Երևան +10°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:41 01-03-2022

Նստած մտածում եմ՝ այդ ի՞նչ տվյալ կա, որը մենք չենք փոխանցել. Զարեհ Սինանյան

Ուկրաինայում շարունակում է իրավիճակը լարված մնալ, մինչ այժմ այնտեղ կան ՀՀ քաղաքացիներ, որոնց վերադարձի համար ՀՀ ԱԳՆ-ն որևէ էական քայլ չի ձեռնարկում։ Կան նաև քաղաքացիներ, ովքեր ոչ մշտական բնակության համար՝ գործով են գնացել Ուկրաինա և չեն կարողանում վերդառնալ ՀՀ։

Oragir.news-ը զրուցեց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ՝ հարցնելով, թե հանձնակատարը քայլեր ձեռնարկո՞ւմ է Ուկրաինայում գտնվող հայերին աջակցելու համար, տեղյա՞կ է՝ կա՞ն ՀՀ քաղաքացիներ, որոնք կարողացել են Հայաստան վերադառնալ։ Սինանյանն ասաց՝ վստահ չէ, որ կան նման քաղաքացիներ, որովհետև նման փաստ չգիտի. «Քանակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ կլինեն։ Մենք ամեն օր տասնյակ մարդկանց հետ ենք խոսում, նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք ու հիմա մարդկային հոսքեր են, որի արդյունքում համոզված եմ, որ անխուսափելի է, որ ՀՀ քաղաքացիներ այլ երկրի սահման են հատել՝ Ուկրաինայից հեռանալու համար։

Մեր հարցին, թե այն քաղաքացիները, ովքեր ոչ մշտական բնակության համար, այլ գործով են գնացել Ուկրաինա և չեն կարողանում ՀՀ վերդառնալ, ի՞նչ պետք է անեն, պատասխանեց, որ կան նման քաղաքացիներ, ու համոզված է, որ դժգոհ են, բայց համոզված չէ, թե ումից են դժգոհ, որովհետև իրենք այնտեղ հայտնվել են պատերազմական վիճակում. «Բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան պատերազմական գորտի է ու ամբողջ օդային տարածքը փակ է։ Փակ է նաև ՌԴ օդային տարածքը, որը լուրջ լոգիստիկ խնդիրներ է առաջացնում ոչ միայն այդ անձանց համար, այլև մեզ համար, եթե անգամ պատրաստակամություն ունենք մարդկանց օգնելու՝ շատ քիչ բան կարող ենք անել, հետևաբար, այո՛ , համոզված եմ , որ նման մարդիկ կան ու պատկերացնում եմ, թե ինչպիսի՞ իրավիճակում են նրանք հայտնվել, բայց սահմանափակ են մեր հնարավորությունները նրանց օգնելու համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե պարբերաբար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների կողմից , որ ԱԳՆ-ն և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը որևէ տվյալ չի տրամադրում ու չի ներկայացնում, թե ի՞նչ քայլեր են արվել պետության կողմից, ասաց, որ գրասենյակը մի քանի անգամ և մի քանի ձևերով փոխանցել է այն տեղեկությունները՝ որոնք ունեն։ Տեղեկությունները, Սինանյանի խոսքով, հիմնականում վերաբերում են անցակետերին՝թե ու՞ր պետք է գնան քաղաքացիները, ո՞ր ուղղությամբ շարժվեն, որ հետագայում երրորդ երկրի միջոցով հայտնվեն ՀՀ-ում կամ մեկ այլ վայրում։

«Դրանից ավել տեղեկություն ոչ միայն չունեն, այլև չեն կարող տարածել։ Ես կուզեմ իմանալ, թե ի՞նչ դժգոհություններ են արտահայտում մեր գրասենյակի համար, ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում։ Հիմա նստած մտածում եմ, ի՞նչ տվյալ կա, որը մենք չենք փոխանցել։ Երբ ռազմական գործողությունները չէին սկսել, մենք մեր հայրենակիցներին փոխանցում էինք, որ դիմեն համապատասխան դեսպանատան և գլխավոր հյուպատոսարաններ՝ Կիևի և Դոնի Ռոստովի, և տեղեկացնում էինք, որ սա է տեղի ունենալու և ինչ փաստաթղթային խնդիր ունեին պետք է արագ լուծեին և հեռանային երկրից։ Իսկ հիմա , երբ ֆիզիկապես անհնար է դարձել մուտք գործել Ուկրաինա և շատերի համար անհնար է դարձել այնտեղից հեռանալը, ի՞նչ տվյալ է, որ մենք կարող էինք փոխանցել, բայց չենք արել»։

Մեր հարցին, թե որևէ կերպ հնարավո՞ր է ստանալ տեղեկատվություն, թե մեր քանի՞ հայրենակից է ներգրավված ռազմական գործողությունում՝ ասաց. «Քանի որ Ուկրաինայի ողջ տարածքը պատերազմական գոտի է, մենք պետք է ենթադրենք, որ ռազմական գործողություններում ներգրավված են կես միլիոն հայ, այսինքն այնքան՝ ինչքան հայ ապրում է այնտեղ, նաև այն հայերը՝ ովքեր ՌԴ զինված ուժերում են ծառայում։ Եթե մենք հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր զենքը ձեռքին մարտնչում են այս կամ այն բանակի դեմ՝ իհարկե մենք տվյալ չունենք և չենք էլ կարող տրամադրել։ Դա կարող է ունենալ ՌԴ ԶՈՒ և Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերը, կամավորական ջոկատները։ Պետականորեն և պրակտիկորեն անհնար է այդ թիվը պարզել»։


Քնարիկ Պետրոսյան