազմակերպում, Սինանյանն ասաց.
«Բոլորը, այդ թվում՝ Սփյուռքում շատ ընկճված են այդ անպաշտպանվածության զգացումից: Ո՞ր նորմալ հայ մարդը կարող է լավ զգալ նրա համար, որ մենք չենք կարողանում Լաչինը ինքներս վերահսկել, այն մարդիկ, որոնք պիտի վերահսկեն, հակառակը չեն վերահսկում եւ հանձնում են ադրբեջանցիներին. իհարկե տրամադրությունները շատ վատ են:

Մենք կողմ ենք ակցիաներին, չենք ուզում խառնվել այլ երկրների քաղաքացիների գործողություններին, բայց եթե իրենք իրենց ցասումն արտահայտում են, ինչպե՞ս կարող ենք մենք դրան դեմ լինել: Մեզ այսօր պետք է ոչ թե դժգոհություն, հիասթափություն, այլ պետք է գործողություն, այսինքն՝ գործողություն, որը կբերի արդյունքի: Ցանկացած գործողություն, որը մեզ կօգնի օրինակ՝ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն իրենց հողի վրա հանգիստ ապրելուն, եւ մեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ սահմանները պաշտպանելուն»:

Ամենից շատ դիտված